Այս տարվա 7 ամիսների ընթացքում այս կառավարությունը 1 միլիարդ դոլարով ավելացրել է մեր պետական պարտքը. Տնտեսագետ
Կառավարության նիստն այսօր էլ չանցավ առանց «կարևոր» իրադարձությունների մասին արձանագրումների։
«Օգոստոսի 31-ին «Մուդիս» հեղինակավոր վարկանիշավորման կազմակերպությունը հրապարակեց հերթական զեկույցը, որով ՀՀ-ին տրված վարկանիշը թողեց նույնը՝ ընթացիկ վարկանիշը սահմանելով BA3, իսկ հեռանկարը՝ կայուն»,- նիստի մեկնարկին նշեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Իսկ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նկատեց՝ «Մուդիսի» այս գնահատմամբ արձանագրվում է պատերազմի ու կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերի նկատմամբ ՀՀ տնտեսության դիմակայունության բարձրացումը և ընդգծում է, որ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն այդ տեսանկյունից արդյունավետ է:
«Նշվածը շատ կարևոր ազդակ է միջազգային ներդրողների համար, քանի որ վերահաստատում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարը և կառավարության տնտեսական քաղաքականության բարենպաստությունը ներդրումների համար:
Այն ընդգծում է նաև Հայաստանի բարձր տնտեսական աճի սպասումների ու կառավարության հարկաբյուջետային կարողությունների վերականգնման վերաբերյալ «Մուդիս»-ի կանխատեսումները»,- հավելեց նախարարը:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, սակայն, նշում է՝ տնտեսական գործընթացները նման վարկանիշներով չեն կարգավորվում:
«Այս տարվա 7 ամիսների ընթացքում այս կառավարությունը 1 միլիարդ դոլարով ավելացրել է մեր պետական պարտքը, այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում ապահովել է ընդամենը 5.2 տոկոս տնտեսական ակտիվություն: Նման տեմպերով պետական պարտքի ավելացումը, բնականաբար, Հայաստանը տանելու է լուրջ ֆինանսական խնդիրների:
Մենք պետք է հասկանանք, որ մեր տնտեսությունը, մեր տնտեսական գործընթացները նման վարկանիշներով չեն կարգավորվում. ներդրողը, տեղական կազմակերպությունները շատ հաճախ ուշադրություն չեն դարձնում այդ ամենի վրա, փոխարենը՝ տեսնում են, որ պետական պարտքն ավելանում է, ու նրանց վրա ապագայում դրվելու են լրացուցիչ հարկեր, որպեսզի կարողանան այդ վարկերը սպասարկել,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը, ապա հավելեց, որ 5.2 տոկոս աճն իներցիոն աճ է, որի մեծ մասը բաժին է ընկնում հանքարդյունաբերության և շինարարության ոլորտներին,- Հանքարդյունաբերությունն անկախ այս կառավարության կամքից է աճում, քանի որ միջազգային շուկայում գներն աճել են, իսկ շինարարության ոլորտում՝ նրանք նույնիսկ չեն կարողացել մինչճգնաժամային ծավալն ապահովել: Նկատեմ, որ նույն վիճակն է նաև առևտրի և ծառայությունների դեպքում: Ստացվում է՝ մենք չենք վերականգնվել անցյալ տարվա ճգնաժամից. համեմատության համար նշեմ, որ հարևան Վրաստանում կիսամյակի կտրվածքով ունեն 12.3 տոկոս աճ, այսինքն՝ կրկնակի ավել, քան Հայաստանում, իսկ AMF-ի կողմից գնահատվող զարգացող երկրների համար միջին ցուցանիշը 6-ն է՝ այսինքն՝ մեր ցուցանիշն այդ միջին ցուցանիշից էլ ցածր է»:
