Գլխավոր դատախազը բժիշկներին հավաստիացրել է, որ Չարչյանի գործով հրատապ նիստ գումարելու միջնորդություն կներկայացնի

Մի խումբ բժիշկներ ի աջակցություն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի՝ այսօր կրկին հավաքվել էին գլխավոր դատախազության մոտ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արմեն Չարչյանը այս գիշեր կալանավայրից գրեթե անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Բժիշկները ցանկանում էին հանդիպել գլխավոր դատախազի հետ՝ նրան ներկայացնելու Չարչյանի առողջական վիճակը, որը, իրենց պնդմամբ, անհամատեղելի է կալանավորման հետ:

«Հանդիպեցի անձամբ գլխավոր դատախազի հետ: Տեղի ունեցավ զրույց, պարոն դատախազը ուշադիր լսեց ինձ: Ներկայացրեցի Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին, ներկայացրեցի նրա մոտ առկա ծանր ախտաբանության, ծանր բարդությունների մասին: Քանի որ Չարչյանը կալանավորված է, շատ բաների ես չեմ կարող հիմնավոր պատասխանել, այնտեղ էլ չպատասխանեցի, բայց ընդհանուր առմամբ ներկայացրեցի հիվանդագին վիճակը, փորձեցի հիմնավորել տարբերությունը հիմա քաղաքացիական բժշկական կազմակերպությունում նրա գտնվելու, բուժման և բուժման արդյունավետության հավանականության մասին և առանց կալանավորվելու, ազատության մեջ գտնվելու պայմաններում ևս քաղաքացիական բժշկական կազմակերպությունում բուժման արդյունավետության մասին: Հիմնավորեցի, որ երկրորդ դեպքում բուժումն ավելի արդյունավետ է, ավելի մեծ արդյունքների կարելի է հասնել: Թեև հիմա էլ շատ դժվար է զսպել, կառավարել այդ հիվանդությունը…

Պարոն դատախազը ուշադիր լսեց, մի փոքր ճշտելու համար հարցեր տվեց, պարզաբանումներ ներկայացրեցի, որքանով որ տեղյակ եմ փաստաբանի հետ զրույցներից, ներկայացված առողջական վիճակի փոփոխություններից: Ինձ հավաստիացրեց, որ իրենց նպատակը չէ Արմեն Չարչյանին պահել անազատության մեջ, այսինքն՝ սա ինքնանպատակ չի իրենց համար, պարզապես իրավական գործընթացն է այդպես: Ես նորից հիմնավորեցի, որ մենք այստեղ առողջական վիճակի խիստ վատթարացում ունենք: Պարոն դատախազն ինձ ճանապարհ ցույց տվեց, ասեց՝ միանշանակ կողմ է իմ՝ այս դիրքորոշմանը, պարզապես համապատասխան ախտորոշումների հիմնավորումներ է պետք ներկայացնել, և համապատասխան ախտաբանական վիճակների և նրանց հետազոտությունների հիմնավորումը ներկայացնելու դեպքում՝ հավաստիացրեց, որ ամեն ինչով մեզ կօգնի, ինքը ևս կմիջնորդի, չգիտեմ՝ գլխավոր դատախազը, թե գլխավոր դատախազությունը, համենայն դեպս այս կառույցը, հրատապ նիստ հրավիրել և ըստ էության մեր խնդրանքը բավարարել»,- ասաց դատախազի հետ հանդիպած բժիշկ Սամվել Սահակյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքով գործը դատարանում է, գործով դատավոր Վահե Միսակյանն այս պահին գտնվում է արձակուրդում, իսկ առաջիկա նիստը նշանակված է հոկտեմբերի 1-ին: Սակայն Արմեն Չարչյանի առողջական վիճակով պայմանավորված՝ նրա պաշտպանը միջնորդել է  հրատապ նիստ հրավիրել ու քննել պատգամավորի նկատմամբ կիրառված կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը:

Տեսանյութեր

Լրահոս