Նիկոլ Փաշինյանը սպառնում է բոյկոտել Էթիկայի հանձնաժողովը (տեսանյութ)

ԱԺ խորհրդարանական մեծամասնությունը և փոքրամասնությունն այսօր էլ չկարողացան համաձայնության գալ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի ձևավորման հարցում: Առավոտյան խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել էին ԱԺ նախագահի մոտ, ներկայացրել էին իրենց մոտեցումները, բայց արդյունքում որևէ համաձայնություն չէր կայացել:

Արփինե Հովհաննիսյանի և Դավիթ Հարությունյանի ներկայացրած նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության այնպես, ինչպես նրանք ներկայացրել էին:

Խորհրդարանական չորս խմբակցությունները դեմ քվեարկեցին, ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը՝ կողմ: Ենթադրվում էր, որ համաձայնությունը կկայանա առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Բայց երեկոյան, երբ նախագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «փոխզիջումային» տարբերակը, պարզվեց, որ այն ընդունելի չէ ընդդիմադիր խմբակցությունների կողմից:

Ի՞նչ է առաջարկում Արփինե Հովհաննիսյանը՝ որպես փոխզիջում: Նախ՝ հիշեցնենք, որ գործող կարգի համաձայն՝ ԱԺ Էթիկայի հանձնաժողովը ձևավորվում է յուրաքանչյուր խմբակցությունից՝ մեկական պատգամավոր սկզբունքով, ինչի արդյունքում իշխանությունն այս հանձնաժողովում հայտնվել է փոքրամասնության մեջ:

Իրավիճակը փոխելու նպատակով ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներ Արփինե Հովհաննիսյանը և Դավիթ Հարությունյանը ներկայացրել էին նախագիծ, ըստ որի՝ խորհրդարանական չորս խմբակցությունները, այդ թվում՝ ԲՀԿ-ն, որն իրեն այլընտրանք է հռչակել, պետք է կոչվեն «ոչ իշխանական» և հանձնաժողովում ունենան այնքան ներկայացվածություն, որքան ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը`ստացվում էր չորս-չորս: Բայց սա նշանակում էր, որ հանձնաժողովը կորցնելու էր որոշումներ ընդունելու հնարավորությունը, քանի որ 4-4 հարաբերակցության դեպքում հնարավոր չէ որոշում կայացնել. ՀՀԿ-ն ստանում է ցանկացած որոշման ընդունումը տապալելու հնարավորություն:

Առավոտյան, որպես փոխզիջումային մոտեցում, քննարկվում էր այն տարբերակը, որ ՀՀԿ-ն հանձնաժողովում ունենա երկու ներկայացուցիչ, և այդ դեպքում կստեղծվի յուրատեսակ հավասարակշռություն. ՀՀԿ-ՕԵԿ իշխանական զույգը կունենա երեք ներկայացուցիչ, ՀՅԴ-ՀԱԿ-«Ժառանգություն» ընդդիմադիր եռյակը՝ ևս երեք ներկայացուցիչ, իսկ ԲՀԿ-ն՝ լինելով ոչ ընդդիմադիր, ոչ իշխանական, կամ՝ և ընդդիմադիր, և իշխանական, կխաղար արբիտրի դեր: Բայց այս տարբերակը կարծես թե մերժվեց խորհրդարանական մեծամասնության կողմից: Որովհետև այս տարբերակի դեպքում ԲՀԿ ներկայացուցիչը հանկարծ ու կմիանա ընդդիմությանը, և հակահհկական ինչ-որ որոշում կկայացվի: ՀՀԿ-ին պետք էր 100 տոկոսանոց երաշխիք, որ կարող է կանխել ցանկացած որոշման ընդունում:

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց փոխզիջման մի տարբերակ, ըստ որի՝ հանձնաժողովի կազմը մնում է անփոփոխ, բայց մի վերապահումով. որ հանձնաժողովի որոշումներն ընդունված են համարվում, եթե դրանց օգտին կողմ է քվեարկել իշխանական և ոչ իշխանական խմբակցություններից մեկական ներկայացուցիչ: Սա նշանակում է, որ եթե հանձնաժողովի վեց անդամներից չորսը, այն է՝ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները կողմ են քվեարկում, դա դեռևս չի նշանակում, որ որոշումն ընդունված է: Պետք է, որ ՕԵԿ-ական կամ ՀՀԿ-ական պատգամավորն էլ կողմ քվեարկի: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն ստանում է  վետոյի իրավունք: Ստացվում է, որ չորս անդամները ոչինչ չեն որոշում, եթե դրա հետ համաձայն չէ ՀՀԿ-ՕԵԿ զույգը:

Սակայն ընդդիմությունը մերժեց այս մոտեցումը: ՀՅԴ խմբակցությունից Էթիկայի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանն իր ելույթում արձանագրեց, որ չնայած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գործադրած ջանքերին՝ հնարավոր չեղավ քաղաքական մեծամասնության հետ գալ համաձայնության:

Ըստ Մինասյանի՝ իրենք համարում էին, որ պետք է այս հանձնաժողովի ձևավորման հարցում բացառել քաղաքական մասը, և առաջարկում էին, որ յուրաքանչյուր խմբակցության ներկայացուցիչ ռոտացիոն կարգով նախագահեր հանձնաժողովում: Որպես փոխզիջում՝ իրենք առաջարկել են նաև, որ, եթե հանձնաժողովը քննարկում և որոշում է կայացնում այնպիսի կարևոր հարցում, ինչպիսին պատգամավորի բարոյական նկարագիրն է, ապա կարելի է այդ որոշումն ընդունված համարել, եթե այն ստացել է 5 կողմ ձայն:

Սա նշանակում է՝ ՀՀԿ-ՕԵԿ-ին վետոյի իրավունք տալ կարևոր հարցերում: Իսկ այնպիսի հարցերում, ինչպիսին որևէ հարց հանձնաժողովի վարույթ ընդունելն է, կամ պատգամավորի կողմից գործարարությամբ զբաղվելը, կարելի  է որոշումներ ընդունել պարզ մեծամասնությամբ: Քաղաքական գնահատական տալով ստեղծված իրավիճակին, Մինասյանը հայտարարեց, որ, եթե խորհրդարանն այս հարցով որոշում կայացնի, ապա դրանով «ժողովրդավարության ծիլերը հայտնվում են հարվածի տակ»:

Ըստ Մինասյանի՝ անիմաստ է քննարկել համագործակցությունն այս հանձնաժողովի կազմում: Նա առաջարկեց, որ օրենքը ներկա ձևով ընդունելու պարագայում ընդդիմադիր խմբակցությունները և այլընտրանքը բոյկոտեն դրա աշխատանքը: Արծվիկ Մինասյանի հետ համամիտ էր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ում կարծիքով՝ իրենք չեն ուզում ինքնախաբեությամբ զբաղվել, և իրենց նման հանձնաժողով պետք չէ, որը նմանվելու է քառակուսի անիվի`չի աշխատելու:

Գրեթե նույն բանը հայտարարեց Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը, սպառնալով, որ առաջարկվող փոփոխությունների ընդունումից հետո ինքը հրաժարական կտա: «Գնացեք և ունեցեք հերթական անդեմ և անողնաշար հանձնաժողովը»:

ՀՀԿ անունից ընդդիմության մեղադրանքներին պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ըստ նրա՝ իրենց համար անընդունելի է, որ Էթիկայի հանձնաժողովը խայտառակում է 70 պատգամավորների, ովքեր ԱԺ նիստը բոյկոտելով, իբրև թե, էթիկայի նորմ են խախտել: Ամենակարևոր հարցը, թե ինչպես է վերաբերվում մեծամասնությունն ընդդիմության այն հայտարարություններին, որ, եթե փոփոխություններն ընդունվեն՝ իրենք կբոյկոտեն հանձնաժողովի աշխատանքը, Գալուստ Սահակյանը չմեկնաբանեց, ավելի ճիշտ՝ չհասցրեց, քանի որ նիստն ավարտվեց, և ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հորդորեց շարունակել վաղը:

Ինչո՞ւ է խորհրդարանական մեծամասնություն ՀՀԿ-ն փորձում համաձայնություն գտնել ընդդիմության հետ, իսկ ընդդիմությունը՝ սպառնում բոյկոտով: Ի վերջո, ՀՀԿ-ն կարող է հենց վաղը երկրորդ ընթերցմամբ ընդունել փոփոխությունները և հայտարարել` չեք ուզում մասնակցել հանձնաժողովի աշխատանքին, մի մասնակցեք, Աստված ձեզ հետ`լավագույն դեպքում:

Բայց ընդունված է համարել, որ եվրոպական ժողովրդավարական ընտանիքին ինտեգրվող Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն փոքրամասնության տեսակետը, պետք է լսեն նաև նրանց ձայնը և հաշվի առնեն այն: Թե չէ ընդդիմությունը կհայտարարի, որ սպանեցին վերջին ժողովրդավարական ինստիտուտը Հայաստանում, ջարդեցին ու ոտնակոխ տվեցին ժողովրդավարության վերջին կանաչ ծիլը:

Հնարավոր է, որ Եվրոպայում դա դիտարկվի՝ որպես բռիություն և ոչ բարեկիրթ վարքի դրսևորում: Հնարավոր է՝ եվրոպացի չինովնիկներն օրորեն գլուխները և ասեն. «Չէ, Հայաստանը դեռ չի հասունացել՝ մեզ հետ լինելու համար»:

Դրա համար իշխանությունն արդեն երկու օր շարունակ հանդուրժում է ընդդիմության «նազուտուզը», հենց դրանով ցույց տալով, որ փոքրամասնության կարծիքն այստեղ ևս հաշվի են առնում: Բայց եթե չհաջողվի համաձայնության գալ՝ իշխանությունն ավելի շուտ կհամաձայնի, որ եվրոպացիներն իրենց մեղադրեն և խելք սովորեցնեն, քան հանդուրժեն, որ ընդդիմադիր պատգամավորները որոշեն, որ ՀՀԿ-ականները խախտել են էթիկայի կանոնները, և «խայտառակեն» նրանց:

Տեսանյութեր

Լրահոս