Իշխանության հնչեցրած որոշումները կայացվում են բոլորովին այլ շրջանակներում

Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանի հետ

– Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիր ուժերի կողմից միավորվելու ջանքերը, արդյոք ընդդիմությունը պետք է միավորվի որևէ գաղափարի՞, թե՞ անձի շուրջ: Կարո՞ղ է դրան նպաստել, օրինակ, ՀՅԴ-ի առաջարկած պլատֆորմը:

– Այնպիսի երկրում, որտեղ ընտրությունների ինստիտուտը պարալիզացված է, ընտրությունների շեմին միավորման միակ օրակարգն իրական ժողովրդավարական ուժերի համար, անկախ նրանից` իրենք ի՞նչ ֆորմալ կարգավիճակում են (այսինքն` կուսակցություն են, շարժում, նախաձեռնություն, և այլն), պետք է լինի ընտրությունների ինստիտուտի հաստատման ծրագիրը: Այսինքն` միակ օրակարգը, որն, իմ կարծիքով, այսօր արդիական է և կարող է իմաստ հաղորդել միավորմանը, սա է: Չեմ բացառում, որ նույն ՀՅԴ-ի օրակարգը կարող է որոշակիորեն նպաստել ընդդիմադիր համարվող ուժերի միջև սերտ համագործակցությանը, սակայն այն կարժևորվի միայն այն դեպքում, երբ գոնե դրվի խնդիր` գտնելու այն մեխանիզմները, որպեսզի «ընտրություններ» կոչվող ինստիտուտը կայանա: Պետք է մտածեն, թե ինչպե՞ս են «գողի» ձեռքը բռնելու:

Ընտրությունները մեզանից գողանում են տարբեր միջոցներով: Եթե «գողի» ձեռքը չես բռնում, այդ ընտրություններն, այսպես թե այնպես, գողանալու են, և այդ դեպքում անհասկանալի է ընդհանրապես դեմոկրատական քաղաքական ուժերի մասնակցության իմաստը: Ինչ-որ անձի շուրջ համախմբվելու մեջ դրական բան չեմ տեսնում, դա ժողովրդավարական քաղաքական ուժերին ոչ հարիր երևույթ է: Եթե մտածում են, թե փրկիչ է պետք, այդ մտածելակերպն իրավական, դեմոկրատական մտածելակերպ չէ: Եթե համարում են, որ պետք է լինի անձ, ով ինչ-որ հատուկ, գերկարողություններով է օժտված, նշանակում է, որ գերագնահատում ենք անձի դերը շարժման մեջ, որովհետև ժողովրդավարացումը մեկ անձի գործը չէ:

– Իսկ եթե այդ անձը լինի ուժե՞ղ թեկնածու:

– Ուժեղ թեկնածուն այն անձն է, ով լավագույնս խորհրդանշում է դեմոկրատական ակտուալ օրակարգի շուրջ համախմբված քաղաքացիների համաձայնությունը, կամքը: Այսինքն` պետք է առաջնային լինի խումբը, հանրությունը, որը եկել է ընդհանուր դեմոկրատական օրակարգի: Իսկ այդ օրակարգն այսօր, ըստ իս, վերևում իմ կողմից մատնանշված օրակարգն է:

– ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն օրերս նշեց, որ, չնայած ինքը ողջունել էր ՀՅԴ-ի առաջարկած 7 կետերը, բայց, միևնույն ժամանակ, տարօրինակ համարեց, որ ՀՅԴ ղեկավարները գնացել են այդ խնդիրները, օրինակ` տնտեսական մենաշնորհի հարցը քննարկելու գործող նախագահի հետ, ով, ըստ նրա, այդ խնդիրների ստեղծողն է: Ի՞նչ կարծիք ունեք այս տեսակետի վերաբերյալ:

– Սա նշանակում է, որ կոնկրետ Դաշնակցությունը կամ որևէ այլ քաղաքական ուժ, որը նման քաղաքականություն է վարում, փորձում է օգտվել ներիշխանական դաշտում առկա հակամարտությունից և դաշնակից դարձնել այդ հակամարտության սուբյեկտներից որևէ մեկին: Բայց դրանով այդ քաղաքական ուժն ինքը դառնում է ներիշխանական հակամարտության սուբյեկտներից մեկը:

– Ներիշխանական հակամարտություն ասելով` նկատի ունեք Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հակադրությո՞ւնը:

– Նախ` նշեմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում հիմնական դերակատարներն են կլանները` օլիգարխիկ խմբավորումները: Իշխանական կուսակցությունները ստեղծված են այդ կլանների` արտաքնապես քաղաքակիրթ երևալու համար: Եվ պարտադիր չէ, որ հակամարտության մեջ գտնվող կլանները լինեն հակադիր կուսակցություններում: Այդ պատճառով` սա ՀՀԿ-ԲՀԿ հակամարտություն չէ: Եվ երբ վերոնշյալ կուսակցությունը` ՀՅԴ-ն, այդպիսի քայլ է անում, դրանով նա մասնակից է դառնում այդ կլանային «ռազբորկաներին»: Կարող է` դու մտածում ես, թե լավ բան ես անում, դա կարելի է օգտագործել սեփական դիրքերի ամրապնդման համար, իսկ սեփական դիրքերի ամրապնդումը, քո կարծիքով, անհապաղ կբերի ժողովրդավարացմանը:

Բայց փաստն այն է, որ դառնում ես կլանային հակամարտության մասնակից սուբյեկտ, իսկ սա արդեն նշանակում է, որ խաղում ես ոչ սահմանադրական, այլ օլիգարխիկ դաշտում: Այդ դաշտում խաղացողներն արդեն բազմամյա փորձ ունեն, իսկ այդ նոր ուժը, որը մտնում է տվյալ դաշտ, նորեկ է: Ըստ այդմ` կարելի է եզրակացություն անել, որ այնտեղ նա, մեղմ ասած, իրեն հարմարավետ չի կարող զգալ: Իհարկե, հնարավոր է, որ խաղի մեջ մտնողը գիտակցում է այս ամենը և ուղղակի ցանկանում է ինչ-ինչ դիվիդենտներ, որոշակի ռեսուրսներ ձեռք բերել: Բայց սա նույնպես շատ քիչ կապ ունի ժողովրդի շահերի հետ:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ-ի պահվածքը: Երեկ Գագիկ Ծառուկյանը տարածեց հայտարարություն` հաստատելով այն տեղեկությունները, որ ԲՀԿ-ն սեփական թեկնածու չի առաջադրելու և չի սատարելու որևէ թեկնածուի: Սա տեղի է ունենում իշխանության ճնշումների՞ արդյունքում, թե՞ այդպես էլ պետք էր սպասել:

– Նախ` եթե կարելի է, մի ուղղում մտցնեմ. ճիշտ չէ ասել` իշխանության ճնշումների արդյունքում: Ո՞վ է այստեղ ընդհանրապես իշխանությունը:

– Ֆորմալ իշխանությունը` ՀՀԿ-ն:

– Ո՞վ ասաց, որ այդպիսի կուսակցություն գոյություն ունի:

– Գոյություն չունի՞:

– Ֆորմալ առումով գոյություն ունի, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այն որոշումները, որոնք ֆորմալ առումով հնչեցվում են ֆորմալ իշխանությունների կողմից, կայացվում են բոլորովին այլ, ստվերային շրջանակներում:

– Որտե՞ղ:

– Այսպես ասենք. որոշումը կայացվում է օլիգարխիկ դաշտում, և մենք պետք է հասկանանք, թե այդ ամենը կոնկրետ ո՞ւմ է ձեռնտու: Հիմնական խաղացողները մինչ այժմ ոլորտների, ռեսուրսների բաժանման մասին ստվերային պայմանավորվածությունների մեջ են, և դրանք սահմանադրական գործառույթների հետ ոչ մի կապ չունեն:

– Իսկ ո՞վ է այդ օլիգարխիկ դաշտի ղեկավարը:

– Չկա այդպիսի բան:

– Ուզում եք ասել` նախագահ Սերժ Սարգսյանը որոշումներ չի՞ կայացնում:

– Ուզում եմ ասել` որոշումներ կայացնում է օլիգարխիկ թիմը, որտեղ ներգրավված է Սերժ Սարգսյանը` որպես արբիտր, կոորդինատոր: Եվ այդ օլիգարխիկ թիմը խնդիրներ ունի մեկ այլ օլիգարխիկ խմբավորման հետ, որի հիմնական խաղացողներն են, օրինակ, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը: Այսպիսով` տեղի են ունենում «ռազբորկաներ»` ռեսուրսների վերաբաշխման շուրջ: Սա է հետաքրքրում օլիգարխներին, ուրիշ ոչինչ:

Հավանաբար, այն օլիգարխիկ թիմը, որի ներկայացուցիչներն են Ծառուկյանը և Քոչարյանը, այնպիսի պահանջ էր ներկայացրել մյուս թիմին, որի բավարարումը, ըստ վերջինիս, կարող է հանգեցնել ռեսուրսների մեծ կորստի: Եթե այս անորոշությունը, այս գործընթացն այսքան երկար տևեց, նշանակում է` խնդիրը շատ բարդ էր, և չէին կարողանում պայմանավորվածության գալ:

Այս առումով կարծում եմ` այստեղ որոշակի արտաքին ճնշում կա, որովհետև չեմ կարծում, թե ռեսուրսների բաշխման վերաբերյալ բանակցությունների ժամանակ կարելի էր այդչափ կոնֆլիկտային հարաբերություններ հաստատել, ընդհուպ` մինչև անձնական փոխադարձ վիրավորանքներ հասցնելը, եթե չլիներ արտաքին ազդեցություն:

– Այսինքն` ԲՀԿ-ում դիրքորոշումների փոփոխման այսչափ հաճախակիությունը, հնարավոր է, իսկապես պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշումները կուսակցության ներսո՞ւմ չեն կայացվում, այլ արտաքին ուժերի կողմի՞ց, մասնավորապես` Մոսկվայում, ինչպես կարծում են բազմաթիվ գործիչներ:

– Օլիգարխիկ խմբերն իրենք քաղաքական լեգիտիմությունը չունեն, և շատ բարդ աշխարհաքաղաքական բնույթի խնդիրների առաջացման դեպքում չեն կարող դերակատար լինել: Բնականաբար, այդ դեպքում յուրաքանչյուր օլիգարխիկ խումբ փորձում է համոզել աշխարհաքաղաքական կենտրոններին, որ հենց ինքն է այդ կենտրոնի շահերի պաշտպանը երկրում:

Ասեմ այսպես. ես ապացույցներ չունեմ ասելու, որ այդ օլիգարխիկ ուժը ղեկավարվում է Ռուսաստանի կողմից, բայց կարող եմ ասել, որ` ա) որոշակի ժամանակահատվածում արված հայտարարությունները, դիրքորոշումները, կոնկրետ քայլերն ուսումնասիրելուց հետո կարելի է գալ այն եզրակացության, որ այդ ուժը հիմնականում ռուսամետ կողմնորոշում ունի, այսինքն, այսպես ասած, առնվազն համակրում է Կրեմլին, բ) նաև նրա մշակույթը, գործելակերպը բնորոշ է խորհրդային, ռուսական վարվելակերպին, մտածողությանը, գ) մենք գիտենք, որ բոլոր օլիգարխիկ խմբավորումները և դրանց կարկառուն ներկայացուցիչները սերտ բիզնես կապեր ունեն ռուսական օլիգարխիկ շրջանակների հետ, և սա շատ որոշիչ է:

Այստեղ կա նաև այն հանգամանքը, որ Կրեմլը Հայաստանին դիտարկում է` որպես այս տարածաշրջանում իր ֆորպոստ, սա էլ դեր է խաղում այն առումով, որ մեր օլիգարխիկ խմբավորումները շահագրգռված են լինում Կրեմլին ցույց տալու, թե իրենք այդ ֆորպոստի շատ լավ ներկայացուցիչներն են, իրենք կարող են մաքսիմալ կերպով ծառայել Կրեմլի շահերին, և իրենց հետ կարելի է գործ անել:

Եթե այդպես ես քեզ ներկայացնում, բնականաբար, կախվածության մեջ ես ընկնում, և այդ դեպքում Կրեմլը կարող է կոնկրետ պահանջներ դնել: Հիմա, որպես օրինակ, կարող ենք ենթադրել, որ, ասենք, Կրեմլն ինչ-որ պահի սկսել էր բավարար չափով չվստահել Սերժ Սարգսյանին` որպես իր ֆորպոստի ներկայացուցիչ, և փորձում էր մեկ այլ օլիգարխիկ խմբի միջոցով ճնշում իրագործել Սերժ Սարգսյանի վրա:

– Իսկ միգուցե Ծառուկյանի չառաջադրվելը պայմանավորված է հենց ա՞յդ հանգամանքով, որ Կրեմլն արդեն վստահելի է համարում Սերժ Սարգսյանին, առավել ևս, եթե հարցը դիտարկենք Եվրասիական միության անդամակցության շուրջ վերջին քննարկումների համատեքստում:

– Կարելի է ենթադրել, որ «ռազբորկաները» հանգուցալուծվել են, Կրեմլը որոշակիորեն բավարարվել է, հիմնական դերակատարների միջև կնքվել է ռեսուրսների բաշխման նոր, բանավոր պայմանագիր, և Սերժ Սարգսյանը որոշակի հավաստիացումներ է տվել Մոսկվային: Սակայն դա, իր հերթին, նշանակում է, որ հետագայում պետք է տեսնենք կոնկրետ քայլեր, որոնք դուրեկան են լինելու Կրեմլին: Միևնույն ժամանակ, Կրեմլը, թեև փորձում է, բայց այսօր ի վիճակի չէ ամբողջությամբ վերահսկել իրավիճակը: Մոսկվան, այսպես թե այնպես, հաշվի է նստում Արևմուտքի հետ, և, բնականաբար, Արևմուտքն այստեղ նույնպես պահանջներ ունի և հեշտությամբ չի նվիրի այս տարածքը Ռուսաստանին: Ուրեմն` ինչ-որ կոնսենսուսի պետք է գան:

– Իսկ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելն ի՞նչ կտա ՀԱԿ-ին, արդյոք կարո՞ղ է մեծացնել Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավորությունները:

– Գիտեք, որևէ ընդդիմադիր թեկնածուի հնարավորությունները կմեծանան այն ժամանակ, երբ նա, ինչպես նշեցի, դառնա ընտրությունների ինստիտուտի հաստատման օրակարգը ձևավորող թիմի ներկայացուցիչ: Միայն այդ դեպքում նա կարող է դերակատար դառնալ, և միայն այդ ձևով է հնարավոր հաղթել ռեժիմին: Հակառակ դեպքում որևէ ընդդիմադիր թեկնածու որևէ հնարավորություն չի ունենալու, ինչպիսի կենսագրություն և անձնական որակներ էլ ունենա:
Ծառուկյանի չառաջադրվելն օգնելու է ՀԱԿ-ին պահպանել իր դիրքերը` որպես քաղաքական դաշտում գործող ինքնուրույն սուբյեկտ:

Հակառակ դեպքում, եթե Ծառուկյանն առաջադրվեր և ֆորմալ առումով հակադրվեր Ս.Սարգսյանին, կարող էին խնդիրներ առաջանալ ՀԱԿ-ում, քանի որ մի մասը կցանկանար աջակցել Ծառուկյանին: Իսկ մենք գիտենք, որ շատերը դեմ են դրան, և այդ պարագայում նոր պառակտում էր լինելու:

– Փաստորեն, Ծառուկյանի չառաջադրվելն ավելի բարենպա՞ստ է ՀԱԿ-ի ներկայիս կազմի պահպանմանը:

– Այո՛, Ծառուկյանի չառաջադրվելը կամ Սերժ Սարգսյանին աջակցելը շահեկան է ՀԱԿ-ի` այս կազմով պահպանման համար: Սա կարող ենք ասել:

– Իսկ կնշե՞ք` ի՞նչ մեխանիզմներ են պետք այդ ընտրությունների ինստիտուտի հաստատման վերաբերյալ օրակարգի ձևավորման համար:

– Այսօր այն գաղափարները, որոնք կարող են բաժանում առաջացնել ընդհանուր առմամբ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող հանրության մեջ, պետք է դրվեն մի կողմ: Օրինակ` սոցիա՞լ-դեմոկրատիա, թե՞ քրիստոնյա-դեմոկրատիա, բարձրացնե՞լ հարկերը, թե՞ իջեցնել, և այլն, այսպիսի հարցերը պետք է դրվեն մի կողմ: Խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական կառավարման համակարգ, այսպիսի հարցերը պետք է դուրս մղվեն օրակարգից, քանի որ դրանք հետագայի խնդիրներ են:

Այս պահի դրությամբ, որպես խնդիր` սեղանին պետք է դրվի այն հարցը, թե ինչպե՞ս կարող ենք ինքնակազմակերպվել և համագործակցել, որ ընտրակաշառք չլինի, ինչպե՞ս անենք, որ թաղի «խուժանը» հեղինակություն չունենա, որ իշխանամետ հեռուստատեսությունն ազդեցություն չունենա մարդկանց գիտակցության վրա, որ իշխող խմբավորումները չկարողանան մարդկանց վախեցնել` սպառնալով գործից հեռացնել` իրենց հանրահավաքին չգալու համար, և այլն, և այլն: Այս խնդիրները պետք է առաջադրվեն և լուծվեն: Կարելի է ընդհանրապես մեկ խնդիր առաջադրել և դնել վերջնաժամկետ, այսինքն` մինչև այս խնդիրը չլուծենք, առաջ չենք գնալու: Կարևորը` չզբաղվեն ինքնախաբեությամբ, որովհետև մինչ այժմ միշտ հայտարարել են. «այս անգամ այդպես չի լինելու, ժողովո՛ւրդ, չխաբվեք, չծախվեք, ձեր խղճով առաջնորդվեք, չի կարելի այսպես…»:

Սրանք անիմաստ հայտարարություններ են, որովհետև նրանք, ովքեր լծակներ ունեն մարդկանց վրա, բանեցնում են այդ լծակները և ստանում ցանկալի արդյունք: Այդպես չի լինում, որ ժողովրդի մեծամասնությունը մի օր նստի, հանկարծ խղճի խայթ զգա, հենց այնպես քաղաքացիական գիտակցություն արթնանա իր մոտ, և ասի` «վե՛րջ, ես այսօրվանից ստրուկ չեմ»: Այդպես չի լինում: Պետք է արդեն բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող որոշակի մարդկանց խումբ կոնկրետ քայլ անի և հեղինակազրկի, չեզոքացնի մեծամասնությանը ստրկացնողին` իհարկե, միայն խաղաղ մեթոդներով և Անկախության հռչակագրի, Սահմանադրության հիմնարար դրույթների համաձայն: Այսինքն` մեզ այսօր պետք է ժողովրդավարական շարժում:

Տեսանյութեր

Լրահոս