Այս իշխանությունը կեղտի մեջ է, փորձում է ուրիշներին թաթախել այդ կեղտի մեջ, որ գոնե իրենցից շատ ավելի լավ, մաքուր չերևան. Ռոբերտ Քոչարյան
Սիսիանում քարոզարշավն ավարտելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց լրագրողների 3 հարցի: ՀՀ երկրորդ նախագահը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հնչեցրած հարցին։
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանն ասաց, թե այս ընթացքում չի եղել հանդիպում մի բնակավայրում, որտեղ հանդիպման մասնակիցներն անվտանգային հարցեր չեն բարձրացրել, ինչը, ըստ Երկրորդ նախագահի, նշանակում է, որ յուրաքանչյուրի մոտ անհանգստություն կա այդ մասով, ինչը պետք է փոխել:
«Ունենք հստակ պատկերացում, թե ինչպես սա կարելի է փոխել: Եվ այս ընթացքում նաև մեր հերոս գեներալների հետ քննարկումներ ունեցել ենք, թե ինչ քայլեր կարելի է անել, որն է առաջնահերթությունն այստեղ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքում գործող իշխանության հնչեցրած գնահատականներին բանակի ու երկրում կատարված այլ իրադրությունների վերաբերյալ՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե իշխանությունը քարոզարշավում որդեգրել է ուրիշներին կեղտոտելու քաղաքականությունը:
«Ես կառաջարկեի վերհիշել իր հայտարարությունները ամռանը, թե ինչպիսի բանակ մենք ունենք՝ «ամենից մարտունակ» և այլն: Հիշո՞ւմ եք այդ հայտարարությունը: Ուղղակի պետք է հիշեցնել: Եվ ընդհանրապես այն ոճը, որը որդեգրվել է իշխանական թիմի կողմից, իմ համար անհասկանալի է: Վերջապես ընտրությունները դա իշխանության հաշվետվություն է ժողովրդի առջև, թե ինչ է արել այս ժամանակահատվածում: Ես հաշվետվություն չլսեցի ոչ մի հանդիպման ժամանակ: Բայց ընտրությունների էությունը հենց դրա մեջ է, որ դու գաս, ասես՝ «ես ընդունել եմ երկիրը այս վիճակում, հիմա գնում եմ ընտրությունների, երկիրը այս վիճակում է»… թվերով, համեմատություններով: Ուղղակի սա չկա: Եվ ես ենթադրում էի, որ մարդիկ պետք է առաջին հերթին ժողովրդին ասեն՝ «ներողություն, որ չի հաջողվել ինչ-որ բանի հասնել, բայց մենք այնուամենայնիվ կփորձենք»: Նույնիսկ դա չեն ասել և որդեգրել են մի ոճ՝ վարկաբեկել բոլորին: Ոնց որ, եթե դու ինքդ կեղտի մեջ ես, փորձել ուրիշներին թաթախել այդ կեղտի մեջ, որ գոնե քեզանից շատ ավելի լավ, մաքուր չերևան: Սա ուղղակի, ռուսերեն մի բառ կա, ущербный մարդու հոգեբանություն է: Այդ վիճակում են հիմա իրենք»,- ասաց Քոչարյանը:
Հարցին, արդյո՞ք Երկրորդ նախագահի հայտարարությունը, թե հունիսի 20-ից հետո նախկին իշխանության գործունեության վերաբերյալ քաղաքական գնահատականներ են հնչեցնելու, վերաբերում է նաև Սերժ Սարգսյանի իշխանությանը, Քոչարյանը հետևյալ կերպ արձագանքեց.
«Խոսքը ոչ միայն պետք է գնա քաղաքական գնահատականի մասին, որովհետև քաղաքական գնահատականն ինչ-որ չափով սուբյեկտիվ է: Երբ ասում ես քաղաքական գնահատական, դա նշանակում է՝ տվյալ իշխանության կողմից քաղաքական գնահատական տալ այս կամ այն ժամանակահատվածին: Եթե տանք, ես կարծում եմ՝ պետք է տալ շատ օբյեկտիվ, փորձել անել բոլոր ժամանակաշրջանների վերաբերյալ: Այո, նաև իմ կառավարման ժամանակաշրջանի: Բայց մեկ է՝ քաղաքական գնահատականը մնում է քաղաքական, իսկ իսկական գնահատականը երևի ժողովուրդն է տալիս և այդ գնահատականը լինելու է այս ընտրությունների ժամանակ: Այս ընտրությունները լինելու է քաղաքական գնահատական այս իշխանության համար ևս»: