Դատարկ խոստում

«Երբ մարդ ոչինչ չունի, չի խանգարի ունենալ մի հսկա մեծամտություն»,- մի առիթով գրել է Եղիշե Չարենցը:

Ամեն անգամ, երբ մեր հերթական կառավարությունը խոսում է գիտելիքահան, գերժամանակակից, թվային, բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունենալու (ստեղծելու, կառուցելու, կերտելու) անհրաժեշտությունից, Չարենցի հենց այս միտքն եմ հիշում: Ինչ ասես՝ չխոստացան:

Մեր երկրում ինչ գերժամանակակից արտադրություն ասես՝ չձեռնարկեցին: Հայաստանում մի քանի տարի արտադրվել են համակարգիչներ, պլանշետներ, բջջային հեռախոսներ, սմարթ սարքեր ու քարտեր և համանման շատ ապրանքներ: Կարծեմ, Տիգրան Սարգսյանի կառավարությունն առաջինը գիտելիքահեն տնտեսություն խոստացավ: Բայց այդ տարիներին համապատասխան (խրոխտ հնչող անունով) նախարարություն չունեինք: Բայց դա չէր խանգարում ժամանակակից սարքեր արտադրելու փորձեր անել: Մեր երկրում 2016թ․ արտադրվել է 1063 հատ համակարգիչ: 2017-ին՝ 870 հատ: Հաջորդ՝ 2018թ․ ցուցանիշը 1229 հատ էր: Կարծեմ, 2019թ․ (կամ՝ 2018-ի վերջից) մենք արդեն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ունեցանք: Հենց ունեցանք այդ նախարարությունը, ժամանակակից սարք-սարքավորումների արտադրության վերջը եկավ:

Բազմաթիվ սարքեր-արտադրանքների համար, բառի իսկական իմաստով, վերջը եկավ: Օրինակ, դիտարկենք պլանշետների արտադրության տվյալները:
2016թ․ մեր երկրում արտադրվել է 2012 հատ պլանշետ, 2017-ին՝ 595 հատ, 2018-ին՝ 384: 2019թ․ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ձևավորման առաջին տարին պլանշետների արտադրության վերջին տարին էր: Այդ տարի արտադրվեց 305 պլանշետ: 2020թ․ և 2021թ․ առաջին հինգ ամիսներին նման ապրանքատեսակ չի արտադրվել: Բայց չի կարելի ենթադրել, որ նոր ու զրնգուն անունով նախարարությունը ոչինչ չի արտադրել:

Պաշտոնական վիճակագրությունն այդ նախարարության գծով թողարկվող արտադրատեսակի համար նախարարությանը վայել երկարանուն ապրանքատեսակ է առանձնացրել: Այն անվանվել է «Տվյալների ավտոմատ մշակման դյուրակիր մեքենաներ, 10 կգ-ից ոչ ավելի քաշով (լափթոփեր, նոութբուքեր), գրպանի ՊԴԱ (PDA) համակարգիչներ և համանման մեքենաներ»: Այս երկարանուն ապրանքատեսակից Բարձր տեխնոլոգիական (և այլ) նախարարության կյանքի արշալույսին (այսինքն՝ 2019թ․) արտադրվել է 1057 հատ: Բայց մի՛ շտապեք եզրակացնել, որ համակարգիչների արտադրությունը շարունակել է ծլել-ծաղկել:

Հենց հաջորդ տարի այդ երկարանուն լափթոփ-նոութբուքերի արտադրությունը կրճատվել է համարյա 60 տոկոսով: Տնտեսագիտական բառապաշարով՝ դրանց «բնեղեն արտադրության» քանակը կրճատվել է՝ դառնալով 433 հատ:

Անկման տեմպը շարունակվում է նաև այս տարի:

Այս տարվա գործընթացի տեմպը գնահատելու համար հարկ է այն համեմատել 2020թ․ առաջին հինգ ամիսներին արտադրված քանակի հետ (որովհետև առայժմ հրապարակված է այս տարվա արդյունաբերական արտադրանքի բնեղեն արտահայտությամբ 2021-ի հունվար մայիսի տվյալները): 2020թ․ առաջին հինգ ամիսներին արտադրվել էր 10 կգ-ից ոչ ավելի քաշով 250 լափթոփ-նոութբուք: Իսկ այս տարվա արտադրանքի քանակը 118 հատ է:

Բարդ չի հաշվարկել, որ արտադրության կրճատումը կազմում է 52.8 տոկոս: Նոր (կամ գոնե այդպես հնչող ու ընկալվող) մի ապրանքատեսակ էլ կա: Տեսեք՝ որքան հնչեղ պաշտոնական անուն ունի՝ «Քարտեր ներսարքված ինտեգրալային սխեմաներով «սմարթ» քարտեր»:

Ահա այդ խելացի քարտերի արտադրության թիվը 2019-ին ուղիղ 3000 հատ էր: Անցած տարի արտադրությունը կրճատվել է մոտ 58 տոկոսով՝ թողարկվել է 1869 քարտ: Այս տարվա հունվար-մայիսի տվյալները հուշում են, որ կրճատումը շարունակվում է: Անցած տարվա նույն ժամանակահատվածում արտադրված 1018 քարտի փոխարեն՝ այս տարի արտադրվել է 586 հատ (կրճատումը՝ 42.4 տոկոս):

Այ այսպես, ամեն անգամ երկրի իշխանությունները փորձում են ժամանակի հետ համահունչ ծրագրեր մշակել: Ու ամեն անգամ ծրագրերը մշակում են, բայց դրանք դատարկ խոստումից ավելին չեն դառնում:

2018-ին Վանաձորում բացված և երբեք ավտոմեքենա չարտադրած «գործարանի» նման:

Տեսանյութեր

Լրահոս