Երբեմն թերանում ենք մեր արարքներում կամ զլանում, ծուլանում ենք գործել որևէ արարք
Երբեմն, թերանում ենք մեր արարքներում կամ զլանում, ծուլանում ենք գործել որևէ արարք։ Այդ իրավիճակներում հաճախ կարծում ենք, թե մեր կատարածի, կամ որ ավելի ճիշտ կլինի ասել՝ չկատարածի մեջ որևէ բացասական երևույթ չկա. չէ՞ որ ոչ մի չարիք չենք գործել: Մինչդեռ այդ պահին հենց գործում ենք աստվածաշնչյան յոթ մահացու մեղքերից մեկը՝ ծուլության մեղքը: Իրականում այդ պահերին չենք ցանկանում դուրս գալ մեր հարմարավետության գոտուց։ Թեև ճիշտ է այն, որ չենք գործում բացասական արարքներ, սակայն դրանում ոչ մի դրական երևույթ էլ չես գտնի:
Ծուլանալով անկարող ենք դառնում բարիք գործել, ինչի միջոցով էլ ճանապարհ ենք բացում չարի առաջ՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ: Մշտապես ունենք մեր պատճառներն ու արդարացումները, թե ինչու, ինչ պատճառով չգործեցինք այս կամ այն արարքը: Այդկերպ դառնում ենք միայն սպառողներ՝ չստեղծելով ոչ մի բարիք: Օգտվում ենք միայն ամենազոր Աստծու ողորմածությունից, ով «Իր արևը ծագեցնում է թե՛ չարերի և թե բարիների վրա, և անձրև է բերում թե՛ արդարների վրա և թե՛ մեղավորների վրա» (Մատթեոս 5:45):
Սուրբ Գրքում նշված է, թե ինչպիսի պատժի են արժանանում ծույլերը. «Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի լինի» (Առակաց 13:4): Սակայն այստեղ խոսքը ոչ միայն աշխարհիկ, այլ նաև առաջնահերթորեն հոգևոր ծուլության մասին է: Ի՞նչ է հոգևոր ծուլությունը: Այն դադարելն է ոչ թե հավատալ, այլ պատասխանատու լինել: Հնարավոր է՝ հավատում ենք, հնարավոր է՝ անկեղծ սրտով վստահում ենք Տիրոջը, սակայն երբ դադարում ենք հաճախել եկեղեցի կամ աղոթել, մատնվում ենք հոգևոր ծուլությանը՝ թույլ տալով, որ չարը գործի անցնի:
Հովհան Ոսկեբերանը արադարացիորեն նկատում է. «Արժե՞ ծուլության համար հասնենք դժոխք»: Մտածենք այս հարցի շուրջ՝ փորձելով դիմել ամենօրյա աշխատանքին՝ հաղթահարելու մեր մեղքը, որ գործում ենք չգիտակցելով: Լինենք աշխատասեր, փորձենք փախչել անգործությունից ու ձանձրույթից և ոչ թե աշխատանքից ու աղոթքից: Լինենք ուշադիր մեր հոգևոր կյանքի նկատմամբ, որպեսզի անգիտակցաբար չգործենք այնպիսի մեղքեր, որոնք մահացու են համարվում: