Ի՞նչ է առաջարկել Ֆիլիպ Ռիքերը Բաքվում

Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի այցը տարածաշրջան: Ինչպես օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն էր հաղորդել, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի (Վրաստան), Բաքու (Ադրբեջան) և Երևան (Հայաստան)՝ երկկողմ և տարածաշրջանային առաջնահերթությունների խթանման և տարածաշրջանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման հարցերում ԱՄՆ աջակցությունն արտահայտելու նպատակով։ Ռիքերն արդեն եղել է Թբիլիսիում և Բաքվում:

Բաքվում Ռիքերը մի շարք ուշագրավ շեշտադրումներ է արել: Նախ՝ նա Ադրբեջանը որակել է Վաշինգտոնի ռազմավարական գործընկեր:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան բարձր է գնահատել Հարավային գազային միջանցքի կառուցման ավարտը։ «Մեզ շատ անհանգստացրել են վերջին զարգացումները Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով, ներառյալ՝ ադրբեջանական ուժերի կողմից վեց հայ զինծառայողների կալանավորումը և վերջերս ականի միջադեպի արդյունքում երկու լրագրողների ողբերգական մահը»,- այս մասին Բաքվում ադրբեջանական ԶԼՄ-ների հետ կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարը:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն, Ռիքերը նշել է, որ չափազանց շատ կյանքեր են զոհվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության արդյունքում, և անհանգստություն հայտնել, որ իրավիճակը սահմանին կարող է սրվել: «Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում շտապ և խաղաղ կարգավորել այս միջադեպերը: ԱՄՆ-ը սադրիչ և ավելորդ է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի ոչ գծանշված տարածքներում: Մենք մերժում ենք ուժի օգտագործումը՝ սահմանը սահմանազատելու համար, և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել ոչ սահմանագծված սահմանի ռազմական ամրացումը և ականների տեղադրումը»,- ասել է Ռիքերը։
ԱՄՆ-ը, Ռիքերի խոսքերով, կողմերին հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար:

«Միացյալ Նահանգները կշարունակեն աշխատել միջազգային մարդասիրական կազմակերպությունների, ինչպես նաև մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ տարածաշրջանում մարդասիրական կարիքները հոգալու համար: Բայց միայն հակամարտության խաղաղ կարգավորման միջոցով Հարավային Կովկասի ժողովուրդը կարող է իսկապես ծաղկել և բարգավաճել»,- ասել է Ռիքերը։ Որոշ տեղեկությունների համաձայն, Ռիքերն արդեն Երևանում է, սակայն չկա որևէ պաշտոնական տեղեկատվություն, թե ով է դիմավորել ամերիկացի պաշտոնյային՝ հատկապես ԱԳՆ-ում վերջին հրաժարականների ֆոնին:

«168 Ժամ»-ի հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ իր առաջին տպավորությամբ՝ Միացյալ Նահանգները կրկին շեշտը դնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման վրա, որի մասին շեշտվել է Ռիքերի բոլոր բարձրաստիճան հանդիպումների ընթացքում: Ըստ նրա, այս շրջանակով է պատրաստվում Վաշինգտոնն աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ հակամարտության շուրջ առաջիկայում:

«Սակայն, կարծում եմ՝ հստակ գնահատականներ հնչեցին ներկայումս ծագած իրավիճակի և նրա վերաբերյալ, թե ինչպես պետք է այս իրավիճակը հանգուցալուծվի, որ անընդունելի է չսահմանազատված հատվածում սադրանքները և դրանց հետևանքով դիրքերի ձևավորումը: Կարևոր էր նաև պատրաստակամությունը՝ տեխնիկական աջակցություն ցուցաբերել կողմերին այս խնդրի լուծման համար, սակայն ընդհանուր առմամբ այս հարցի լուծումը դրվում է երկու կողմի վրա, բայց միջնորդ երկրները պատրաստ են աջակցել տեխնիկապես անհրաժեշտության դեպքում։ Սա կարծես առաջարկ էր: Ամերիկյան կողմի բոլոր հայտարարություններում կարմիր թելի նման նկատել եմ այն, որ հակամարտությունը կարգավորված չէ, և Միացյալ Նահանգները, կարծես, ունի դրա վրա ազդելու համար իր գործիքները: Շրջանառվում է Ադրբեջանի ռազմական ամերիկյան աջակցությունը կրճատելու վերաբերյալ Բլինքենի խոսքը:

Թեև այդ աջակցությունն ուղղված էր Իրանի զսպմանը ամերիկյան տեսանկյունից, այս հարցում ամերիկյան կողմն իր քաղաքականությունը շարունակելու հարցում կասկածներ ունի: Միևնույն ժամանակ ուշագրավ է նաև այն, որ հայտարարվեց՝ Բայդեն-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվելու է իրավիճակը հակամարտության գոտում: Նախապես նման ձևով թեմայի շեշտումը նշանակում է, որ սա առաջնահերթ կարևորության թեմա է Միացյալ Նահանգների համար, քանի որ այն շրջանառվեց Սալիվանի կողմից: Կասկած չկա նաև այն հարցում, որ տարածաշրջանային թեման կլինի նաև Պուտինի հետ Բայդենի հանդիպման օրակարգում, չի կարող Էրդողանի հետ քննարկվել, իսկ Պուտինի հետ՝ ոչ»,- ասաց վերլուծաբանը:

Նրա կարծիքով, այս բարձրաստիճան հանդիպումների ընթացքում Ղարաբաղյան թեմայով բանակցություններն ավելի կարևոր են, քան նման մակարդակի այցերը: «Ի վերջո, երկար ժամանակ Միացյալ Նահանգներն այս մակարդակով չի զբաղվել Հարավային Կովկասով և այստեղ առկա հիմնախնդիրներով, ինչը դրական հանգամանք է ու միտված է տարածաշրջանում ուժային բալանսի վերականգնմանը: Իհարկե, պատճառը, որ այսպես է, միայն պատերազմը չէ, այլ քաղաքական կամքը և ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումները՝ հիմնականում Մերձավոր Արևելքում, ու դրա հետևանքով փոփոխությունները»,-ասաց նա: Ստյուարտի կարծիքով, Ադրբեջանի դիրքորոշման պատճառով նույնիսկ ամերիկյան որոշակի քայլերի դեպքում ՄԽ վերականգնման հնարավորությունները քիչ են: «Եթե Ֆրանսիայի դեպքում կան հստակ ձևակերպումներ Ադրբեջանից, որ Ֆրանսիան անելիք չունի, ապա Նահանգների դեպքում դա չի լինի, բայց դրանից չեն փոխվում Ադրբեջանի շահերը և գործողությունները: Ինչ-որ դասավորության դեպքում Թուրքիայի և Ռուսաստանի հետ ճիշտ աշխատանքի դեպքում գուցե այլ արդյունք լինի: Իսկ սահմանազատման հարցում, կարծում եմ, դեռ հետաքրքիր զարգացումներ կլինեն, դեռ հասկանալի չէ լիովին՝ Ռուսաստա՞նը կմիջնորդի, թե՞ եռանախագահները միասին, քանի որ այստեղ շահերի անհամընկնում կա»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս