«Իրանը զարմանքով է ընդունում այն պահվածքը և դիրքորոշումը, որն այսօր ցուցաբերում է ՀՀ ղեկավարությունը». Գագիկ Հարությունյան
Սեպտեմբերի 12-ից թշնամին Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղադրել է ոստիկանական անցակետ և Իրանից Հայաստան մտնող բեռնատարների վարորդներից գումարներ է գանձում։ Երկու օր անց թշնամին ձերբակալել էր նաև իրանցի երեք վարորդների՝ նրանց մեղադրելով «Ադրբեջանի տարածք» ապօրինի մուտք գործելու համար։
Նույն այդ հատվածում թշնամին երեկ կանգնեցրել է հայկական ավտոբուս, որտեղ արցախցի երեխաներ են եղել, և ավտոբուսի վրայից երեխաների աչքի առջև դանակով մաքրել Արցախի դրոշը։
Այս միջադեպի հետ կապված իշխանության ներկայացուցիչների հայտարությունները գրեթե չեն տարբերվում Ադրբեջանի իշխանությունների հայտարություններից։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ Որոտանի այդ հատվածը դուրս է ՀՀ տարածքից, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց, որ Ադրբեջանի այդ գործողություններն ուղղված են իրանական կողմին։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին և դրա հետևանքներին՝ Հայաստանի ու Սյունիքի անվտանգությանը, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանն ասաց՝ այն, ինչ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանն անվանում էր ճանապարհների ապաշրջափակում, դրանով այսօր Հայաստանը լիովին հայտնվում է ապաշրջափակման մեջ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից։
«Այս ամենը, ինչ կատարվում է, կապիտուլյացիայի երկրորդ քայլն է։ Ի դեպ, վերջին հայտարարությունների համաձայն՝ ոչ միայն իրանական բեռնատարներ են հարձակման ենթարկվում, այլև հայ զինվորներին հաց տանող մեքենաների վրա են հարձակվում։ Այս ամենը պատերազմի երկրորդ փուլն է, ունենալով հզոր տնտեսություն՝ Թուրքիան և Ադրբեջանը գնում են այդ քայլին, ավելին՝ եթե այսպես շարունակվի, կլինի պատերազմի երկրորդ և երրորդ փուլերը։ Հայտնի փաստ է, որ թշնամին զավթել է մեր հողերը, իսկ մեր իշխանությունը հայտարարում է, որ դա ուղղված է Իրանի դեմ, որը մեր միակ սահմանային հարևանն ու դաշնակիցն է մնացել»,- նշեց Գագիկ Հարությունյանը։
Ըստ նրա, Ադրբեջանի այս գործողությունները տարբեր նպատակներ են հետապնդում, այստեղ ոչ միայն Արցախի խնդիրն են ուզում լուծել, այլև հայ-իրանական հարաբերությունները խզել։ Այստեղ կարևոր է նաև Իսրայելի դիրքորոշումը, որն ամեն ինչ անում է, որպեսզի Իրանը հայտնվի շրջափակման մեջ։
Նրա կարծիքով՝ Իրանում իրավիճակը լավ են հասկանում, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի Իրանի ու Հայաստանի միջև եղած կապերը խզեն։
«Իրանը զարմանքով է ընդունում այն պահվածքը և դիրքորոշումը, որն այսօր ցուցաբերում է ՀՀ ղեկավարությունը»,- հավելեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրին», որի վերաբերյալ վերջին երկու օրերին հրապարակումներ եղան, Գագիկ Հարությունյանը նկատեց՝ փաստորեն այդ պայմանագրի վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները նախապես ձեռք է բերվել բանավոր կարգով։
«Այս պայմանագիրը նշանակում է Հայաստանի մնացորդների գոյությունը դնել հարցականի տակ և վերջակետ դնել ՀՀ ինքնիշխանությանը։ Օրինակ, ԱԺ նախագահը խորհրդարանում հայտարարում է, թե ապատեղեկատվություն է այն, որ Ադրբեջանում հայ գերիներին խոշտանգում են։
Սրանք լրիվ զոմբիացված անձնավորություններ են, հայկականության որևէ նշույլ չունեն, որովհետև ամեն մի նորմալ մարդ, որը կարդացել է, գիտի, թե ինչ դաժանությամբ են վերաբերվում հայ ռազմագերիների հետ։ Այս իշխանությունների քայլերին որևէ մեկնաբանություն տալն ավելորդ է»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։