«Եթե դու հեղափոխություն ես արել, դու պետք է տեսլական ունենաս՝ ինչ ես անում համակարգում. դա չկա». Կրթության փորձագետը՝ կառավարության ծրագրի մասին

«Առանձնապես ինչ-որ զարմանալի ծրագիր չէր. հիմնականում ընդհանուր դիտարկումներ են: Այդպիսի քայլեր նախորդ ծրագրում են եղել՝ կրթության որակի բարձրացում, բովանդակության բարելավում, չափորոշիչների հիման վրա նոր դասագրքեր: Այս տեսակի փոփոխություններ Հայաստանի կրթության համակարգում, արդեն 25 տարի է՝ իրականացվում են. բոլոր կառավարություններն էլ գրել են դրանց անհրաժեշտության մասին»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության կողմից հանրայնացված 2021-26 թվականների գործունեության ծրագրի կրթության բաժնին՝ նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Փորձագետը նաև շեշտեց՝ այս ծրագրում դարձյալ բաց է մնում գլխավոր հարցը՝ ի՞նչն է առանձնահատուկ այս անգամ, ի՞նչ է այս անգամ տարբեր կերպ արվելու, որպեսզի տարբեր արդյունք արձանագրվի:

Նկատենք՝ Կառավարության ծրագրում, մասնավորապես, նշվում է, որ հանրակրթության ոլորտի առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հանրակրթության ամբողջական և շեշտակի փոփոխություն, որի հիմնաքարը մինչև 2026 թվականը հանրակրթության նոր չափորոշիչների ամբողջական ներդրումն է հանրապետության բոլոր դպրոցների բոլոր դասարաններում:

Ի թիվս գործադիրի թիրախների՝ նշվում է մինչև 2026 թվականն առնվազն 300 դպրոցի կառուցման և հիմնանորոգման, վերազինման, հանրապետության բոլոր՝ 1400 դպրոցներում ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաների ստեղծման մասին:

Ծրագրում նաև կարևորվել է նոր դասագրքերի, ուսումնական նյութերի ներդրումը, մեդիագրագիտության մակարդակի բարելավումը, օտար լեզուների, մասնավորապես, ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, նաև տարածաշրջանի լեզուների ուսուցումը:

Հիշյալ դրույթների առնչությամբ կրթության փորձագետը նկատեց. «Նորից ինչ-որ բաներ են առանձնացվել, որ, օրինակ, կարևորվելու է մեդիագրագիտությունը և օտար լեզուների ուսուցումը: Սա ինձ համար տարօրինակ է. ինչո՞ւ հենց այդ երկուսը, ընդ որում, ասենք՝ ինչո՞ւ հայոց լեզուն չկա, կամ՝ ինչո՞ւ թվարկվող լեզուների շարքում գերմաներենը չկա:

Մեր դպրոցներում, գիտեք, հիմնական լեզուները եղել են ռուսերենը, անգլերենը, գերմաներենը, ֆրանսերենը, բայց այս անգամ, չգիտես՝ ինչու, գերմաներենը կարևորված չէ. արդյո՞ք այն դպրոցները, որոնք գերմաներեն են անցնում, կարող են չկարևորել այդ օտար լեզուն:

Ընդհանրապես, ինձ համար անընդունելի է մոտեցումը, երբ նախարարությունն ինչ-որ առարկաներ է առանձնացնում և ասում, որ սա կարևոր է. դա նշանակում է, որ մյուս առարկաները կարևոր չեն: Օրինակ, իսկ ո՞վ է ասել, որ աշխարհագրությունը կարևոր չէ պատերազմող երկրում. ինչպե՞ս է որոշվում, որ հենց ա՛յս առարկաներն են կարևոր, այս ոլորտները:

Նաև տարօրինակ էր այն, որ բարձրագույն կրթության հետ կապված՝ գրված էր՝ դասավանդման նոր մեթոդաբանության մշակում. դասավանդման մեթոդաբանությունը բուհի և դասախոսի իրավունքն է՝ ինչո՞ւ է նախարարությունը ցանկանում դասավանդման մեթոդաբանություն մշակել: Եվ ընդհանրապես որևէ խոսք չկա բուհերի ինքնավարության, ակադեմիական ազատության մասին: Այդ կարևոր հարցի մասին որևէ նշույլ չկա:

Իսկ մնացած մասով՝ հիմնականում նույն նշումներն են, որևէ արտառոց բան չկար՝ թեև գրված է, որ հանրակրթության ոլորտում շեշտակի փոփոխությունների կարիք կա: Բայց չեմ կարծում, որ միայն չափորոշիչ փոխելով՝ այդ շեշտակի փոփոխությունը կլինի»:

Սերոբ Խաչատրյանին խնդրեցինք գնահատել, թե 2018 թվականի հայտնի քաղաքական իրադարձություններից հետո կրթության ոլորտում ի՞նչ փոփոխություններ, դրական տեղաշարժեր են եղել՝ հաշվի առնելով օրվա իշխանությունների կողմից այս ոլորտում հսկայական փոփոխությունների մասին խոստումները։

Ի պատասխան՝ նա նշեց. «Իհարկե, լավ կլիներ՝ մինչև այսպիսի բան ներկայացնելը նաև հաշվետվություն լիներ, թե նախկին ծրագիրն ինչպե՞ս իրականացվեց:

Ես էական փոփոխություններ չեմ տեսնում. միայն տեսնում եմ, որ ավելի շատ է փորձ արվում բուհական խորհուրդները թեքել դեպի կառավարության կողմը՝ մինչդեռ մինչև իշխանության գալը հակառակի մասին էր խոսվում. գործող իշխանությունները նախկիններին քննադատում էին, որ՝ դուք բուհերը վերցնում եք ձեր հսկողության տակ, բայց հիմա այդ հսկողությունն ավելի ուժեղացավ:

Եվ որ ամենակարևորն է՝ արդեն տևական ժամանակ է՝ մենք չունենք կրթության զարգացման ծրագիր, և պարզ չէ՝ մենք ուր ենք գնում, որն է մեր արժեքային համակարգը, որոնք են մեր մոտեցումները. պարզ չէ՝ ինչպիսին ենք մենք տեսնում ՀՀ կրթական համակարգը: Սա ամենամեծ բացն է: Եթե դու հեղափոխություն ես արել, դու պետք է տեսլական ունենաս՝ ինչ ես անում համակարգում. դա չկա»:

Հիշեցնենք՝ ընդամենը տարիների առաջ, երբ այսօրվա իշխանական թիմի շատ անդամներ ստանձնում էին ոլորտում իրենց պարտականությունները՝ վստահեցնում էին՝ երկրում լինելու է ապաքաղաքական կրթության, նոր որակի հանրակրթություն. կարճ ասած՝ հեղափոխություն:

Սակայն, հաշվի առնելով այս տարիների գործունեությունը, կարող ենք արձանագրել, որ «հեղափոխականների» կողմից այս ոլորտում ամենահեղափոխական քայլը ցայսօր մնում է 2018 թվականին Մայր բուհի «դիմադրությունը» կոտրելը ու բուհի դռները «բացելը»:

Տեսանյութեր

Լրահոս