«Հայկ Մարությանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի. այս հայտարարությունը պոպուլիստական էր». Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու հուլիսի 29-ի արտահերթ նիստում կքննարկվի Քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հարցը: Ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները մշտապես կողմ են արտահայտվել աշխատավարձերի բարձրացմանը, քանի որ դրանց ցածր լինելը կոմպենսացվում էր անհարկի պարգևավճարներով: Ըստ այս նախագծի՝ աշխատավարձերի բարձրացում տեղի է ունենալու պարգևատրումների ֆոնդի հաշվին:
168.am-ը «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում նախագիծն այս տեսքով:
«Մենք այսօր ունենալու ենք հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկելու ենք մի շարք չպարզաբանված և բաց հարցեր, քանի որ մինչ այս պահը որևէ քննարկում մեզ հետ չի եղել: Այսօր, երբ հանձնաժողովի նիստում այդ հարցերը քննարկենք, հետագա ընթացքը պարզ կլինի»:
Խաժակյանը մանրամասնեց, թե հատկապես ի՞նչ չպարզաբանված հարցերի մասին է խոսքը.
«Մասնավորապես, ընդհանուր ազդեցությունը բյուջեի վրա, առանձին դրույքաչափերը, թե ո՞ր հաստիքի համար որքա՞ն է ավելանում աշխատավարձը: Այսպիսի հարցեր կան, որոնք դեռևս պետք է քննարկվեն»:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով աշխատավարձերի բարձրացմանը, գրել էր, թե հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը:
«Ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբ որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն՝ 415.000 դրամ»,- գրել է Մարությանը:
Դավիթ Խաժակյանը քաղաքապետի այս հայտարարությունը պոպուլիստական որակեց:
«Եթե նա սկզբունքորեն համաձայն է, որ այդքան պետք է լինի քաղաքապետի աշխատավարձը՝ անկախ նրանից, թե ո՞վ է այդ պաշտոնում, ապա պետք է կողմ քվեարկի, եթե սկզբունքորեն դեմ է դրան, ապա պետք է դեմ քվեարկի, եթե սկզբունքորեն անտարբեր է, թե քաղաքապետն ինչքա՞ն պետք է ստանա, նշանակում է, որ ինքը մտահոգություն չունի ընդհանրապես քաղաքապետարանի վերաբերյալ, ինքը պետք է հստակ դիրքորոշում հայտնի, իսկ եթե զուտ պոպուլիստական դիրքավորման իմաստով, այո, իհարկե, պոպուլիստական էր»,- ասաց Խաժակյանը:
Նշենք նաև, որ ըստ նախագծի հիմնավորման՝ Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակի գործող դրույքաչափերը փոփոխության էր ենթարկվել դեռևս 2011 թվականին, որը չի արտացոլում միջանկյալ ժամկետում տեղի ունեցած գնաճի, մասնագետին վարձատրության տեսքով տրվող գնահատականի և առհասարակ աշխատանքային շուկայում տիրող իրական պատկերը: Ցածր աշխատավարձերի հետևանքով Երևանի քաղաքապետարանը չի կարողանում հանդես գալ որպես մրցունակ գործատու աշխատանքային շուկայում: