Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի պաշտպանները դատավորներին ինքնաբացարկ են հայտնել

Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի փաստաբաններն իրենց պաշտպանյալներին կալանավորելու միջնորդությունները մակագրող դատավորներին ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել: Փոխհամայնքապետերի պաշտպանական խմբի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատավորներ Կարեն Ֆարխոյանին և Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու հիմքը քրեական գործերի մակագրման կարգն է:

«Պաշտպանական թիմը գտնում է, որ այս պահին երկուսն էլ օրենքով սահմանված դատարան չեն: Խնդիր կա և՛ քրեական գործի մակագրման, մակագրման փոխարեն անհայտ կայքով ինչ-որ նշան է ուղարկված, և՛ լուրջ կասկածներ ունենք, որ սա Երևան  քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից չի արված, հակառակ դեպքում, չգիտես ինչու, ինչ-որ զուգադիպությամբ հենց նույն դատավորներին են այս գործերը մակագրվում: Այլ հիմքով ևս ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել երկու դատավորներին: Դատարանները հեռացել են խորհրդակցական սենյակ՝ որոշումներ կայացնելու»,- ասաց Արմեն Մելքոնյանը:

Փաստաբանի խոսքով՝ փորձել են դատավորներից պարզել, թե ինչ կարգով են գործերն իրենց մակագրվել, սակայն բավարար պատասխան չեն ստացել:

«Ցավոք սրտի, պատասխան բավարար չի հնչեցվում: Երբ հարց ես տալիս, թե ինչ կարգով է մակագրվել, ասում է՝ օրենքով սահմանված կարգով: Երբ խնդրում ես պարզաբանում ներկայացնել՝ որ օրենքով, մարդիկ չեն կարողանում պարզաբանել, թե այդ որ օրենքով սահմանված կարգով: Դատավորը չգիտի՝ որ օրենքով սահմանված կարգով է իրեն մակագրվել»,- ասաց Արմեն Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ Գորիսի փոխհամայնքապետերը երեկ էին ձերբակալվել: Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը որպես մեղադրյալ ներգրավվել են առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Մենուա Հովսեփյանը մեղադրվում է նաև  ծառայողական կամ այլ կապվածություն օգտագործելով, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր):

Վարույթն իրականացնող մարմինը երեկ նաև ներկայացրել էր փոխհամայնքապետերի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդություններ:

Տեսանյութեր

Լրահոս