Նոր կանխատեսում մեր ու տարածաշրջանի տնտեսության մասին

Համաշխարհային բանկը հունիս ամսին հրապարակեց «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» հաշվետվությունը, ուր կանխատեսված են 2021թ․ տնտեսական գործընթացները:

Մեր տնտեսության վերլուծությունը ներկայացվում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ համատեղ (ընդհանուր 23 երկիր): Հենց սկզբում նշվում է, որ տարեսկզբին COVID-19-ի համաճարակի տեմպերի նվազումը դրական ազդեցություն ունեցավ այս տարածաշրջանի տնտեսությունների վրա: Սակայն դրական գործընթացները համընդhանուր չեն: Դա բացատրվում է նրանով, որ տարածաշրջանի երկրներում պատվաստման տեմպերը խիստ տարբեր են: Իսկ դա հանգեցրեց տնտեսության վերականգնման ու աճի հնարավոր տեմպի դանդաղեցմանը: Տարածաշրջանի դրամամիջոցների կուրսի անկումն այս երկրների մեծ մասում նախատեսվածից բարձր գնաճի պատճառ դարձավ: Երկրների մի մասում կենտրոնական բանկերը բարձրացրեցին վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ փորձելով զսպել, մեղմել գնաճի տեմպը: Բայց սպասված արդյունքը չեղավ:

Մեր ԿԲ-ն էլ այս տարի 5 անգամ քննարկել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ կապված խնդիրներ: Այդ հինգ քննարկումներից երեքի արդյունքում բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ փետրվարի 2-ին՝ 0.25 տոկոսով, ապրիլի 5-ին՝ 0.5 տոկոսով, և հունիսի 15-ին՝ նորից 0.5 տոկոսով: Գործող տոկոսադրույքը հիմա 6.5 տոկոս է: Պատճառը խիստ հասկանալի է, և այն ԿԲ–ն իր որոշումներում, բնականաբար, չի թաքցվում: Գնաճի նպատակային ցուցանիշը մեր երկրում որոշված է 4 տոկոս, մինչդեռ իրականում այն վաղուց է գերազանցել նախատեսված չափը:

Արդեն հրապարակված մայիս ամսվա մակրոտնտեսական ցուցանիշների մեջ նշվում է, որ «Սպառողական գների ինդեքսը» հունվար-մայիսն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 5.5 տոկոս: Իսկ «Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ուղիղ 9 տոկոս:

Վերադառնանք Համաշխարհային բանկի կանխատեսումներին: Միջազգային ֆինանսական այս կառույցը ենթադրում է, որ պետական պարտքերի ծավալը տարածաշրջանի երկրներում 2022թ․ վերջին կկազմի ՀՆԱ-ի 55 տոկոսը: Այս ցուցանիշը մոտավորապես 15 տոկոսային կետով ավելի բարձր է 2019թ․ (նախահամավարակային) ցուցանիշից: Մեր երկրի պարագային այս ցուցանիշն անհամեմատ ավելի բարձր է տարածաշրջանային միջինից: Համաշխարհային Բանկի վերլուծության համաձայն, Հայաստանի տնտեսությունը տարածաշրջանի երկրների մեջ անկման տեմպով չորրորդն է: Մեր երկրից բարձր անկում արձանագրվել է միայն Մոնտենեգրոյում՝ -15.2 տոկոս, ապա Ղրղըզստանում՝ -8.6 տոկոս, և Խորվաթիայում՝ -8.0 տոկոս:

Հիշեցնենք, մեր անկման ցուցանիշը -7.6 տոկոս էր: Իսկ անմիջական հարևաններից Վրաստանի անկումը -6.1 տոկոս էր, Ադրբեջանինը՝ 4.3: Մեր մյուս հարևանը, որի տնտեսական տվյալները ՀԲ վերլուծության մեջ ներկայացվում է մեր տարածաշրջանի հետ, Թուրքիան է: 2020թ. Թուրքիան նշված 23 երկրների մեջ աճի ամենամեծ ցուցանիշն է արձանագրել՝ 1.8 տոկոս (Տաջիկստանից հետո, որի աճը 4.5 տոկոս է):

Տնտեսական անկման ցուցանիշների արձանագրությունից հետո ՀԲ մասնագետները ներկայացնում են տարածաշրջանի երկրների տնտեսական կանխատեսումներն այս տարվա, ինչպես նաև 2022թ. և 2023թ. համար: 2021թ. վերջին, ըստ կանխատեսումների՝ մեր տարածաշրջանի տնտեսական աճը միջինում կկազմի 3.9 տոկոս: Ըստ ՀԲ կանխատեսումների՝ ամենաբարձր տնտեսական աճը՝ 6 տոկոս, կարձանագրեն Հունգարիան, Ռումինիան և Վրաստանը:

Թուրքիայի աճը կկազմի 5 տոկոս, իսկ Ռուսաստանինը՝ 3.2: Ընդ որում՝ Թուրքիայի համար կանխատեսվում է 2022-ին և 2023-ին 4.5-ական տոկոսանոց աճ»: Տարածաշրջանի երկրներից միայն Բելառուսը նվազում կարձանագրի (-2.2 տոկոս): Հասկանալի է՝ արևմտյան երկրների տնտեսական պատժամիջոցների պատճառով: Աճի ամենացածր տեմպը կգրանցվի Բուլղարիայում՝ 2.6 տոկոս: Ադրբեջանի համար ևս աճի ցածր ցուցանիշ է կանխատեսվում՝ 2.8 տոկոս:

Մեր տնտեսության համար էլ ՀԲ մասնագետները վարդագույն հեռանկար չեն պատկերացնում: Ի տարբերություն մեր մեկ՝ առանձին վերցրած նախարարի համարյա երկնիշ աճի խոստումի, ՀԲ-ն 2021-ին մեր տնտեսության 3.4 տոկոսանոց աճ է կանխատեսում, 2022թ. համար՝ 4.3, իսկ 2023թ.՝ 5.3 տոկոսանոց: Այստեղ հարկ է հիշել, որ անցած տարի էլ մեր իշխանությունները շատ ավելի փոքր անկում էին կանխատեսում, մինչդեռ պաշտոնապես ընդունված -7.6 տոկոսանոց անկումը համարյա նույնական կանխատեսել էին թե Համաշխարհային բանկի, թե Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները: Հիմա այս հաշվետվության մեջ նշվում է. «Կանխատեսումների համաձայն Հարավային Կովկասի տնտեսությունը 2021թ. կմտնի աճի փուլ, որը կկազմի 3.6 տոկոս և 2022թ. համավարակի և հակամարտությունների հետ կապված լարվածության թուլացման դեպքում կկայունանա 4.2 տոկոսի մակարդակում»:

Ռիսկի առանձին ու բավական լուրջ գործոն է դիտարկվում պատվաստումների ցածր մակարդակը թե Կենտրոնական Եվրոպայում, թե Արևմտյան Բալկաններում, թե Թուրքիայում: Համավարակը կարող է կանգնեցնել լուրջ կրճատված օտարերկրյա ներդրումները: Մեկ այլ վտանգ, ըստ ՀԲ մասնագետների, կարելի է համարել տարածաշրջանային ազգային վճարամիջոցների փոխարժեքների անկայուն վիճակը: Տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերի հակադրման, երկրների քաղաքական անկայունության հետ սա ևս դիտարկվում է՝ որպես զարգացման խոչընդոտ:

Տեսանյութեր

Լրահոս