Դատավոր Ազարյանի նկատմամբ հնչեցված սպառնալիքների փաստով գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հնչեցված սպառնալիքների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազաության կողմից ոստիկանությանը հանձնարարվել է նյութեր նախապատրաստել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով:

Այս մասին 168.am-ին տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ըստ Քրդատ օրենսգրքի 180-րդ հոդվածի՝ Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

Իսկ 181-րդ հոդվածն ասում է՝ հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը` քրեական գործ հարուցելու մասին, քրեական գործ հարուցելը մերժելու մասին և հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ի երեկոյան անհետ կորած զինծառայողների հարազատների հիմնած «Լույսի ճրագ» կազմակերպության ղեկավար Արսեն Ղուկասյանը երկու տեսանյութ հրապարակեց:

Դրանցից մեկում նա  հայտարարում է, որ ինքն այս պահին գնում է իրենց երեխաների մահվան հանգամանքների մեջ մեղավոր Իշխան Վահանյանին կալանքից ազատած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի բնակարան՝ նրանից իր այդ որոշման համար պատասխան պահանջելու: Տեսանյութում հայտարարվում է դատավորի բնակության հասցեն, անուն-ազգանունը, կոչով այդ հասցե են հրավիրվում այլ մարդիկ:

«Ես հենց հիմա գնում եմ էն դատավորի տուն, ով որ Վահանյան Իշխանին ազատ է արձակել: Եթե էդ դատավորը հիմա ինձ լսում է, խորհուրդ չեմ տա նրան՝ փախչի, որովհետև ես արդեն Կոմիտասում եմ»,- ասում է Արսեն Ղուկասյանը:

Քիչ անց Արսեն Ղուկասյանը երկրորդ տեսանյութն էր հրապարակել, որում արդեն վերջինս իրենց աջակիցներին ու առաջին տեսանյութին արձագանքողներին կոչ է անում չգալ այդտեղ, որովհետև իր նշած հասցեում դատավորը չէ ապրում, այլ նրա ծեր մայրը, ապա հավելում է, որ միևնույն է՝ կպարզի Ալեքսանդր Ազարյանի բնակության վայրը, եթե դա էլ չիմանան, կգնան դատավորի աշխատանքի վայր:

Այսօր ավելի վաղ մեզ հետ զրույցում Կարեն Փոլադյանն ասաց, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) երեկվա իր նիստում քննարկել է կատարվածը, մասնավորապես վեր են հանվել մամուլի հրապարակումները, այդ թվում՝ նաև մեր նշած:

«Ինքս զրուցել եմ դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ: Նա ասաց, որ լրատվամիջոցների հետ զրույցում էլ ասել է, որ այս պահին անհրաժեշտություն չի տեսնում ԲԴԽ-ին դիմելու համար: Այնուամենայնիվ, ԲԴԽ-ն ուշիուշով հետևում է իրադարձությունների զարգացմանը և ցանկացած պահի կանի իր գործողությունը, հենց զգա դրա անհրաժեշտությունը»,- ասաց Դատական դեպարտամենտի ղեկավարը:

Մեր հարցին՝ եթե չլինի դատավորի դիմումը, ԲԴԽ-ն որևէ գործողություն ձեռնարկել չի՞ կարող, Կարեն Փոլադյանը պատասխանեց՝ հասկանում է մեր հարցի տողատակը, որ եթե սպառնալիք կա, ինչո՞ւ ենք սպասում դատավորի դիմումին, բայց «Դատական օրենսգիրքն» իրավիճակը հստակ կարգավորում է՝ սահմանելով, որ դատավորի գործունեությանը միջամտության կամ սպառնալիքի դեպքում պետք է լինի դատավորի դիմումը:

Տեսանյութեր

Լրահոս