Ո՞ւր է կորել Նիկոլ Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանի նկատմամբ պատերազմական օրերի 100 տոկոս վստահությունը

Այսօր Աբովյան քաղաքում համակիրների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Շուշիի անկումը կամ կորուստը այս անգամ էլ փորձեց գցել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի «գրպանը»:

«Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու․ ինքն ինձ․․․, ինձ չէ, դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբն ինչու է օրուկես ուշացումով հասել։ Մենք այս պարտությունը մինչև վերջին դետալը պետք է բացենք»,- ասել է նա:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Շուշին կորցնելու մեղքը բարդել էր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» զորախմբի վրա, թե իբր Շոշի դիրքերը թողել ու փախել է:

«Մենք եղել ենք թե՛ Շուշիի մատույցներում, թե հենց Շուշիի մեջ, թե՛ ՊԲ-ի հրամանատարի անմիջական ցուցումով տարբեր ժամանակներ մեկնել ենք ամենածանր մարտերի վայր և իրականացրել ենք հատուկ գործողություններ։ Իմ զորախմբում ներգրավված են եղել ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ներգրավված են եղել մտավորականներ, դասախոսներ, գիտնականներ, սովորական մարդիկ, մեր զորախմբին Արցախում միացել է նաև 25 հոգանոց կամավորների խումբ, որոնք տեսնելով մեր կազմակերպությունը, մեր առաջադրանքների կատարման արդյունավետությունը, ցանկություն են հայտնել միանալ մեր զորախմբին»,- «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ արձագանքել էր Արթուր Վանեցյանը:

«5-րդ ալիք»-ի եթերում էլ Արթուր Վանեցյանը հայտարարել էր.

«Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանին ասել է հետևյալը՝ «ո՞րն է ամենածանր ուղղությունը, որ ունենք ռազմաճակատում», Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Շուշին։ Բալասանյանն ասել է՝ «հանձնարարեք ինձ Շուշիի պաշտպանությունը, եթե ես չհաջողեմ, դա առիթ է, որ վեր կենաք ու հրապարակային ասեք՝ Վիտալի Բալասանյանը չկարողացավ իրականացնել Շուշիի պաշտպանությունն ու Շուշին ընկավ, «կհռչակեք ինձ դավաճան»։

Նիկոլ Փաշինյանը համաձայնել է ու ասել է՝ «գնացեք ու անցեք Շուշիի պաշտպանությանը»։ Բալասանյանը, սակայն, մինչև վերջին օրն այդպես էլ չի անցել Շուշիի պաշտպանությանը։ Բալասանյանին Արցախում ասացին, որ նման ցուցում մենք չենք ստացել. հիմա հարց՝ ինչո՞ւ չթույլատրեցին Վիտալի Բալասանյանին իրականացնել Շուշիի պաշտպանությունը»:

Ավելի ուշ, և՛ ՀՀ դատախազությունը, և՛ ԳՇ-ն հերքել էին Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե «Հայրենիքի» անդամները դիմել են դասալքության։
«2020թ․ նոյեմբերի 1-ից մինչև 10-ը պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով ստորաբաժանումը նշանակված բնագծում մասնակցել է Շուշիի պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին: Ստորաբաժանման կողմից ծառայությունից խուսափելու վերաբերյալ ԶՈՒ գլխավոր շտաբը տեղեկատվություն չունի»,- մասնավորապես ասել էր ԳՇ-ն:

Հետո իշխանությունները փորձ արեցին Շուշին կորցնելու մեղավոր հռչակել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, թե Շուշիի մարտական գործողությունները նա է ղեկավարել, և, որ դիմել է փախուստի:

168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր գործողությունների և Շուշիի մասով մանրամասներ էր հայտնել, որ հրամկետը նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը տեղափոխվել է Շուշիից:

«Նոյեմբերի 5-ին, երբ հրամանատարական կետը տարբեր կողմերից շրջափակման մեջ էր գտնվում, բանակի հրամանատարությունը որոշեց հրամանատարական կետը տեղափոխել, որպեսզի ավելի լիարժեք մարտական գործողություն վարեն արդեն Շուշիի ներսում: Եվ հրամանատարական կետի կազմի հետ և՛ ես էի, և՛ Արգիշտի Քյարամյանը:

Այդ կազմը նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5։30 դուրս է եկել Շուշի քաղաքից և տեղակայվել Շուշի քաղաքից մի քիչ ներքև: Այնտեղ, որտեղից ստորաբաժանումները Ստեփանակերտ քաղաքի կողմից արդեն հարձակողական կամ հակագրոհային գործողություններ էին իրականացնում: Այդ կազմը դուրս է եկել մի քանի մեքենաներով, նույն մեքենայի մեջ գտնվել ենք ես և Արգիշտի Քյարամյանը: Ամսի 6-ին և 7-ին, գտնվելով Ստեփանակերտում, մենք տարբեր տեղերում ենք եղել, բայց ամսի 7-ին իմ մեքենայով, Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ես և Արգիշտի Քյարամյանը մեկնել ենք Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու: Օգտվելով առիթից՝ ես նաև մասնակցել եմ երջանկահիշատակ Վահե Սիրունյանի հուղարկավորության միջոցառումներին: Այնուհետ մեկ օր զանգահարել եմ Արցախ, ինձ ասել են՝ պետք չի գալ, բայց միևնույն է՝ ես ինքնակամ հետո մեկնել եմ Արցախ՝ տարբեր գործառույթներ իրականացնելու: Սա ինչո՞ւ եմ ասում, որովհետև մեկ-մեկ ասում են, որ զինծառայողի հուղարկավորության համար գնացինք Երևան: Ես 40 օր գտնվել եմ այնտեղ և բազմաթիվ մտերիմ մարդիկ եմ կորցրել և չեմ գնացել, բայց ամսի 7-ին Երևան նախագահի խնդրանքով եմ գնացել՝ սպառազինության հետ կապված հարցեր ճշտելու համար: Սա է ամբողջ իրականությունը»,- ասել էր նա:

Իսկ Նիկոլ Փաշինյանը Շուշին կորցնելու մեջ մեղադրեց անգամ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո հայտարարեց, որ կամավորական ջոկատ է կազմելու և անձամբ է գլխավորելու:

Հետո տեսանք ռեպորտաժ, որ Ծառուկյանը հանդիպել է կամավորականների հետ, տեսանք նիվաներ, վիլիսներ, բայց այդպես էլ, կարծես թե, չտեսանք կամավորական ջոկատ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելուց:

Այն խումբը, որ կռվում էր Շուշիի մոտակայքում, մյուս խումբը, որ ներթափանցել էր քաղաք, եթե բավարար ռեզերվներ լինեին, գուցե նրանց համար հնարավոր լիներ Շուշին պահել:

Սխալված չեմ լինի ասել, որ Շուշիի անկման պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին: Ինչպե՞ս է լինում, որ հրապարակային հայտարարություն են անում, բայց գործնական քայլ չի լինում: Գուցե՞ այդ ջոկատները ոչ թե Շուշիում գործողություններ ծավալելու համար են ձևավորվել, այլ Հայաստանում: Այդ փաստը պետք է ստուգվի և արժանանա քրեաիրավական գնահատականի»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում՝ ուղիղ հեռարձակմամբ, պնդել էր Փաշինյանը:

Իսկ թե ո՞վ է եղել Շուշիի ուղղության հրամանատարը, կամ ովքե՞ր, դեռ պարզ չէ:

Հավելենք, որ իր հարցազրույցում գնդապետ Թեհրան Մենսիմովը, ով Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարն էր, հայտարարել էր, որ «Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման տրվել է հոկտեմբերի կեսերին, երբ մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում».

Թեհրան Մենսիմովը իր հարցազրույցում ասում է՝ քաղաքը նոյեմբերի 7-ին «մաքրված» էր արդեն, այսինքն՝ վերցված:

«Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հայերը 3 հակագրոհ են իրականացրել Շուշիի ուղղությամբ, բայց ոչնչացվել են: Քաղաքը «մաքրված է եղել նոյեմբերի 7-ին: Նոյեմբերի 8-ին մեր երկրի ղեկավարությունը հայտարարեց Շուշին գրավելու մասին»,- նշել էր նա:

Ի դեպ, նոյեմբերի 8-ին այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում էր կատարել՝ «ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար, հաղթանակ մեր հերոսներին»:

Նույնատիպ գրառում նոյեմբերի 9-ին արել է Նիկոլ Փաշինյանը՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»:

Եվ այդ ընթացքում դավաճանական որևէ քայլի մասին Նիկոլ Փաշինյանը Շուշիի մասով չի հնչեցրել, որովհետև այն պարզապես չի եղել:

Եվ հենց Նիկոլ Փաշինյանը ինքը պիտի բացատրի՝ ինչպես ենք Շուշին կորցրել, ինչպես ենք նոյեմբերի 9-ին մարտերը շարունակել, երբ այն 2 օր էր՝ մեր վերահսկողության ներքո չէր, և եթե բոլորը դասալիք էին, եթե չի եղել ԳՇ-ից համապատասխան օգնություն, ապա ինչպես ենք մարտերը շարունակել, և ինչու պատերազմը չդադարեցրեց, քանի դեռ Շուշին մեր ձեռքում էր:

Ի դեպ, վերադառնալով Օնիկ Գասպարյանին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «Օնիկ Գասպարյանին պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ»:

Եթե տեսականորեն ընդունենք, որ ԳՇ-ից Շուշիի օգնության հասնող խումբն օրուկես ուշացումով է հասել, ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանին այդ ժամանակ ձեռնտո՞ւ է եղել այս իրողությունը, թե՞ չի իմացել: Երկու դեպքում էլ գերագույն գլխավոր հրամանատարն է գլխավոր պատասխանատուն:

Տեսանյութեր

Լրահոս