Չկա մի անձ, որ ասի, թե Գորիսի համայնքապետարանից օգնություն տվել են՝ ինչ-որ շահից ելնելով. փաստաբան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավորներ Կարեն Ֆարխոյանի և Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել է, համապատասխանաբար, Գորիսի համայնքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունները՝ դատավորների ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Փոխհամայնքապետերի պաշտպանական խմբի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ փոխհամայնքապետերի գործով նիստերը շարունակվելու են երեկոյան: Փաստաբանի խոսքով՝ դեռևս չեն էլ հասցրել ամբողջությամբ ծանոթանալ գործով 780 էջանոց նյութերին:

«Որպես գեղարվեստական գիրք չենք կարդում, հասկանո՞ւմ եք, կարդում ենք և փորձում ենք պաշտպանություն իրականացնել: Բայց ասեմ՝ այն, ինչ կարդացել եմ, հիմնավոր կասկածը հիմնավորող որևէ ապացույց գոյություն չունի ընդհանրապես, բացարձակապես: Ասենք՝ քննիչը հարցաքննում է մի կնոջ, որը ստացել է, ենթադրենք, 50.000 դրամ օգնություն, որովհետև անապահով ընտանիքում է, հարցաքննության ժամանակ  ասում է՝ «Ձեր պարանոցին բարակ ոսկյա շղթա եմ նկատում, այ Դուք սոցիալապես անապահով չեք»: Միայն այն, որ էդ կինը պարանոցին կրում է… նախ ինքը փորձագետ չի, կարող է՝ ոսկյա չէ, դեղին մետաղից է, բայց քննիչն այդ ֆունկցիան իրեն վերապահում է և արդեն գնահատականը դնում է՝ «Դուք սոցիալապես անապահով չեք, բայց 50.000 դրամ, ենթադրենք, քաղաքապետարանից օգնություն եք ստացել»»,- ասաց Արմեն Մելքոնյանը:

Մելքոնյանի խոսքով՝ նման 62 օրինակ կա, երբ վարույթն իրականացնող մարմինը կարծում է, թե Գորիսի համայնքապետարանը ոչ տեղին է օգնություն տրամադրել:

«Չկա մի անձ, որ ասի, թե այս մարդիկ օգնությունը տվել են՝ ինչ-որ շահից ելնելով, ինչ-որ դրդապատճառից ելնելով: Մարդիկ ասում են՝ «այ, ես գնացել եմ, կարիք եմ ունեցել», «ամիսներով ստամոքսի ցավեր ունեի, դեղ չէի կարողանում գնեի, գնացել եմ, դիմում եմ գրել, որ ինձ օգնեն, տվել են, էդ գումարով դեղ եմ առել, բուժվել եմ», բայց (քննիչն.- Ա.Հ.) ասում է՝  ենթադրենք, էդ մարդը մեքենա ունի, մի հատ բուդկա-Մոսկվիչ կա իր անունով գրանցված, ինքը սոցիալապես անապահով չի…

Անխտիր բոլորին տրվել է հարց՝ «արդյո՞ք պարոն Առուշանյանը կամ Իրինան բավարարել է ձեր խնդրանքները, որ որևէ մեկի օգտին քվեարկեք, հարցաքննված բոլոր անձինք միանշանակ հերքում են այդ ամենը»,- նշեց Մելքոնյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ գործով անցնող բոլոր մեղադրյալների բնակարաններում խուզարկություն եղել է, վարույթն իրականացնողը ոչինչ չի գտել, որ առգրավի՝ «եթե գտած լինեին, հիմա համայն մարդկությունը իմացած կլիներ, վստահեցնում եմ»:

Հիշեցնենք, որ ՔԿ հաղորդագրության համաձայն՝ 2021թ. օգոստոսի 16-ին որոշումներ են կայացվել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենու Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս