Ծառուկյանը փչում է Րաֆֆիի քամին (տեսանյութ)
Նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը միանգամայն նոր իրավիճակ է ստեղծել քաղաքական դաշտում: Խորհրդարանական ընտրություններից հետո` մինչև երեկ, քաղաքական բոլոր գործընթացները զարգանում էին երկու հիմնական առանցքների` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի շուրջ: Լա՞վ էր դա, թե՞ վատ, այլ հարց է, բայց դա իրողություն էր, որը հնարավոր չէ հաշվի չառնել:
Փաստորեն, Ծառուկյանի հրաժարումից հետո քաղաքական գործընթացի երկու առանցքներից մեկը, պայմանականորեն ասած, փլվեց: Հիմա` քաղաքական մյուս ուժերը, որոնք իրենց գործունեությունը, կամա թե ակամա, կառուցում էին այդ երկու առանցքներից մեկի շուրջը պտտվելով կամ նրանց շահերը սպասարկելով, որոշակի հնարավորություն են ստացել: Եթե ոչ՝ նոր առանցք դառնալու, ապա մյուսի` ՀՀԿ-ի հետ իրենց համար ավելի նպաստավոր պայմաններով խաղալու իմաստով:
Գագիկ Ծառուկյանի չառաջադրումը եզակի հնարավորություն է ստեղծել նաև «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Նա այսօր ստացել է նախագահական ընտրություններում երկրորդ տեղի համար պայքարելու բացառիկ շանս:
Իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում այդ հնարավորությունը զգալիորեն կնվազի, սակայն անգամ ՀԱԿ առաջնորդի առաջադրման պարագայում այդ շանսն առնվազն անիրատեսական չի դառնա: Փաստն այն է, որ երկրորդ տեղի համար պայքարում Րաֆֆի Հովհաննիսյանի ամենամեծ խոչընդոտը` ի դեմս Գագիկ Ծառուկյանի, վերացված է:
Եվ պատահական չէ, որ հենց երեկ, երբ արդեն իսկ հայտնի էր, որ ԲՀԿ նախագահը չի առաջադրվելու, քաղաքական դաշտի ցայտնոտի մեջ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ, մեղմ ասած, ինքնավստահ քայլով` հայտարարելով, որ իր թեկնածության առաջադրումը կհանգեցնի իշխանության փոփոխության: «Դեկտեմբերի 22-ին մենք ավելի մանրամասն կխոսենք իմ՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, և ես վստահ եմ, որ ազատ-արդար ընտրությունների միջոցով առաջին անգամ ժողովուրդը կբերի իշխանության փոփոխության»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նույնպիսի ինքնավստահությամբ իր քաղաքական ուժի մասին խոսում էր խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ սարերի քամիի միջոցով խոստանում էր սարեր շարժել:
Այսօրվա քաղաքական իրողություններն, ի դեպ, որոշակիորեն լույս են սփռում խորհրդարանական ընտրություններում «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջև քաղաքական դաշինքի չկայացման, հետագայում նաև՝ այդ ուժերի պառակտման փաստերի վրա: Հիշեցնենք, որ մինչև ԱԺ ընտրություններն այս երկու ուժերի ներկայացուցիչներն ամիսներ շարունակ բանակցում էին քաղաքական դաշինք կազմելու և ընտրություններին դաշինքով, միասնական թիմով, և ոչ թե՝ «Ժառանգության» ցուցակով մասնակցելու համար:
Սակայն ԱԺ ընտրություններում առաջադրումների վերջնաժամկետի նախօրեին անսպասելիորեն հայտարարվեց, որ «Ազատ դեմոկրատներն» ու հանրային սեկտորի ներկայացուցիչներն ընդգրկվել են «Ժառանգության» ցուցակում:
Խորհրդարանական ընտրություններն ու հետագա քաղաքական զարգացումները ցույց տվեցին, թե ում էր ձեռնտու այդ` իրական քաղաքական դաշինքի վիժեցումը. ԲՀԿ-ն դարձավ մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցությունը, ՀԱԿ-ը մեծ դժվարությամբ հաղթահարեց 7 տոկոսի արգելքը… ի վերջո, Գագիկ Ծառուկյանի թեկնածության առաջադրումը ոչ միայն աբսուրդ չհամարվեց, այլև դարձավ նախընտրական գործընթացները կանխորոշող հիմնական գործոնը:
Ինչևէ: Հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման դեպքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է զգալի թվով ձայներ ստանալ: Դա կարող է դառնալ Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական հաղթանակը, որը կարող է անգամ նրա համար «սարերը շարժելու» էֆեկտ ունենալ: Սակայն հասարակությունը, լայն իմաստով, ոչինչ չի շահի դրանից, քանի որ շահողը, այսպես թե այնպես, լինելու է գործող իշխանությունը` ի դեմս Սերժ Սարգսյանի: Վերջինիս Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ծառայություն մատուցեց՝ կամա, նախագահական ընտրություններին` այդ ծառայությունը գուցե կլինի ակամա: