«Այժմ չեմ ցանկանում ասել այն անձի անունը, ով ուղղորդում է նշված անձանց՝ նրանց վշտի վրա էժան դիվիդենտներ շահելու նպատակով». Ալեքսանդր Ազարյանը՝ իրեն սպառնալու առնչությամբ տարածված տեսանյութերի մասին

Երեկ ուշ երեկոյան անհետ կորած զինծառայողների հարազատների հիմնած «Լույսի ճրագ» կազմակերպության ղեկավար Արսեն Ղուկասյանը երկու տեսանյութ հրապարակեց: Դրանցից մեկում նա  հայտարարում է, որ ինքն այս պահին գնում է իրենց երեխաների մահվան հանգամանքների մեջ մեղավոր Իշխան Վահանյանին կալանքից ազատած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի բնակարան՝ նրանից իր այդ որոշման համար պատասխան պահանջելու: Տեսանյութում հայտարարվում է դատավորի բնակության հասցեն, անուն-ազգանունը, կոչով այդ հասցե են հրավիրվում այլ մարդիկ:

«Ես հենց հիմա գնում եմ էն դատավորի տուն, ով որ Վահանյան Իշխանին ազատ է արձակել: Եթե էդ դատավորը հիմա ինձ լսում է, խորհուրդ չեմ տա նրան՝ փախչի, որովհետև ես արդեմ Կոմիտասում եմ»,- ասում է Արսեն Ղուկասյանը:

Տեսանյութից պարզ է դառնում, որ ավտոմեքենայի մեջ նա միայնակ չէ:

«Մենք հարկեր ենք վճարում, որ սրա նման դատավորները ռոճիկ ստանան»,- ակնարկելով դատավոր Ազարյանին՝ ասում է անհետ կորած զինծառայողի հարազատը:

Քիչ անց Արսեն Ղուկասյանը երկրորդ տեսանյութն է հրապարակում, որում արդեն վերջինս իրենց աջակիցներին ու առաջին տեսանյութին արձագանքողներին կոչ է անում չգալ այդտեղ, որովհետև իր նշած հասցեում դատավորը չէ ապրում, այլ նրա ծեր մայրը, ապա հավելում է, որ միևնույն է՝ կպարզի Ալեքսանդր Ազարյանի բնակության վայրը, եթե դա էլ չիմանան, կգնան դատավորի աշխատանքի վայր:

Տեսանյութերը 168.am-ն ուղարկել է թե՛ Բարձրագույն դատական խորհուրդ, և թե՛ Գլխավոր դատախազություն՝ ակնկալելով նրանց արձագանքը, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Այս պահին հիշեցնենք միայն, որ երբ 2019թ. սեպտեմբերի 27-ին երկու երիտասարդ ենթադրյալ սահմանադրական կարգի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի կողքով քայլելով՝ նրան հարց էին ուղղում, դա դիտարկվեց՝ որպես դատավորի նկատմամբ հետապնդում և ճնշումների ենթարկում:

ԲԴԽ-ն իր իրավասության շրջանակներում դիմեց դատախազություն, երիտասարդները ձերակալվեցին և տևական ժամանակ գտնվեցին կալանքի տակ:

168.am-ի հետ զրույցում դատավոր Ալեքսանդր Ազարյանը նախ տարակուսեց ու տարօրինակ համարեց, որ իր դեմ ակցիան նոր է կատարվում, որովհետև նշյալ անձին կալանքից ազատելու վերաբերյալ որոշումն ինքը կայացրել է դեռևս ապրիլի 9-ին, և անհասկանալի է, թե ինչու են կրքերը հիմա բորբոքվել:

«Ինձ համար անհասկանալի է այս աղմուկը: Իրավական գործընթաց է. դատախազությունը բողոքարկել է իմ կայացրած որոշումը: Գործն այժմ գտնվում է Վճռաբեկ դատարանում, և ես տեղեկություն չունեմ դրա ընթացքից»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:

Վերջինս մեր խնդրանքով ներկայացրեց Արսեն Ղուկասյանի նշած հրամանատարին կալանքից ազատելու մասին իր որոշման հիմքերը:

«Որպես տվյալ անձին կալանավորելու հիմք՝ նախաքննական մարմինը ներկայացրել էր 2 հիմք՝ քրեական վարույթից թաքնվելու վտանգը և վկաների վրա ազդեցությունը: Առաջին ատյանի դատարանն անհիմն էր համարել նախաքննության մարմնից թաքնվելու վտանգը, և ինձ մոտ արդեն կար կալանավորելու մեկ հիմք՝ վկաների վրա ազդեցության վտանգը: Ես համարեցի, որ այդ վտանգը չկա, քանի որ գործում առկա վկաներից միայն մեկի հրամանատարն էր  այդ անձը: Մնացածը ենթականեր էին, նորակոչիկներ, որոնց այդ գործով մեղադրյալը չէր ճանաչում»,- ասաց դատավորը՝ հավելելով, որ ինքը համարել է, որ նման պայմաններում մեղադրյալը չէր կարող ազդել նրանց վրա, առավել ևս չէր կարող ազդել իր վերադաս հրամանատարի վրա:

Ալեքսանդր Ազարյանի խոսքով, բացի դրանից, ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ ինքն իր որոշմամբ արձանագրել են, որ մեղադրալը դեռևս մինչև իրեն կալանավորելու միջնորդություն դատարան ներկայացնելը 2 անգամ, դրանից մոտ մեկ ամիս առաջ, հարցաքննվել է՝ որպես վկա, բայց կասկածանքի շուրջ, և ինքը հստակ պատկերացրել է, որ վաղ թե ուշ իրեն ներգրավելու են՝ որպես մեղադրյալ, և այդ մեկ ամսվա ընթացքում նա որևէ միջոց չի ձեռնարկել վկաների վրա ազդելու:

Ինչ վերաբերում է երեկ հնչած սպառնալիքին, դատավորն ասաց, որ իր պրակտիկայի ընթացքում բազմիցս է մեղադրյալներին կալանավորել կամ կալանքից ազատել, և նման բանի, ինչ կատարվեց երեկ, ինքը երբևիցե չի հանդիպել:

«Չի եղել երբեք, որ նման ագրեսիվ պահվածք դրսևորվի մարդկանց որոշ շրջանակների կողմից: Տեսանյութում այդ անձնավորությունը խոսում էր, որ պետք է դատավորից հաշիվ պահանջել, այլևայլ սպառնալիքներ էր հնչեցնում ու ասում, որ ես պետք է բացատրություն տամ՝ ինչու եմ նման որոշում ընդունել: Ուզում եմ ասել, որ ես որևէ մեկի որևէ բացատրելու բան չունեմ: Թող կարդան իմ կայացրած որոշումը, որովհետև դրանից ավելի ես ոչինչ չունեմ ասելու ու չեմ պատրաստվում իմ որոշման համար արդարանալ»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:

Դատավորի խոսքով՝ սա սովորական սպառնալիք չէ, սա սպառնալիք է դատավորի նկատմամբ։ Նա նշեց, որ չի պատրաստվում հաղորդում ներկայացնել ո՛չ ոստիկանություն, ո՛չ դատախազություն, չի դիմելու նաև ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին ոչ թե այն պատճառով, որ ինքը չի վստահում այդ կառույցներին, այլ որովհետև սա մասնավոր մեղադրանքի հարց չէ, որ ինքը գնահատի որպես սպառնալիք և հաղորդում ներկայացնի:

«Ես հուսով եմ, որ բոլոր իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները տվյալ անձանց զսպելու համար, և եթե Աննա Դանիբեկյանին նկարահանելը դիտվել է որպես դատավորի նկատմամբ սպառնալիք, ես գտնում եմ, որ իմ նկատմամբ պետք է ադեկվատ վերաբերմունք ցուցաբերվի»,- նկատեց դատավոր Ազարյանը:

Ամեն դեպքում Ալեքսանդր Ազարյանը հայտարարում է, որ այդ անձի (Արսեն Ղուկասյան,- Գ.Ս.) երեկվա հայտարարությունն ինքն ընդունել է որպես սպառնալիք իր ու իր հարազատների նկատմամբ ու պատրաստ է պաշտպանվել իր կողմից ընտրած բոլոր միջոցներով: Սա դատավորը բացատրում է ոչ միայն երեկվա այդ անձի ելույթով:

«Ինֆորմացիա ունեմ, որ այդ անձը զանգահարել է Պաշտպանության նախարարություն, աղմուկ է բարձրացրել և հեռախոսազրույցի ընթացքում հայտնել՝ հես ա էդ դատավորն իր հալը կտեսնի, և իրենց ոչ ոք չի կարող կանգնեցնել»,- ասաց վերաքննիչ քրեական դատարանի դատավորը:

Նա նշեց նաև, որ տեղեկություն ունի՝ այս ամենը ծրագրավորված էր, ավելին՝ ուղղորդված:

«Այժմ չեմ ցանկանում ասել այն անձի անունը, ով ուղղորդում է նշված անձանց՝ նրանց վշտի վրա էժան դիվիդենտներ շահելու նպատակով, սակայն անբարոյականություն է մարդկանց դժբախտության ֆոնի վրա նման բաներ կազմակերպելը»,- ասաց դատավոր Ազարյանը:

Զրույցի ավարտին դատավորն ասաց, որ ինքը հյուրասեր և խաղաղասեր անձնավորություն է, սակայն չի պատրաստվում հյուրընկալել նման անկոչ հյուրերի, և նրանց այցը, առավել ևս՝ երեկվա սպառնալիքներից ու տարբեր կառույցներից ստացված ինֆորմացիայից հետո, ինքը համարժեք կգնահատի ու կդիմի ադեկվատ միջոցների:

Հուսանք, իրավապահ մարմինների համարժեք արձագանքը չի ուշանա, այլապես գործ կունենանք ընտրովի արդարադատության հերթական դեպքի հետ:

Տեսանյութեր

Լրահոս