«Չգիտեմ աշխարհում որևէ գիտական կառույց, որը զբաղվում է գերիների հարցով. սա իշխանության հերթական «մուտիլովկան» է». ԳԱԱ նախագահը՝ Լենա Նազարյանի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին Արմավիրի մարզ կատարած նախընտրական քարոզչության ընթացքում անդրադարձել էր գերիների հարցին։ Նա հայտարարել էր, որ գերիներն իրենց կներեն, եթե Բաքվի բանտում 1-2 ամիս ավելի մնան։
«Դուք պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության ու ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ, այո, նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Գրեթե նմանօրինակ հայտարարություն էլ հունիսի 9-ին արել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ իր հարցազրույցներից մեկում։
Այսպիսով՝ երբ հաղորդավարը Լենա Նազարյանից հետաքրքրվում է, թե ինչո՞ւ գերիների հարցը չի լուծվում, Լենա Նազարյանն արձագանքում է.
«Իսկ գուցե Ադրբեջանից ավելի շատ պահանջ ներկայացվի»։ Հաղորդավարը հետաքրքրվում է, ո՞վ պահանջի, ո՞վ պահանջի Ադրբեջանից, ինչին ի պատասխան՝ Լենա Նազարյանն ասում է. «Մեր հանրությունը, իշխանության ներկայացուցիչները»։
Իսկ երբ հաղորդավարը զարմացած հարցնում է, թե մեր իշխանությանը թողած՝ Ադրբեջանի՞ց պահանջենք, ԱԺ փոխնախագահը պատասխանում է. «Մե՞նք ենք պատանդ պահել, մենք էլ Ձեզ պես, բոլորի նման պահանջում ենք»։
Հարցին՝ ինչպե՞ս պետք է պահանջել Ադրբեջանից, Լենա Նազարյանը պատասխանում է.
«Դուք էլ ունենք խոսք ասելու հնարավորություն, լրագրողական, փորձագիտական համայնքը, գիտական ու ակադեմիական համայնքները, ինչո՞ւ չի խոսում, հասարակական համայնքը։ Հիմա աշխարհը շատ գլոբալ է, մենք բոլոր երկրներում ունենք գործընկերներ, անդամակցում ենք այլ… Ի՞նչն է խանգարում, որ Կառավարության հետ համատեղ այդ քայլերը գործադրեն բոլորը, բոլոր հանրույթները, իհարկե, մենք ունենք լրացուցիչ աջակցության կարիք»:
168.am-ը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ԳԱԱ-ն կամ ինքը՝ որպես գիտնական, չի զբաղվում գերիների վերադարձի խնդրով, քանի որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի կարծիքով՝ պետք է նրանք գերիներին պահանջեն Ադրբեջանից։
Հարցը լսելուց հետո Ռադիկ Մարտիրոսյանը նախ զարմացավ՝ նշելով, թե ԳԱԱ-ն կամ ինքը ինչպե՞ս կարող են վերադարձնել գերիներին, երբ նման որևէ մեխանիզմ չունեն։
«Ես, ԳԱԱ ցանկացած ակադեմիկոս, աշխատակից, որպես՝ ՀՀ քաղաքացի, ինչպես մեր ամբողջ ժողովուրդը, մտահոգված ենք մեր գերիների խնդրով, նաև մեր երկրի առջև ծառացած խնդիրներով։ Անկախ այն հանգամանքից՝ մենք գիտնական ենք, արտադրող, ուսանող կամ մեկ այլ մասնագիտությամբ անձ, մեզ այս խնդիրը շատ է մտահոգում։ Գոյություն չունի այնպիսի կառույց, այնպիսի մի մարմին, որը գիտության ասպարեզում է, բայց զուգահեռ կարող է զբաղվել գերիների հարցով, սա ուղղակի իրենցից պատասխանատվությունը գցելու մոտեցում է։ Մենք էլ մեր ժողովրդի մի մասն ենք, և ինչպես ամբողջ ժողովուրդը, տարբեր առիթներով հայտարարում ենք, որ գերիներին պետք է վերադարձնեն, բայց մենք սրանից ավելին չենք կարող ոչինչ անել։ Ես չգիտեմ որևէ գիտական կառույց աշխարհում, որը զբաղվում է գերիների հարցով՝ չկա նման բան»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը։
Նա նաև ընդգծեց, որ բոլոր քաղաքացիների նման, գիտնականներն էլ են իրենց ձայնը բարձրացնում, կրկնելով՝ չգիտի մի այնպիսի գիտական թեքումով միջազգային կառույց, որը հատուկ զբաղվի գերիների խնդիրներով։
«Այս ամենը իշխանության կողմից արած հերթական, կներեք բառիս համար՝ «մուտիլովկան» է»,- եզրափակեց Ռադիկ Մարտիրոսյանը։