Արմեն Չարչյանը գիշերը գրեթե անգիտակից վիճակում կալանավայրից տեղափոխվել է հիվանդանոց. Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանն այս գիշեր կալանավայրից գրեթե անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, առողջական վիճակում կան բարդացումներ, թոքաբորբ ու ավելացվել է ինսուլինի չափաբաժին: Չարչյանին տեսակցելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Բժշկական նորմատիվներով 60-ից բարձր ինսուլինային չափաբաժինը արդեն իսկ ենթադրում է կրիտիկական վիճակ: Որ ճիշտ պատկերացնեք՝ այս պահի դրությամբ Արմեն Չարչյանը ստանում է 100-ից բարձր ինսուլինային բաժին: 60-ից բարձրն արդեն իսկ ենթադրում է լուրջ խնդիր, ընդհուպ՝ մինչև կալանքի հետ անհամատեղելիություն: Մենք այսօր խոսում ենք 100-ից բարձր միավորի մասին: Երկրորդ հանգամանքը, որը նախկինում մեր այցի ժամանակ չկար, դա Արմեն Չարչյանի մոտ զարգացած թոքաբորբն է, ստուգել են, համապատասխան ԿՏ հետազոտություն են արել և պարզել են, որ կա նաև թոքաբորբ:
Վիճակը, եթե ես փորձեմ իմ աչքով համեմատական տանել, ակնհայտ է, որ ինտենսիվ բժշկական հսկողության տակ գտնվելը որոշակի կայունացման հանգեցրել է, բայց թոքաբորբի պայմանը և ինսուլինի նման միավորը իսկապես ծայրահեղ վիճակ է փաստացի առաջացնում: Այլ հարց է, որ Արմեն Չարչյանի դիմադրողականությունը, տեսակը մի քիչ տարբերվում է: Բայց կրկին բավականին դժվար էր խոսում: Իսկապես հասկացանք, որ իրեն դժվար է մեզ հետ հաղորդակցվելը, փորձեցինք դա հնարավորինս սահմանափակել: Զուտ տեսանք, թե ինչպիսի պայմաններում է, ինչպես է իրեն զգում ընդհանուր առմամբ: Կարող եմ ասել, որ իր կամքը, իհարկե, տեղն է: Բայց նման պայմաններում մարդուն կալանավորումը դեռևս որպես փաստացի խափանման միջոց ընտրած պահելը խոշտանգում է, դա մարդասիրական ցանկացած մի արժեքի ոչնչացում է»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Վարդևանյանի խոսքով՝ իրավապահ համակարգում միանշանակ չէ վերաբերմունքը Արմեն Չարչյանի նկատմամբ կատարվողի առնչությամբ: Պատգամավորը վստահեցրեց՝ Չարչյանի նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է քաղաքական բաղադրիչով:
«Դա իշխանական դիրքից ճնշումն է, հետապնդումն է, որը մենք տեսնում ենք»,- ասաց Վարդևանյանը՝ նշելով, թե իր տպավորությամբ՝ Չարչյանին ավելի վաղ մասնավոր բժշկական հաստատություն տեղափոխելու դեպքում հնարավոր է, որ նրա վիճակն ավելի կայուն լիներ:
Մանրամասները՝ տեսանյութում