Դիտարկմանը, թե այդ դեպքում «Մուդիսի» կողմից վարկանիշն անփոփոխ թողնելը զուտ քաղաքական ենթատե՞քստ ուներ, որպեսզի Հայաստանին հնարավորություն տրվեր նոր վարկային միջոցներ ներառել տնտեսություն, մեր զրուցակիցն արձանագրեց. ««Մուդիսի» վարկանիշավորումը, բնականաբար, իր ազդեցությունը թողնում է այս կամ այն երկրի վարկունակության վրա, բայց շատ հաճախ միջազգային կազմակերպությունները՝ AMF-ը, Համաշխարհային բանկը, առհասարակ ուշադրություն չեն դարձնում դրա վրա և գումարը տալիս են այն երկրին, ում ցանկանում են օգնել, ում մասով քաղաքական որոշում է կայացված: Ասել է թե՝ դա վերջնական վարկանիշ չէ, որով բոլորը առաջնորդվում են»:
Տնտեսագետը համոզված է, որ «Մուդիսի» ցուցանիշները դեռ կվերանայվեն՝ հաշվի առնելով մեր պետության անցնող տարվա ցուցանիշները, այդ թվում՝ 1 միլիարդ դոլարով ավելացած պարտքը, ներրգրավված այլ վարկային միջոցները:
Քանի որ այսօր ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայաստանյան թանկացումներին՝ նշել էր, թե պարենի համաշխարհային գները ևս բարձրացել են, ամբողջ աշխարհում թանկացումներ են, թանկացել են նաև բեռնափոխադրումները, թանկացել է բենզինի և նավթամթերքի շուկան, Սուրեն Պարսյանից նաև հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք թանկացումների վերաբերյալ այս դիտարկումներն օբյեկտիվ են, թե՞ կա նաև ներմուծման մենաշնորհի խնդիրը նույնպես:
Ի պատասխան՝ նա նշեց. «Մեր երկրում, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հիմնական խնդիրներից են մենաշնորհները: Նրանք ներկրում են, նրանք մանրածախ վաճառում են, և այս պայմաններում նրանց հետ մրցակցելն ուղղակի անհնար է: Նույն մրցակցության հանձնաժողովը «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին պատժել էր շաքարավազի դեմպինգի համար (ընկերությունը ցածր գներով շաքարավազ էր վաճառել, քան իրականում պետք է վաճառվեր), ընկերությունն իր տուգանքը վճարեց և անցավ այդ գործընթացը, սակայն նրա գործունեության հետևանքով այդ շուկայում սնանկացան բազմաթիվ փոքր ընկերություններ:
Այս պահին շաքարավազի գինը 40 տոկոսով բարձրացել է, միջազգային շուկայում վստահ 40 %-ով չի թանկացել, ինչպես մեզ մոտ: Առհասարակ, երբ դրամն արժեզրկվում էր, նույն այդ ներկրողները ժամ առ ժամ գները վերանայում էին, սակայն արդեն երկու ամիս է՝ դրամն արժեվորված է. ինչո՞ւ ներկրողները չեն վերանայում գները»:
Այս համատեքստում տնտեսագետը նաև հիշեցրեց հուլիս ամսին շաքարավազի դեֆիցիտի մասին՝ նկատելով, որ այն արհեստական էր. «ՏՄՊՀՀ-ն պնդում էր, որ շուկայում շաքարավազ կար, այն դեպքում, երբ մարդը գնում էր սուպերմարկետ շաքարավազ գնելու՝ չփաթեթավորված շաքարավազ չկար, դրա փոխարեն նրան առաջարկում էին փաթեթավորված շաքարավազը: Արհեստականորեն շուկայից հանել էին կիլոգրամով մատչելի շաքարավազը՝ դրա փոխարեն պարտադրելով ավելի թանկ, փաթեթավորված շաքարավազ»:
Ըստ նրա՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հաճախ մակերեսային հետազոտություններ է իրականացնում՝ ակամա ստանձնելով խոշոր բիզնեսի փաստաբանի դերը:
Հիշեցնենք՝ 2019 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից «կարևոր իրադարձություն» սահմանումով անդրադարձավ «Մուդիսի» գնահատականին, ըստ որի՝ Հայաստանի սուվերեն վարկանիշը b1-ից բարձրացել է մեկ մակարդակ և հաստատվել BA3 մակարդակում: Տնտեսագետները, սակայն, այդ ժամանակ ևս հիշեցրին, որ առաջին անգամը չէ, երբ «Մուդիսը» BA3 վարկանիշն է տվել Հայաստանին, ավելին՝ 2006-ին Հայաստանն ունեցել է BA2 վարկանիշ, սակայն այս գնահատականը հիմնականում ավելին չէ, քան հնարավորություն տալ երկրին ավելի ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցներ ձեռք բերել: