Վրաստանն աշխատում է այն ուղղություններով, որոնք ակտուալ կլինեն կողմերի համար. վրացագետ

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով Ադրբեջանում է. արդեն կայացել է Ղարիբաշվիլի-Ալիև հանդիպումը:

Այցի նախօրեին Իրակլի Ղարիբաշվիլին ասել էր, որ մոտ ժամանակներս այցելելու է նաև Հայաստան և հույս ունի դրական դեր խաղալ հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում: Ավելի վաղ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր՝ Վրաստանը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ ստեղծել հարթակ Թբիլիսիում հայկական և ադրբեջանական կողմերի միջև բարձր մակարդակի շփումների համար:

Վրացագետ Ջոնի Մելիքյանը դրական է գնահատում Վրաստանի՝ միջնորդական առաքելությամբ հանդես գալու ցանկությունը և հիշեցնում՝ Վրաստանի կողմից արդեն մի փորձ արվել է գերիների վերադարձի առնչությամբ:

«Այս պարագայում Վրաստանն աշխատում է այն ուղղություններով, որոնք ակտուալ կլինեն կողմերի համար: Շատ հստակ է՝ ինչ էլ լինի՝ Երևանը և Բաքուն պետք է հավանություն տան, որ Վրաստանի այդ հարթակն օգտագործվի: Բայց այսօր արդեն կան բանակցությունների մի քանի ձևաչափեր,- 168.am-ի հետ զրույցում նշեց վրացագետը՝ մանրամասնելով,- Առաջինը և ամենակարևորը վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ-ին. այդ մանդատի շրջանակներում կարգավիճակի և այլ հարցերի շուրջ բանակցությունները շարունակվելու են, զուգահեռ՝ հունվարի 11-ի որոշումների հիմքի վրա ստեղծվել էր փոխվարչապետների ֆորմատը, որը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով: Վրաստանի միջնորդությամբ որոշ հումանիտար հարցեր կարող են լուծվել, բայց այստեղ պետք է նկատի ունենալ, որ հումանիտար հարցերով, ռազմագերիների վերադարձի հարցերով զբաղվել է նաև Արցախում ռուս հրամանատարությունը, դրա համար՝ ինչքանով և որ հարցերի շուրջ կարող է Թբիլիսին աջակցել, թերևս, այս այցերի շրջանակներում պարզ կդառնան»:

Ջոնի Մելիքյանի կարծիքով, գուցե այդ ֆորմատը ներառի քաղհասարակության ներկայացուցիչների միջև հանդիպումներ, մասնագիտական հանդիպումներ, ինչը Վրաստանում տարիների ընթացքում եղել է.

«Վրաստանը նույնիսկ 90-ականների պատերազմի ֆոնին և պատերազմից հետո որպես այդպիսի պլատֆորմ հանդես եկել է: Դա նորություն չէ Վրաստանի համար. ուրիշ բան, որ այսօր Վրաստանի վարչապետը  փորձում է նաև կապիտալիզացնել այդ քայլերը, իր ներքին սպառման համար օգտագործել՝ այդպիսով բարձրացնելով նաև վարկանիշը, քանի որ այդպիսի ակտիվությունը  թե՛ Վրաստանի ներսում, և թե՛ Վրաստանից դուրս ցույց է տալիս, որ Վրաստանն այս տարածաշրջանում խաղացող է և որոշ գործընթացների մաս է կամ նախաձեռնությամբ է հանդես գալիս»:

Վրացագետը, սակայն, հավելեց՝ թեև Թբիլիսիից նման «ճոխ» հայտարարություններ են արվում, սակայն թե ինչպիսին կլինի իրականությունը, Բաքվի և Երևանի  համատեղ կոնսենսուսային որոշումը կլինի:

Տեսանյութեր

Լրահոս