Բաժիններ՝

Ինչպես է Ս. Կարապետյանը կարողանում բարեկամական հարաբերություններ հաստատել աշխարհի հզորների հետ

Ինչպես արդեն նշել ենք, Forbes հանդեսի ռուսական տարբերակը երեկ ծավալուն հոդված է հրապարակել մեր հայրենակից, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի մասին։ Այն թարգմանաբար և առանց կրճատումների ներկայացնում ենք ընթերցողին։

Ինչպես միլիարդատեր Կարապետյանը կրկնապատկեց իր բիզնեսը ճգնաժամի ժամանակ

 

Հաջողության բաղադրիչներըհայկական սփյուռք և լավ հարաբերություններ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ

Կարդացեք նաև

Ամայի շինհրապարակ։ Ամենուր թափված են բետոնե սալիկներ, շինարարական աղբ, իսկ տարածքի ցանկապատի վրա վառվում են լամպերը թույլ լույսով։ Մոսկվայի հարավ-արևմտյան մասում կառուցվող բիզնես-կենտրոնի շինարարությունը սառեցվել է, և հասկանալի չէ, թե երբ կվերսկսվի։ Խորհրդային ժամանակներում մարդիկ նման պատկերները հանդուրժում էին տասնամյակներ շարունակ, սակայն այժմ մենք սովորել ենք, որ նոր բնակելի տները, բիզնես-կենտրոններն ու հյուրանոցներն աճում են վայրկենապես, ասես կախարդական փայտիկի օգնությամբ։  Սակայն խաղի կանոնները փոխվել են. Սերգեյ Սոբյանինի թիմը երկու տարվա ընթացքում կանգնեցրել է աշխատանքները ընդհանուր առմամբ 9 միլիոն քառակուսի մետր մակերես ունեցող անշարժ գույքի վրա (մինչև 2008 թվականը մոսկովյան բոլոր շինարարները միասին մեկ տարվա ընթացքում ավելի քիչ էին կառուցում)։  Ճգնաժամից առաջ գրեթե յուրաքանչյուր միլիոնատեր իրեն համարում էր դևելոփեր (անշարժ գույցի կառուցմամբ զբաղվող գործարար) և ֆինանսավորում մայրաքաղաքում որևէ կառույց։ Այժմ բոլորը զգուշավոր են դարձել։ Բացառություն է կազմում «Տաշիր» ընկերությունը, որը պատկանում է ռուսական Forbes-ի ցանկում 1.6 միլիարդ դոլար կարողությամբ 63-րդ տեղը զբաղեցնող Սամվել Կարապետյանին։ Վերջին շրջանում «Տաշիրը» գործնականում ամեն ամիս հայտարարում է նոր օբյեկտի շինարարության մեկնարկի մասին՝ առևտրի տներ, գրասենյակներ, բնակելի շենքեր։ Ինչպե՞ս է դա հաջողվում հայկական փոքրիկ քաղաքում ծնված և Մոսկվայից 170կմ հեռավորության վրա գտնվող Կալուգայում հարստություն կուտակած այս մարդուն։

Երբ շուկա չկա։ Մոսկվայում առևտրի տներ շատ կան։ Դրանում համոզվելու համար բավական է ոտքով քայլել ՄԿԱԴ-ով։ Սակայն այստեղ 6 աշխատող և 3 կառուցվող մոլլեր ունեցող Սամվել Կարապետյանը համոզված է, որ շուկան դեռ դատարկ է, և մայրաքաղաքը կարող է «մարսել» առնվազն նույնքան քանակություն։ Սեփական գնահատականների համաձայն, «Տաշիրն» այժմ կառուցում է մայրաքաղաքի ողջ կոմերցիոն անշարժ գուքի 25%-ը։ Մոսկովյան շինհամալիրի ղեկավար Մարատ Խուսնուլինի խոսքերով, 2012թ. ընթացքում Մոսկվայում կկառուցվի 7 միլիոն քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույք£ Փորձագետները դրան չեն հավատում, այդուհանդերձ, բնակելի տների, գրասենյակների և առևտրային կենտրոնների շահագործման։ «Տաշիրի» ցուցանիշները մոտենում են 1 միլիոն քմ-ին։ «Տաշիրն» աճում է, ընդ որում, այն պայմաններում, որոնք որոշ դևելոփերներ հակիրճ ձևակերպում են այսպես՝ «շուկա չկա»։ Մայրաքաղաքային հողերը տնօրինելու նպատակով Սերգեյ Սոբյանինը ստեղծեց և ինքն էլ գլխավորեց հատուկ մարմինը։ Քաղաքաշինության-հողային հարցերով հանձնաժողովը։ Այդ հանձնաժողովի որոշումից է կախված` տրամադրե՞լ հողատարածքի քաղաքաշինական պլան (շինարարությունը թույլատրող հիմնական փաստաթուղթն է), թե՞ ոչ։ Հանձնաժողովի նիստերին ներդրողները չեն հրավիրվում, արձանագրությունները չեն հրապարակվում։ Մեկ նստաշրջանի ընթացքում հանձնաժողովը կարող է քննարկել 100-150 հարց, իսկ առավել հաճախ այն պարզապես վավերացվում է երկու աշխատանքային խմբերի կազմած որոշումները։ Դրանցից մեկը գլխավորում է Մարատ Խուսնուլինը, մյուսը՝ քաղաքապետի տեղակալ Անդրեյ Շարոնովը։

 

«Հարցերը կոլեգիալ կերպով են քննարկվում՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ գերատեսչություններին,- ասաց Խուսնուլինը Forbes-ի հետ հարցազրույցում,- Կառուցում ենք միայն այն, ինչ պետք է քաղաքին»։ Որոշումների մեծ մասին փորձագետները միանշանակ հավանություն են տալիս (օրինակ, Տվերսկոյ հրապարակի վրա առևտրային կենտրոնի կառուցման արգելումը)։ Սկզբունքորեն, հանձնաժողովը կոչված է լուծել քաղաքաշինական խնդիրները՝ ընդդիմանալ կառույցների ավելորդ խտությանը, սահմանափակել շինարարների ախորժակը, պայքարել երկար ժամանակ ձգվող շինարարության դեմ։ Սակայն բոլոր վտակները մեկ հունի մեջ բերելով՝ հանձնաժողովը միևնույն ժամանակ իր վրա մեծ պատասխանատվություն է վերցնում։ Նրա գործողությունների դեմ ուղղված բողոքները, որոնք հասցեագրվում են Մոսկվայի արբիտրաժային դատարան, հաշվվում են հարյուրներով։ Դևելոփերները, որոնք ժամանակին միլիոնավոր դոլարներ են վճարել «վարձակալության իրավունքի» կամ այլ փաստաթղթերի համար, այժմ բախվել են մի իրավիճակի, երբ այդ թղթերը ոչ մի արժեք չունեն։ Օրինակ, «Զառ» ընկերությունը 2007թ. վերջին Մոսկվայի կառավարությունից թույլտվություն էր ստացել առևտրային կենտրոն կառուցել Մանուշակագույն զբոսայգու տարածքում։ Ճգնաժամից հետո «Զառը» պատրաստվում էր սկսել շինարարությունը, սակայն հանձնաժողովը որոշեց, որ հողատարածքի համար պետք է կատարվեն «բարեկարգման, կանաչապատման» աշխատանքներ։ Այսինքն՝ փաստորեն արգելեց նախագիծը։

Այդպիսի օրինակները շատ են։ Սակայն, ինչպես նշում է ընկերության փոխնախագահ Իգոր Բուլատովը, «Տաշիրի» ոչ մի նախագիծ չի սառեցվել։ Մինչև այս տարվա վերջ «Տաշիրը» կավարտի Պոկլոննայա փողոցի վրա բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարությունը՝ 150 000քմ ընդհանուր մակերեսով։ Եվս մեկ բազմաֆունկցիոնալ համալիր` Շերեմետևյանի վրա (նախագիծը գնվել է Միխայիլ Պրոխորովին պատկանովին «Բաց ներդրումներից»), RIO առևտրի կենտրոն-բնակելի համալիր Լենինյան պողոտայի վրա՝  270 000քմ մակերեսով։ Նախատեսվում է կառուցել ևս մեկ առևտրի կենտրոն Մոսկվայի հարավ-արևմտյան հատվածում, հյուրանոցներ և ապարտամենտներ քաղաքի կենտրոնում և շատ այլ նախագծեր։ Մոսկվայում առևտրի կենտրոնների քանակով Ս. Կարապետյանի ընկերության հետ կարող է մրցել միայն «Կիևյան հրապարակը»։

Կալուգյան մեկնարկ։ Սամվել Կարապետյանն, արդեն 10 տարի է, հարցազրույց չի տալիս£ Վերջին անգամ հարցազրույց տվել է «Բոսս» ամսագրին 2003 թվականին։ Սակայն «Տաշիրի» միանձնյա սեփականատիրոջն անհայտ մարդ համարել չի կարելի։ Նրա ընկերությունում աշխատում է 40.000 մարդ, «Տաշիրն» օբյեկտներ ունի Ռուսաստանի 20 շրջաններում, իսկ Կարապետյանի կողմից հիմնադրված «Տաշիր» համահայկական մրցանակաբաշխության գալա-համերգին, որը տեղի է ունենում Կրեմլյան պալատում, ելույթ են ունենում Ստաս Միխաիլովը և այլ աստղեր։ Կարապետյանը ծնվել է 1965թ. հայկական փոքրիկ Կալինինո քաղաքում (այժմ քաղաքի անունը Տաշիր է)։ Կարիերան սկսել է էմալապատ սպասքի տեղական գործարանում։ Նրա ավագ եղբայր Կարեն Կարապետյանը, ով այդ ժամանակ աշխատում էր կոմսոմոլի շրջկոմում, հետո դարձավ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար (այժմ Ազգային ժողովի պատգամավոր է)։

1990-ականներին եղբայրներին հաջողվեց իրենց ձեռքը վերցնել գործարանը։ Գործարանն արտադրում էր ոչ միայն սպասք, այլև ուրիշ մետաղական իրեր£ Իրացման շուկաների և մատակարարների փնտրտուքներն ընդլայնեցին Սամվել Կարապետյանի կապերը. գործարանը սարտերային սխեմաներով աշխատում էր Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի հետ, մինչև Վլադիմիր Լիսինի նշանակումը  բիզնեսն աճում էր, Կարապետյանը սկսեց  լայն սպառման և այլ ապրանքների առևտրով զբաղվել։ Բիզնեսն ընդլայնվում էր և տարածվում Ռուսաստանի տարբեր շրջաններում£ Եվ շուտով Կարապետյանը դարձավ խոշոր առևտրային ընկերության սեփականատեր£ 1992թ. նա մեկնեց Մոսկվա, այնուհետև տեղափոխվեց Կալուգա։

Ինչո՞ւ հենց այնտեղ։ Կարապետյան ծանոթներից մեկի խոսքերով, այնտեղ էր ապրում նրա զարմիկը՝ իր ընտանիքով, ծանոթները և ընկերները։ 2.5 միլիոնանոց հայկական սփյուռքի վրա հիմնվելը միշտ բնորոշ է եղել «Տաշիրին»։ Առևտրային ընկերության կենտրոնը Մոսկվայում էր, և մի քանի տարի շարունակ Կարապետյանն ամեն օր մեքենայով գնում էր Մոսկվա՝ աշխատանքի, և վերադառնում Կալուգա։ Կալուգայում բացվեցին «Տաշիր» անվանումով ոչ մեծ խանութներ և ռեստորաններ։ Սակայն քաղաքի չափանիշներով հայտնի գործարար Կարապետյանը դարձավ միայն 1997թ., երբ գնեց «Կալուգագլավսնաբ» ընկերությունը։ Դրան հաջորդեցին Կալուգայի երկաթբետոնի առարկաների գործարանը, դեղագործական ընկերությունը՝ քաղաքի կենտրոնում, որի տեղում «Տաշիրն» այժմ կառուցել է առևտրային կենտրոն, մի շարք այլ ձեռնարկություններ։ Թվում է՝ սովորական ռեգիոնալ բիզնես է, սակայն կա մի ուշագրավ հանգամանք. «Կալուգագլավսնաբի» ժամանակներից Կարապետյանի համար կարևոր գործընկեր դարձավ «Գազպրոմը»։

«Գազպրոմի» գործընկերը։ Խորհրդային ժամանակներում ձեռնարկությունների միջև ապրանքների բաշխումը տեղի էր ունենում իրենց անվանման մեջ «գլավսնաբ» արտահայտությունը պարունակող կազմակերպությունների միջոցով։ Այսինքն, ըստ էության, խոսքը վերաբերում էր մեծածախ առևտրին£ «Կալուգագլավսնաբը» պահպանել էր հին կապերը շրջանի արտադրական ձեռնարկությունների հետ, սակայն նրա գլխավոր գործընկերները «Գազպրոմի» դուստր ձեռնարկություններն էին։ «Տաշիրի» շրջանառությունն այսօր կազմում է շուրջ 2.6 միլիարդ դոլար, որից 1 միլիարդը բաժին է ընկնում  «Գազպրոմի» պատվերով իրականացվող շինարարությանն ու սարքավորումների մատակարարմանը։ Դա, իհարկե, մի քանի անգամ  զիջում է մոնոպոլիստի հիմնական գործընկերի շրջանառությանը, ինչպես, օրինակ, Զիյադ Մանասիրին  պատկանող  «Ստրոյգազկոնսալտինգինը» կամ Արկադի Ռոտենբերգին պատկանող «Ստրոյգազմոնտաժինը»։ Սակայն նույնպես քիչ չէ։ Ինչպե՞ս գազի արդյունահանման աղբյուրներից հեռու գտնվող Կալուգան Սամվել Կարապետյանին օգնեց «Գազպրոմի» հետ հարաբերությունները զարգացնելու գործում։

1992-1995թթ. «Գազպրոմը» Կալուգայի մոտ ստեղծեց արդյունաբերական ձեռնակությունների քլաստեր։ Քաղաքի կայքում նշվում է, որ պետական մոնոպոլիայի ներդրումը գերազանցում էր 700 միլիոն դոլարը։ Այդ ամենի մեջ իր մասնակցությունն ուներ նաև խողովակներ և ալյումինային կոնստրուկցիաներ արտադրող «Ագրիսովգազ» ընկերությունը։ Նախագիծը ղեկավարում է «Գազպրոմի» խորհրդի անդամ Նիկոլայ Գուսլիստին։ Այն ժամանակ կառուցված գործարանները մինչ այժմ էլ հանդիսանում են քաղաքի տնտեսության հիմքը։ Բայցի այդ, մոնոպոլիան նաև գումարներ էր ծախսել բնակելի միկրոշրջան կառուցելու համար, որտեղ պետք է ապրեին մասնագետները։ Այնպես որ, «Կալուգգլավսնաբի» տերերը գիտեին ում հետ առևտուր անել։

2000 թվականից Կարապետյանի սեփականությունն է հանդիսանում նաև Մալոյարոսլավլյան կարի ֆաբրիկան։ 2001թ. օգոստոսին Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ Երկրորդն օրհնեց  Մալոյարոսլավեցի մոտ գտնվող վերականգնված եկեղեցին։ Պատրիարքից պարգևներ ստացան «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը, նրա տեղակալ Նիկոլայ Գլուսիստին և Սամվել Կարապետյանը։

«Մենք միշտ ամեն ինչ անում ենք արագ և ժամկետների մեջ, «Գազպրոմի» համար հարմար է մեզ հետ աշխատելը,- ասում է Իգոր Բուլատովը,- Վերևներից ոչ ոք մեզ համար լոբբինգ չի անում»։ Սակայն որոշակի փուլից սկսած` Կարապետյանի կապերը գազպրոմյան «դստրիկների» թոփ-մենեջերների հետ, ամեն դեպքում, շատ ամուր էին։

Ահա մի փոքրիկ օրինակ «Տաշիրի» ինը փոխնախագահներից մեկը՝ Անդրեյ Իլյաևը, ով ղեկավարում է մոսկովյան որոշ կառույցներ և ընկերության ամենամեծ առևտրի տունը՝ RIO-ն, աշխատանքի է ընդունվել այստեղ անմիջապես ինստիտուտն ավարտելուց հետո£ Անդրեյ Գեորգիի Իլյաևը անձնագիրը ստացել է 1975թ. Մալոյարոսլավեցում։ Իսկ նրա հայրը՝ Գեորգի Իլյաևը, 1990-ականներին ղեկավարում էր «Գազպրոմի» Մալոյարոսլավեցյան դուստր ձեռնարկություններից մեկը և «Ագրիսովգազ» ընկերության ղեկավարների հետ հանդիսանում էր նույն որսորդական կազմակերպության անդամ։ Հասկանալի է, որ դա Ալեքսեյ Միլլերի, անգամ՝ Նիկոլայ Գլուսիստիի մակարդակը չէ։ Սակայն, ամեն դեպքում, «Գազպրոմը» Կարապետյանի համար օտար չէ։  «Ագրիսովգազն» այսօր պատկանում է Զիյադ Մանասիրին, իսկ նրանից անջատված «Ռոսմետալի» բաժնետերերի թվում Գլուսիստիի հարազատներն են։

Մոսկվայի դարպասների մոտ։ «Կալուգան Տաշիրը չէ». 2004 թվականին այսպիսի պաստառներով մարդիկ բողոքի ակցիա էին անում քաղաքապետարանի առջև։ 2000-ականներին Կալուգայում «Տաշիրի» օբյեկտների թիվն այնքան շատացավ, որ դա սկսեց նյարդայնացնել բնակիչներից շատերին (ոչ միայն շովինիստներին)։ Կենտրոնական փողոցի վրա «Տաշիրը»  կառուցեց երկու հսկայական առևտրային համալիր և երեք բիզնես-կենտրոն, վերակառուցեց կենտրոնական հրապարակներից մեկը, կառուցեց 40.000քմ ընդհանուր մակերեսով բնակելի շենքեր և շատ մոտ էր քաղաքային էլեկտրացանցը գնելուն։ 2003թ. ցանցի 74%-ը 21միլիոն դոլար ներդրում կատարելու դիմաց ձգտում էին ձեռք բերել երկու ընկերություն։ Երկուսն էլ պատկանում էին Կարապետյանին։ Սակայն քաղաքի իշխանություններն այնուհետև փոշմանեցին և չեղյալ հայտարարեցին աճուրդը։ Ս. Կարապետյանի երեխաները սովորում էին Կալուգայի թիվ 5 դպրոցում, որտեղ ժամանակին գրականության ուսուցիչ էր աշխատում Բուլատ Օկուջավան։ Կարապետյանը հովանավորում էր դպրոցը և անգամ ցանկանում էր դրա հենքի վրա հայկական մշակութային կենտրոն բացել, սակայն այդ գաղափարն ընդունելություն չգտավ բնակչության կողմից£ Այդ ամենին զուգահեռ՝ Կարապետյանը շարունակում էր ընկերություններ գնել. երկաթբետոնի գործարանին ավելացավ աղյուսի գործարանը, ինչպես նաև՝ ալյումինե կոնստրուկցիաների, դռների և ֆասադների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունը։

Նահանգի ղեկավարության փոփոխությունը 2000թ. (նահանգապետի պաշտոնում Վալերի Սուդարենկովին փոխարինեց նրա նախկին տեղակալ Անատոլի Արտամոնովը) «Տաշիրի» վրա որևէ կերպ չազդեց։  «Կալուգայի իշխանությունները բոլորից շուտ սովորեցին գնահատել ներդրողներին»,- ասում է «Տաշիրի» մեր զրուցակիցը։ Նահանգապետ Արտամոնովը հաճույքով դահուկ է քշում  «Տաշիրի» կառուցած «Կվան» լեռնադահուկային համալիրում։ Սակայն շուկան նեղանում էր, և  «Տաշիրը» սկսեց ընդլայնվել դեպի մյուս շրջաններ։ Առաջին առևտրային կենտրոնները բացվեցին Յարոսլավլում և Տուլայում, իսկ 2003թ. Կարապետյանը գնեց մոսկովյան «Ավտոկոմբինատ-23»-ը, որի տեղում ընդամենը երկու տարի անց հայտնվեց առաջին առևտրային համալիրը՝ RIO-ն։ Այնուհետև RIO-ի կենտրոններ բացվեցին Օրյոլում, Արխանգելսկում, Դոնի Ռոստովում, Բելգորոդում և այլ քաղաքներում։

«Կարապետյանի ռազմավարությունը պարզ է. ամեն քաղաքում կա մի հայ, ով գիտի խաղի բոլոր կանոնները»,- բացատրում է բիզնեսմենի ծանոթը։ Սփյուռքի վրա հենվելու նրա մոտեցումը նկատելի է հատկապես մոսկովյան շուկայում։ Մոսկվայում առաջին տարածքը Կարապետյանը գնեց Միկոմս-բանկի համասեփականատեր Արթուր Առաքելյանից։ Մեկ քառակուսի մետրի հաշվով ամենաթանկ օբյեկտը՝ «Երևան Պլազան», սկսել է կառուցել «Ստինկոմ գրուպ» ընկերության սեփականատեր Գենադի Ստեփանյանը։ Նա կարողացել էր ձեռք բերել տարածքը, սակայն համալիրը կառուցել և այժմ աշխատեցնում է Կարապետյանը£ «Եվրոպարկ» առևտրի կենտրոնը, որն այժմ «Տաշիրի» մաս է կազմում, նախկինում պատկանում էր գործարար Աշոտ Եղիազարյանին։ Իսկ «Մոսկվա-Սիթի» Կարապետյանը եկավ՝ համաձայնելով ներդրում կատարել և ավարտին հասցնել Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող օբյեկտը։

2005 թվականին, երբ «Տաշիրը» մտավ մոսկովյան շուկա, այն արդեն իսկ բավական մրցակցային էր։ Արդեն գործում էին «Մեգա»,  «Ոսկե Բաբելոն», «Մոսմարտ» առևտրի կենտրոնները, կառուցվում էր Արաս Աղալարովին պատկանող «Կրոկուսը»։ RIO-ի համար վարձակալներ գտնելու հարցում Կարապետյանին օգնեց Colliers ընկերությունը։ Դրա թոփ-մենեջեր Մաքսիմ Գասիևը նախկինում աշխատում էր Աշոտ Եղիազարյանի «Դաև Պլազայում» և հենց այդտեղից էլ ծանոթ էր Կարապետյանի հետ։ «Նրանք արդեն այն ժամանակ բիզնեսում երեխաներ չէին,- հիշում է Գասիևը,- Սամվել Կարապետյանն ինքը հետաքրքրվում էր բոլոր մանրամասներով՝ ներառյալ ինտերիերը»։ Բացման պահին RIO-ն գրեթե 100%-ով լցված էր։ Սակայն հետագայում Կարապետյանը հրաժարվեց բրոքերների ծառայություններից։ «Սամվել Սարգիսովիչն ինքը սկսեց բանակցություններ վարել և տարածքները վարձակալության էր հանձնում շատ ավելի թանկ գնով, քան դա անում էին ռիելթորները»,- պատմում է փոխնախագահ Իգոր Բուլատովը։

«Տաշիրի» հաղթաթուղթը լիարժեք ինքնապահովվածությունն է։ Մոսկովյան կառույցների աղյուսն ու բետոնե կոնստրուկցիաները բերվում են Կալուգայի նրա գործարաններից։ Անհրաժեշտ շինանյութերից հոլդինգը չի արտադրում միայն ցեմենտ, ամրաններ և վերելակներ։ Անգամ էլեկտրաէներգիան «Տաշիրը» ստանում է սեփական «Կասկադ-Էներգոսբիտ» ընկերությունից։ «Սեփական ցանցային ընկերություններ ունենալը ճիշտ ռազմավարություն է, եթե օբյեկտներդ շատ են,- ասում է «ՕՊՈՐԱ Ռոսսիի»-ի ներկայացուցիչ Եվգենի Շլեմենկովը,- Սակայն կառուցելը բարդ է և շատ թանկ»։ RIO-առևտրի կենտրոնի և «Գազպրոմի» գրասենյակից երկու քայլ հեռավորության վրա գտնվող «ԳազՕյլ Պլազա» գրասենյակային համալիրի վարձակալներն էլեկտրականություն են գնում Կարապետյանից։

Հաջորդ քայլը գեներացիան է։ «Տաշիրի» գործարաններից մեկի կողքին արդեն կառուցվում է էլեկտրակայան։ էլեկտրաէներգիան «Տաշիրի» ցանցերով այնտեղից կմատակարարվի ձեռնարկություններին։

RIO առևտրի կենտրոնում քայլելիս այն կարելի է նմանեցնել քառակուսի տետրի էջի։ Տարածքը բաժանված է վանդակների։ Չկան ավելորդ ազատ մեծ տարածություններ։ Նախագծողները, բնականաբար, նույնպես յուրայիններ են։ Այսպիսով, ըստ Բուլատովի, կորուստները հասցվում են նվազագույնի, և առևտրային համալիրներն ավելի մեծ եկամուտ են բերում, քան մրցակիցներինը, իսկ ներդրված գումարը «ետ է գալիս» երկու-երեք տարում։  «RIO-ն հաջողված նախագիծ է։ Ապրի «Տաշիրը». ամեն ինչի վրա կարողանում է փող աշխատել»,- ասում է Penny Lane Realty ընկերության ներկայացուցիչ Ալեքսեյ Մոգիլան։

Երբ 2008 թվականին բացվեց RIO-ի երկրորդ առևտրային կենտրոնը, մրցակիցները չարախնդում էին, քանի որ այն լցնելու խնդիր կար։ Սակայն Կարապետյանն այդ խնդիրը լուծեց՝ տարածքների մի մասը վարձակալության հանձնելով ինքն իրեն։  «Տաշիր» խմբի մաս են կազմում «Մոդնիյ Ալյանս», Wild West և այլ մանրածախ ցանցեր, «Սինեմա Սթար» կինոթատրոնները, սեփական ռեստորանները և սրճարանները։

Եվս մի կարևոր հանգամանք. հսկայական ծավալի շինարարություն իրականացնող «Տաշիրը» պատվերների մեկ միասնական համակարգ չունի։ Խմբում գործում են մի քանի խոշոր ընկերություններ՝ ըստ աշխարհագրական բաշխման։ Փոխնախագահների կողմից ղեկավարվող այդ ընկերությունները միմյանցից անկախ են և ունեն աշխատանքի սեփական կառուցվածքըս Դա ապահովում է ներքին մրցակցություն և փոխօգնություն։ Երբ մի շինարարը չի տեղավորվում ժամկետների մեջ, ապա արագ փոխարինվում է մյուսով։ Այս մոտեցումը սկզբունքային է Կարապետյանի համար. ժամանակին նա լուծարեց սիրով ստեղծված «Տաշիր» ֆուտբոլային ակումբը՝ անհաջող մրցաշրջանից հետո։

Կարապետյանն ունի նաև սեփական Ֆոռա-Բանկ։  «Տաշիրը» վարկ վերցնում է՝ գրավադնելով միայն արդեն կառուցված օբյեկտները։ Դրա համար էլ պարտքային բեռը մեծ չէ՝ 300 միլիոն դոլար։ Դա ավելի քիչ է, քան վարձավճարներից ստացվող տարեկան եկամուտը։ 2008-ի աշնանը Կարապետյանը տարածաշրջանային առումով արդեն խոշոր բիզնեսմեն էր, սակայն Մոսկվայի կոմերցիոն անշարժ գույքի շուկայում՝ միջին. ընդամենը «Երևան Պլազան» և RIO-ի երկու կենտրոններ։ Անցել է 4 տարի։ Պատրաստի կենտրոնների թիվն արդեն հասել է 6-ի։ Եվս 5-ը կառուցվում են կամ նախագծվում։ Ճգնաժամի տարիներին և իշխանության փոփոխության դժվարին ժամանակահատվածում Սամվել Կարապետյանը դարձավ շուկայի առաջատար։ Սակայն ինչի՞ շնորհիվ՝ արդյո՞ք միայն սփյուռքի գործոնը, ինքնապահովվածությունը և պարտքերի մեջ չխրվելու ունակությունն են օգնել նրան։

Նոր իշխանությունների օրոք։ Նախկին պետծառայող և ոչ հաջողակ գործարար Սերգեյ Գլյադելկինին Կարապետյանի մոտ բերեց հայ համայնքի նրա ծանոթներից մեկը։ Գլյադելկինը լուրջ խնդիրներ ուներ՝ երկու անավարտ շենք, բարկացած բնակարանատերեր և դժգոհություն իշխանությունների կողմից։ Կարապետյանը գնեց նրա ընկերությունն ամբողջությամբ, ավարտին հասցրեց շենքերը և դարձավ Մոսկվայի մի քանի տարածքների սեփականատեր, որոնք «Մոսկվա-Ցենտրի» նախկին ղեկավարն ընտրել էր իր համար։ Կարապետյանը ձեռք բերեց նաև Լենինգրադյան խճուղու վրա գտնվող «Տրյապկա» առևտրի կենտրոնը։ «Եվրոպարկը» նրան փոխանցվեց Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանից։ Գրասենյակների և հյուրանոցների բազմաֆունկցիոնալ համալիրի կեսը Կարապետյանը ստացավ Արա Աբրահամյանից՝ շինարարությունն ավարտելու և ֆինանսավորում կատարելու խոստման դիմաց։ Այսպիսով, 2010թ., երբ Մոսկվայում իշխանության եկավ Սոբյանինը, Կարապետյանը մոսկովյան կառույցներում ներդրել էր արդեն մի քանի հարյուր միլիոն դոլար։ Նա նույնքան ռիսկի տակ էր, որքան մյուս դևելոփերները։

«Մոսկովյան ղեկավարների նոր թիմի հետ աշխատելը շատ ավելի հաճելի է,- հավատացնում է Իգոր Բուլատովը,- Եթե կարողանում ես ճիշտ ձևակերպել փաստաթղթերը, հանձնաժողովը քո մասով որոշում է կայացնում, և մնացած ամեն ինչ արդեն ավտոմատ աշխատում է։ Դու ոչ մի չինովնիկի չես տեսնում, դրա համար էլ կոռուպցիան էապես նվազել է»։ Սակայն դա չի բացատրում, թե ինչու քաղաքային իշխանությունների հետ հարաբերությունների այս նոր մեխանիզմը մյուս ընկերությունների դեպքում լիովին այլ ազդեցություն ունեցավ։

«Խոշոր ներդրողների հետ մենք ունենք աշխատանքային պլաններ, ոմանց հետ՝ 5 տարով,- ասում է քաղաքային շինհամալիրի ղեկավար Մարատ Խուսնուլինը,- Դրանց թվում` առաջին հերթին, կարող եմ նշել «Տաշիրը»։ Նրանք ոչ միայն ցանկանում են, այլև կարողանում են կառուցել»։

Շուկայի մասնակիցներն ասում են, Կարապետյանը Սերգեյ Սոբյանինի հետ ծանոթացել է գազային բիզնեսի առիթով, երբ վերջինս դեռ ղեկավարում էր Տյումենի երկրամասը։ Բուլատովն այդ տեղեկատվությունը չի մեկնաբանում։ Ամեն դեպքում, Սամվել Կարապետյանը կարողանում է բարեկամական հարաբերություններ հաստատել աշխարհի հզորների հետ։ 2001-ին, ինչպես նշվեց, նա պարգևատրվեց պատրիարքի կողմից։ 2012-ին արժանացավ ՌԴ նախագահի շնորհակալագրին՝ Կրոնշտադտում գտնվող Մորսկոյ վանքի վերականգնման ֆինանսավորման համար։ Այդ շքեղ համալիրը Ռուսաստանի ամենամեծ երեք վանքերի թվում է։ Հոգաբարձուների թվում են մի քանի նախարարներ, վարչապետ Մեդվեդևի կինը և այլ ազդեցիկ դեմքեր։ 20 միլիոն դոլարից, որը բարեգործության նպատակով ամեն տարի ծախսում է Կարապետյանը, 5 միլիոնն անցյալ տարի ուղղվել է այդ համալիրին։

«Տաշիրում» Մոսկվան համարում են աշխարհի ամենալավ քաղաքը։ Այժմ Կարապետյանին պատկանող անշարժ գույքի կեսը բաժին է ընկնում մայրաքաղաքին, սակայն նա մտադիր է այդ մասնաբաժինը հասցնել 70%-ի։ Շրջաններում նա նոր տարածքներ դեռ չի վերցնում. Մոսկվայում հետաքրքիր առաջարկները շատ-շատ են։ Իսկ չի՞ վախենում արդյոք սարսափելի Քաղաքաշինական հանձնաժողովից։ «Պարզապես չպետք է ագահություն անել, և 100.000քմ նախագծել այնտեղ, որտեղ կարելի է կառուցել ընդամենը 10.000քմ»,- հարցին ի պատասխան` նշում է Բուլատովը։ Թեպետ, ըստ Բուլատովի, «Տաշիրը» նույնպես բախվել է ծավալների կրճատման խնդրի հետ։ Կրճատել են, և ի՞նչ։

 

Սամվել Կարապետյանի նոր գաղափարն է՝ Դիմիտրովյանի RIO-ի կողքին կառուցել չինական առևտրային կենտրոն։ Խոսքն այն մասին է, որ «Տաշիրի» կառուցած համալիրը պետք է վարձակալի չինական օպերատորը, որն օրինական ճանապարհով արտադրողներից կգնի և Ռուսաստան կներմուծի չինական ապրանքներ։ Չինացիների հետ նախնական համաձայնությունն արդեն ստորագրված է։ Չնայած Մարատ Խուսնուլինը  Forbes-ին ասել է, որ նման բան չի լսել։

ՄԱՐԻԱ ԱԲԱԿՈՒՄՈՎԱ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս