Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կարիք ունի տեխնիկական վերազինման և վերանորոգման

Հարցազրույց Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանի հետ

Ինստիտուտում այժմ ուսումնասիրվում են Ալցհեյմերի, Պարկինսոնի անբուժելի հիվանդությունները և մի շարք այլ պաթոլոգիաներ, որոնք կապված են ուղեղի աշխատանքի ոչ նորմալ ընթացքի հետ:

– Կպատմե՞ք՝ ինչ աշխատանքներով է զբաղված ինստիտուտը:

– Մեր ինստիտուտը իր պատմության 70 տարիների ընթացքում ի սկզբանե մասնագիտացել է նեյրոֆիզիոլոգիայի բնագավառում: Այսինքն` զբաղվում ենք բոլոր այն գիտական ուսումնասիրություններով, որոնք կապված են ուղեղի և նյարդային համակարգի հետ: Ինստիտուտը շատ առաջադեմ է եղել Խորհրդային Միության տարիներին: Ինստիտուտի հիմնադիր Լևոն Օրբելին, ում ծննդյան 130-ամյակը մենք այս տարի նշեցինք, շատ կարևոր դերակատարում ուներ ինստիտուտի կայացման և զարգացման գործում: Հաջորդ տարի ևս մեզ համար հոբելյանական տարի է լինելու. նշելու ենք ինստիտուտի 70-ամյակը:

Ցավոք, Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած տարիներին մեր ինստիտուտը, ինչպես նաև ակադեմիական համակարգի մնացած գիտահետազոտական ինստիտուտները, բավական դժվարին տարիներ են ունեցել, որի ընթացքում Խորհրդային Միության տարիներին ձեռք բերված համբավը փոքր-ինչ խամրել է: Ներկայումս, սակայն, մենք նոր քաղաքականություն ենք փորձում կիրառել, որպեսզի ինստիտուտը, եթե ոչ լիովին, ապա, որքան հնարավոր է՝ արագ վերականգնի իր այդ բարձր անունը: Անգամ Խորհրդային Միության վերջին շրջանում մեր ինստիտուտը կրկին ԱՊՀ տարածքում առաջատարներից էր: Ցավոք, ներկայումս դա այդպես չէ, սակայն այդ ամենն ունի նաև իր օբյեկտիվ պատճառները:

Օրինակ, երիտասարդ կադրերի՝ երկրից արտահոսքը բավական խոչընդոտում է մեր աշխատանքներին: Այս և այլ խնդիրները, որոնք առկա են մեր ինստիտուտում, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գրեթե բոլոր ինստիտուտներում կան: Ես, ընդամենը մի քանի ամիս է, ինչ այս ինստիտուտի տնօրենն եմ, սակայն այստեղ մեծ պոտենցիալ եմ տեսնում ու կարծում եմ, որ ճիշտ քաղաքականություն վարելով՝ հնարավոր կլինի կադրերին խրախուսել, որպեսզի նրանք գան այստեղ: Բացի այդ, կարևոր եմ համարում նաև բժշկական կլինիկաների/հիմնարկների և, ինչո՞ւ չէ, նաև բժշկական ուսումնական հաստատությունների հետ կապը, որը, ցավոք, խափանվել է: Կարծում եմ` այն կարելի է վերականգնել:

Այժմ մեր աշխատանքները նվիրված են նեյրոդեգեներացիային: Ուսումնասիրում ենք այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությունները և մի շարք այլ պաթոլոգիաներ, որոնք կապված են ուղեղի աշխատանքի ոչ նորմալ ընթացքի հետ: Այդ հիվանդություններն առավել հաճախ հանդիպում են ծերերի մոտ, սակայն երբեմն այդ ամենը կարող է ոչ միայն տարիքով պայմանավորված լինել: Օրինակ, այդ հիվանդությունների առկայությունը կարող է պայմանավորված լինել նաև էկոլոգիական խնդիրներով: Հայտնի է, որ նույն Պարկինսոնի հիվանդությունը կարող է հանդիպել հատուկ գյուղատնտեսական թունավոր նյութերով գյուղմթերքի մշակում իրականացնելու դեպքում: Սակայն, իհարկե, այս հիվանդությունն ունի նաև իր բնական պատճառները:

– Ի՞նչ ձեռքբերումներ ունեք այս ուղղությամբ:

– Ցավոք, այս և օնկոլոգիական մի շարք հիվանդություններ վերջին շրջանում բավական շատացել են, ավելացել են նաև դրանց ուղղությամբ իրականացվող ուսումնասիրությունները, սակայն միանշանակ լուծում դեռևս չի գտնվել: Իհարկե, կատարված ուսումնասիրությունները բավական հետաքրքիր արդյունքներ են տվել, որոնց մասին մեր գիտնականները հոդվածներ են տպագրում միջազգային գիտական հանդեսներում:

Այդ ուսումնասիրություններից մեկի արդյունքում պարզ դարձավ հայկական գյուրզա օձի ենթատեսակի թույնի բուժիչ ազդեցությունը: Նեյրոդեգեներատիվ պաթոլոգիաների և օնկոլոգիական որոշ պաթոլոգիաների դեպքերին են ուղղված մեր ինստիտուտի երկու լաբորատորիաների աշխատանքները: Այս ուսումնասիրությունների ուղղությամբ համագործակցում ենք նաև արտերկրի մի շարք լաբորատորիաների և ինստիտուտների հետ: Բացի այդ, ներկայումս ուսումնասիրություններ ենք կատարում նաև սպորտային ֆիզիոլոգիայի բնագավառում:

Օրինակ` շատ հաճախ սպորտային ծանրաբեռնվածությունն ազդում է ոչ միայն օրգանիզմի, այլև դրա նյարդային ռեգուլյացիայի վրա:

Բացի այդ, ուսումնասիրվում են, թե, օրինակ, կանացի սեռական օրգանների վիրահատության ժամանակ ինչպես է փոխվում նրա նյարդային համակարգը: Դա կիրառելի է և կարող է օգնել հասկանալ, օրինակ, կնոջ հետվիրահատական սթրեսի և ընդհանրապես նյարդային համակարգի շեղումների բուժման հնարավորությունները: Ուսումնասիրություններն իրականացվում են առնետների մոտ տարբեր պաթոլոգիաների դեպքում: Որպես գիտահետազոտական ինստիտուտ՝ մենք կատարում ենք ավելի շատ կենդանիների մոդելային փորձեր, որոնց տվյալները, սակայն, կարելի է հավաքագրել, և հետագայում դրանք կարող են օգտակար լինել նաև մարդկանց մոտ նման դեպքերի և հիվանդությունների բուժման համար:

Ուսումնասիրվում է այն, թե տարբեր իրավիճակներում ինչպիսի՞ ֆիզիոլոգիական և հոգեկան շեղումներ կարող են հարուցել այդպիսի հիվանդությունները, և ինչպե՞ս կարելի է այդ ամենը բուժել: Նյարդաֆիզիոլոգիան բավական լայն բնագավառ է, այն ներառում է ֆիզիոլոգիայի տարբեր բնագավառներ: Մեր ինստիտուտն ընդգրկում է 12 տարբեր լաբորատորիաներ, որոնք իրենց ուղղվածությամբ փորձում են ուսումնասիրել ամբողջ դաշտը:

– Խոսենք ինստիտուտի ձեռքբերումների մասին: Ի՞նչը կառանձնացնեք:

– Մենք հավանաբար պետք է որոշակի ժամանակահատվածի մեջ հարցը դիտարկենք: Եթե վերցնենք 70 տարիների ընթացքում ինստիտուտի ձեռքբերումները, ապա դրանք շատ-շատ են: Դրանք մենք ցանկանում ենք ներկայացնել արդեն հաջորդ տարի ՀՀ ԳԱԱ-ում հատուկ ստենդի միջոցով՝ ինստիտուտի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ:
Մեր ինստիտուտը ղեկավարել են մի շարք շատ հայտնի գիտնականներ` Օրբելին, Հասրաթյանը, Կոշտոյանցը, Բակունցը, Ֆանարջյանը, իսկ նրանց գործունեության արդյունքը շատ ակնհայտ է եղել խորհրդային տարիներին:

Այդ ընթացքում շատ հարցերում ինստիտուտը որոշել է անգամ միութենական տարածքում այս ոլորտի ուսումնասիրությունների հետագա ընթացքը, ծրագրերն ու դրանց ուղղվածությունը: Խորհրդային Միության փլուզումից հետո ընդհանրապես ինստիտուտի գոյատևման հարցն էր առաջացել, սակայն այժմ արդեն կամաց-կամաց վերականգնվում է այդ պոտենցիալը:

Իհարկե, որպես ձեռքբերում` կարող ենք նշել, որ այն ուսումնասիրությունները, որոնք կատարվում են մեր ինստիտուտում, եզակի են հանրապետության համար և ունեն լավ, հեռանկարային համագործակցության հնարավորություններ արտասահմանյան մի շարք հայտնի ինստիտուտների հետ, այդ թվում` Խորվաթիայում գտնվող Ուղեղի ինստիտուտի հետ, Հունաստանում, Ռուսաստանում էվոլուցիոն կենսաքիմիայի և ֆիզիոլոգիայի ինստիտուտների հետ, Ուկրաինայում` ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ, և այլն: Այժմ մենք շատ ակտիվ մասնակցում ենք միջազգային համագործակցության նախագծերին և որոշակի դրամաշնորհային ծրագրերի: Հուսով ենք, որ դրա արդյունքները մոտ ապագայում տեսանելի և զգալի կլինեն:

– Խոսենք խնդիրների մասին. այսօր ի՞նչ խնդիրներ ունի ինստիտուտը:

– Խնդիրները շատ են: Ընդհանուր գիտության վիճակը երկրում դեռ այնպիսին չէ, ինչպիսին պետք է լինի: Առաջին հերթին` խոսքը նյութատեխնիկական բազայի պակասին է վերաբերում:

Անցած տարիների ընթացքում ձեռքբերվածն արդեն բավականաչափ հնացել է, և ինստիտուտը խիստ կարիք ունի վերազինման և վերանորոգման: Աշխարհում գիտական աշխատանքներն այսօր իրականացվում են մոլեկուլյար, ենթաբջջային մակարդակով: Մենք, իհարկե, փորձում ենք այդ ամենը կիրառել նաև այստեղ` համագործակցելով համապատասխան ուղղվածություն ունեցող ինստիտուտների հետ, փորձում ենք ձեռք բերել այդ սարքավորումները որոշակի գրանտային ծրագրերի շրջանակներում: Սակայն հաճախ գիտական տեխնիկայի գներն այնպիսին են, որ դրանք հնարավոր չէ ձեռք բերել անգամ շատ խոշոր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:

Այդ ամենի համար, հավանաբար, պետք է պետական մոտեցում, որպեսզի անհրաժեշտ սարքավորումներից գոնե մեկ կամ երկուսը լինեն մեր հանրապետությունում, որպեսզի գիտնականն անհրաժեշտության դեպքում տեղյակ լինի՝ որտե՞ղ կարելի է դիմել: Ցավոք, այժմ իրավիճակն այնպիսին է, որ անգամ այնպիսի բարձրորակ սարքավորումները, ինչպիսին է` ԱՖՄ, Յամեր, սեկվենատորներ (DNA sequencer), որոնք բավական կիրառվող են այս բնագավառում և բժշկագիտության մեջ, անհասանելի են գիտնականների համար: Մինչդեռ այդ ամենից երիտասարդները կարող են հեշտությամբ օգտվել արտերկրում: Դրսում վերապատրաստման գնալով՝ նրանք շատ լայն հնարավորություններ են ունենում: Իհարկե, դա հարցի լուծում չէ. բնական է, որ մասնագիտացած երիտասարդի համար, ով արդեն կարող է այդ սարքավորումների հետ աշխատել, այլևս չկա հրապուրիչ և ոչ մի հանգամանք հայրենիք վերադառնալու համար:

Ավելին, նա անգամ իր մասնագիտացումն է կորցնում: Սա մեծ խնդիր է, որը պետք է լուծվի: Չեմ կարծում, որ սա միայն մեր ինստիտուտի խնդիրն է: Ամենակարևոր խնդիրներից է նաև շենքերի մաշվածության հարցը: Մեր ինստիտուտների բնական մաշվածությունը թույլ չի տալիս խոսել շատ լավ աշխատանքային պայմանների մասին, կարիք կա կապիտալ վերանորոգման: Իհարկե, մենք որոշ փոքր վերանորոգման աշխատանքներ իրականացնում ենք դրամաշնորհային ծրագրերի միջոցով, սակայն դրանք թույլ չեն տալիս, որ ընդհանուր ինստիտուտը ժամանակակից գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակի հասցնենք:

Գիտահետազոտական ինստիտուտը պարզապես կառույց չէ, դրանց համար կարևոր են օդափոխության, ջեռուցման, էլեկտրական համակարգերի յուրահատուկ պայմանները: Խորհրդային տարիներին այդ ստանդարտները կիրառվել են, սակայն ներկայումս այդ համակարգերը պետք է ամբողջությամբ թարմացնել:

– Առաջիկա Ձեր ծրագրերի մասին խոսենք, ի՞նչ եք նախատեսում:

– Ելնելով խնդիրներից` նախևառաջ փորձելու ենք տեխնիկապես վերազինել լաբորատորիաները: Ունենք բարձրորակ մասնագետներ: Այսինքն՝ մասնագետների խնդիր չունենք, սակայն ենթակառուցվածքի խնդիրը հաճախ խոչընդոտում է մասնագետների աշխատանքը, քանի որ դրանից բխում են նաև միջազգային ստանդարտներին համապատասխան տպագրությունների որակը, և այլն:

Այսինքն` միանշանակ պետք է վերազինել լաբորատորիաները, և մենք արդեն սկսել ենք աշխատել այդ ուղղությամբ: Հուսով եմ, հետագայում նաև որոշակի դրամաշնորհային ծրագրերն ու մրցութային հնարավորությունները թույլ կտան որոշակի չափով լավացնել իրավիճակը: Ծրագրում ենք առաջիկա ամիսներին, հավանաբար՝ գարնանը, կրկին բացել մեր էլեկտրոնային մանրադիտման լաբորատորիան, ինչի առնչությամբ արդեն կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել արտասահմանյան մի ընկերության հետ, որը կօգնի մեզ առկա սարքավորումների բլոկների թվայնացման ուղղությամբ:

Այս ամենը մեզ հնարավորություն կտա էլեկտրոնային մանրադիտմամբ որոշակի բժշկագիտական և կենսաբանական խնդիրներ լուծել: Անկեղծ ասած, ես լավատես եմ, եթե իրավիճակը այդքան տխուր լիներգ Ես մի քանի տարի աշխատել եմ մեր հայկական գիտական հրատարակչությունների վերլուծության բնագավառում և կարող եմ վստահ ասել, որ դեռևս միջազգային մակարդակով շատ լավ ենք ներկայանում մեր գիտական արդյունքների շնորհիվ: Շատերն ասում են, որ դա խորհրդային տարիներից եկած իներցիայի շնորհիվ է, սակայն արդեն բավական տարիներ են անցել, և չեմ կարծում, որ միայն այդ իներցիայով կարելի է բացատրել դա:

Պարզապես մեր ազգը հակված է զբաղվել գիտությամբ և նույնիսկ չեղած տեղից ստեղծում է պայմաններ: Իհարկե, այդ ամենին նպաստում է այն փաստը, որ շատ լավ և անվանի հայազգի գիտնականներ այսօր աշխատում են արտասահմանյան շատ բարձրորակ գիտական կենտրոններում, նրանք շատ հարցերում համագործակցում են և օգնում են մեզ, իսկ այդ կապերը թույլ են տալիս դեռևս բարձր պահել այս մակարդակը: Հուսով եմ` այն գնալով կբարձրանա և չի իջնի:

Տեսանյութեր

Լրահոս