Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի գործողությունները ուղղված են իրանական կողմին. Անդրանիկ Քոչարյան
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ ճեպազրույցում հայտարարեց, որ ադրբեջանական ոստիկանության գործողությունները միտված են իրանական կողմին:
«Եթե շատ խորը նայենք, դա կարող է կապված լինել Նախիջևանից Իրան գնացող բեռների ինչ-որ բարդույթների հետ: Բայց ես չեմ ուզում քննարկել. իրենք կանգնեցնում են իրենց տնօրինման տակ գտնվող ճանապարհահատվածում իրանական բեռնատար մեքենաները, գումար են պահանջում, շատ դեպքերում՝ գումարը վերցնում են, կամ գումարի մասին պայմանավորվածություն են ձեռք բերում, որ հաջորդ անգամ կվերցնեն: Դրանք ապօրինի գործողություններ են ըստ իս, որևէ ձևով մինչև հիմա չեն առնչվել հայկական տրանսպորտային միջոցներին և մարդատար փոխադրամիջոցներին»,- հավելել է նա:
Նա վստահեցրել է, որ այլընտրանքը հանգուցալուծման քայլերից մեկն է, որը անիմաստ է դարձնում ադրբեջանական կողմից գործողությունները. «Իսկ այլընտրանքը մենք անում ենք, որպեսզի նույնիսկ այն դեպքում, որ իրանական բեռնատար մեքենաները կանգնեցնելու և գումար գանձելու խնդիր առաջանա, վարորդները հնարավորություն ունենան շրջանցել այդ հատվածը՝ 3.5 կմ հատվածի մասին է»:
Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանն ասում էր, որ Գորիս-Կապան 21 կմ-անոց հատվածի շուրջ եռակողմ փաստաթուղթ չի ստորագրվել, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ 2020 թ. դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս ճանապարհը պետք է անարգել օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար, և, որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել օտարերկրյա բեռների հարցը, և հարցին՝ եթե փաստաթուղթ չկա, բանավո՞ր էր այդ պայմանավորվածությունը, ո՞ւմ հետ և ինչպե՞ս էր հնարավոր այնտեղ չդիտարկել Իրանի հետ անարգել հաղորդակցությունը՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց.
«Դա եռակողմ պայմանավորվածություն կարող է լինել, և այնտեղ անարգել շահագործելու հետ կապված՝ մենք պետք է իրականացնենք այդ ծրագրերը ճանապարհի այդ հատվածներում՝ չառաջացնելով լարվածություններ:
Հիմա առաջացել է լարվածություն, լարվածության կոնկրետ խնդիր է առաջացել այդ 3.5 կմ հատվածի հետ կապված, որը, երբ շրջանցման ալտերնատիվները ֆիքսում ենք և իրացնում ենք, այդ լարվածության օջախը վերանում է: Հիմա այդ 21 կմ-ի հետ կապված խնդիրներ ունեցել ենք 1990-ականներին. կռիվը սկսել է հենց այդ հատվածներում, և մեր խնդիրն է՝ հրադադարի ռեժիմի խախտման փուլը չտեղափոխեն ճանապարհային հատված, որովհետև հրադադարի խախտումը որևէ լավ բանի մեզ չի բերելու»:
Նա հավելեց, որ այդ խնդիրների լուծումը պետք է գտնել եռակողմ ձևաչափի շրջանակներում՝ ՌԴ ակտիվ մասնակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում