«Բարգավաճ Հայաստանը» կուսակցություն չէ. Երվանդ Մանարյան
«Ես այդքան խորացված չեմ ՀԱԿ-ի քայլերի, իրենց անելիքների մեջ, բայց, կարծում եմ` նրանք ելք են փնտրում, ցանկանում են այսօրվա ծանր վիճակից դուրս գալ: ԲՀԿ-ի հետ էլ ոչ թե համագործակցում էին, այլ փորձում էին համագործակցության ճանապարհներ ստեղծել, բայց քանի որ դիմացինը դասական իմաստով կուսակցություն չէր՝ չստացվեց, նրանք իրենց հաշիվներն ունեին»,- 168.am-ին ասաց դերասան Երվանդ Մանարյանը:
Խոսելով ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին`Երվանդ Մանարյանը նշեց, թե համաձայն չէ, որ ՀԱԿ-ն իր որոշումները պայմանավորում է ԲՀԿ-ի քայլերով և մինչև նախագահի իր թեկնածուի մասին հայտնելը սպասում էր Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:
«Ես այդպիսի բան չեմ լսել Կոնգրեսի առաջնորդից, ուղղակի ընդհանուր տպավորությունն էր այդպես»,- հավելեց նա:
Երվանդ Մանարյանը կարծիք հայտնեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, շարունակում է հասարակության մի զանգվածի համար մնալ առաջնորդ, ում հետևից կարելի է գնալ և ում իմաստուն որոշումներին կարելի է ապավինել:
Նշենք, որ վերջինս Հայ ազգային կոնգրեսի համակիրներից է և ԱԺ ընտրություններում նա նույնպես ընդգրկված էր Կոնգրեսի համամասնական ցուցակում: