Գազի գնի բանակցությունների արդյունքը հայտնելու է Ձմեռ պապը
Տարին մոտենում է ավարտին, իսկ գազի գնի հարցով բանակցություններից դեռ նորություն չկա։ Ինչպես բազմիցս նշել են մեր պաշտոնատար անձինք, ՀՀ կառավարության և «Գազպրոմի» միջև բանակցությունները շարունակվում են, և դրանք կավարտվեն մինչև այս տարվա վերջ։
Օրինակ` 10 օր առաջ լրագրողների հարցերին պատասխանելով, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշել էր, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները ռուսական կողմի հետ դեռ շարունակվում են, և այդ հարցը մինչև տարեվերջ կհստակեցվի։ Խաղաքարտերը որոշ չափով բացել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` նշելով, որ 2013թ. գազի սակագինը կվերանայվի։ Թեպետ նա նույնպես ասել էր, որ բանակցությունները դեռ շարունակվում են։
Եվ վերջապես, Տիգրան Սարգսյանը նոյեմբերի վերջին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում նույնպես անդրադարձել էր գազի գնին։ Երբ լրագրողը հարցրել էր` ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ Ռուսաստանն առաջարկում է բնական գազի 1000խմ-ի գինը բարձրացնել մինչև 330 դոլար, Տիգրան Սարգսյանը տվել էր ոչինչ չասող պատասխան` խոսելով սկզբունքների, կոնյունկտուրաների և այլնի մասին։ Նա նաև նշել էր, որ գազի գնի հարցով բանակցություններն, ամենայն հավանականությամբ, կավարտվեն մինչև այս տարվա վերջ։ Իսկ բանակցությունները կառուցողակա՞ն են ընդունում։ Այս հարցին Տիգրան Սարգսյանը պատասխանել էր` ինչպես միշտ։
Այսօր արդեն դեկտեմբերի 25-ն է, սակայն դեռ նորություն չկա բանակցություններից։ Ծիծաղելի կլինի մտածել, թե կողմերը նախատոնական այս օրերին դեռ շարունակում են բանակցել։ Ավելի ճիշտ կլինի ասել` պայքարել։ Հիշեցնենք, որ էներգետիկայի նախարարի խոսքերից տպավորություն էր ստացվում, որ դա պայքար է, այն էլ` թեժ ու հերոսական։ Ռուսական «Գազպրոմը» ցանկանում է բարձրացնել գազի գինը, իսկ ՀՀ կառավարությունը հերոսաբար դիմադրում է` թանկացում թույլ չտալու համար: 10 օր առաջ Արմեն Մովսիսյանը նման հայտարարություն էր արել` հընթացս հաստատելով նախկինում արտահայտած իր այն միտքը, որ Հայաստանը գազը գնում է 1000խմ-ն 180 դոլարով։
Մի խոսքով, որքան մոտենում է դեկտեմբերի 31-ը, այնքան ակնհայտ է դառնում, թե Հայաստանի իշխանությունները որքան «անկեղծ» են սեփական ժողովրդի հետ։
Եվ քանի որ չափից դուրս անկեղծ են, փորձենք ինքնուրույն հասկանալ, թե ինչ է կատարվում գազի հարցում։
Նախ` տարին փակում ենք այն փաստով, որ գազն այսօր Հայաստանը Ռուսաստանից գնում է 1000խմ-ն` 240 դոլարով։ Հիշեցնում ենք, որ սա ՀՀ ՊԵԿ մաքսային կառույցի տվյալն է, որն այդպես էլ ոչ մի պետական պաշտոնյա չկարողացավ «լղոզել»։ Ընդ որում, մեր տեղեկություններով` «ՀայՌուսգազարդը» մի քանի տասնյակ միլիոն դոլար է պարտք «Գազպրոմին»։ Պարտքն առաջացել է հենց գնի թանկացման արդյունքում։
Այսինքն` գնի ավելացած մասի համար «ՀայՌուսգազարդը» դեռ չի վճարել։
Հիշեցնենք նաև, որ «Իզվեստիայի» հետ հարցազրույցում Տ. Սարգսյանը մի միտք էր հայտնել, որը, մեղմ ասած, մտածելու տեղիք կարող է տալ. «Պետք է ասեմ, որ չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ չկարողանանք համաձայնության հասնել։ Եվ երբեք էլ չեն եղել: Մենք միշտ էլ պայմանավորվել ենք։ Եվ տվյալ դեպքում` հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ենք եկել, մնում են տեխնիկական դետալները, որոնց վրա դեռ հարկավոր է աշխատել»: Հիմնական սկզբունքը, ենթադրվում է, որ պետք է լինի գինը։ Սակայն համաձայնության եկել են ո՛չ 180-ից 240 դոլար սահմանելու մասով. դա արդեն տեղի ունեցած փաստ է (որքան էլ փորձեն հերքել)։ Բանակցությունները, ըստ ամենայնի, շարունակվում են հետագա թանկացման մասով։
Ի վերջո, «Իզվեստիայի» լրագրողի նշած 330 դոլարն օդից վերցված թիվ չէ (կարող էր, չէ՞, ասել` 220 կամ 240 դոլար, որը նույնպես զգալիորեն գերազանցում է հայտարարվող 180 դոլարին)։ Ու նաև` եթե 330 դոլարը չափազանց անհավանական թիվ լիներ, Տ. Սարգսյանը, կարծում ենք, անմիջապես կհերքեր դա։ Սրան գումարենք նաև այն ակնարկները, որ իբր կառավարությունը պայքարում է «Գազպրոմի» դեմ` գազի գնի չափից դուրս մեծ թանկացում թույլ չտալու համար։
Այս ամենը ի մի բերելով` կարելի է կանխատեսումներ անել։ Ցավոք, ոչ ուրախ կանխատեսումներ։ Կառավարությունը հաջորդ տարվա սկզբին (չի բացառվում նաև, որ հասցնի մինչև այս տարվա վերջը) կհայտարարի, որ բանակցություններն ավարտվել են, և Հայաստանի համար սահմանվել է 240 դոլար գազի գին։ Ընդ որում, դա կներկայացվի` որպես ձեռքբերում, քանի որ կասեն` «Գազպրոմն» ավելի շատ էր ցանկանում թանկացնել (ինչի մասին նշվում էր մամուլում), սակայն կառավարությունը հերոսաբար պայքարում էր դրա դեմ և, ի վերջո, հասավ նրան, որ «Գազպրոմը» «հանձնվեց»։ Միևնույն ժամանակ, կառավարությունը կհայտարարի, որ բնակչության սոցիալապես անապահով խավերի վրա գազի գնի թանկացումը չի ազդի։
Կառավարությունը սուբսիդավորման կամ այլ մեխանիզմներով կթեթևացնի նրանց բեռը։ Սակայն հետո կպարզվի, որ այդ սուբսիդավորումն էլ, Գազպրոմի «զիջումն» էլ որոշակի գին ունեն, որը վճարելու է Հայաստանի Հանրապետությունը։ Դա էլ հենց վարչապետի նշած դետալներն են, որոնք հանրությանը կներկայացվեն կամաց-կամաց, փոքր չափաբաժիններով։
Եվ վերջապես, չուզենալով տարին ավարտել հոռետեսական նոտայով, այդուհանդերձ, ստիպված ենք նշել հետևյալի մասին։ Մեր տեղեկություններով` գազի գնի արդե՛ն իսկ փաստացի թանկացման արդյունքում հաջորդ տարվա ապրիլին թանկանալու է նաև էլեկտրաէներգիայի գինը, իսկ հաջորդ տարվա վերջին գազի գինը կրկին կթանկանա` հասնելով 330 դոլարի կամ բարձր։ Թեպետ չի բացառվում, որ կառավարությունն այդ ժամանակ էլ նախանձելի համառությամբ մինչև վերջին պահը կփորձի թաքցնել այդ թանկացումը։
Գիտենք, որ որոշ մարդկանց այնքան էլ դուր չի գալիս «մեր տեղեկություններով» արտահայտությունը, և հնարավոր է, որ հիմա կսկսեն մեզ մեղադրել փաստերի վրա չհիմնված դատողություններ անելու մեջ։ Սա այն դեպքն է, որ անկեղծ կցանկանայինք, որ «մեր տեղեկությունները» և դատողությունները սխալ դուրս գան։ Սակայն, ցավոք, փորձը ցույց է տվել, որ գազի դեպքում դրանք, որպես կանոն, իրականություն են դառնում։
Իսկ ամենացավալին ոչ թե այն է, որ գազը թանկանում է (դա բնական շուկայական գործընթաց է), այլ այն, որ կառավարությունը տարին փակում է և պատրաստվում է դեպի ապահով Հայաստան շարժվել սեփական ժողովրդի հետ, մեղմ ասած, անկեղծ չլինելով։
«168 ԺԱՄ»