Շարմայի երեք գրքերը՝ ցանկում
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքների։
Առաջին տեղում Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 42 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:
Մոնթե Մելքոնյանի «Պայքարելու իրավունքը» երկրորդ հորիզոնականում է: «Պայքարելու իրավունքը» ամփոփում է Մոնթե Մելքոնյանի կարևոր աշխատությունները, հոդվածները և նամակները, որոնք Ազգային հերոսը հեղինակել է 1981-91 թվականներին՝ ընդհատակի և բանտարկության, ինչպես նաև Արցախյան շարժման և Հայաստանի անկախացման տարիներին: Գիրքը շոշափում է Արցախյան հարցին, Հայաստանի բաժանմանը, Թուրքիայում պարփակված հայոց հայրենիքի ազատագրմանը, այդ հողերում սփյուռքահայերի վերաբնակեցմանն ու քաղաքական ինքնիշխանության հաստատմանն առնչվող թեմաներ, որոնք Մոնթեն ուսումնասիրում է մեթոդաբանական, ռազմավարական, կազմակերպչական դիտանկյուններից՝ հիմքում ունենալով հայերի ինքնորոշման իրավունքի մասին իր անխախտ համոզմունքները։
Երրորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:
Ռոբին Շարմայի «Ով լաց կլինի, երբ դու մահանաս» գիրքը չորրորդ տեղում է: Ռոբին Շարման իր այս հերթական բեսթսելերում շատ պարզ ու հասկանալի լեզվով ընթերցողին փորձում է հաղորդակից դարձնել կյանքի բազում խորիմաստ մտքերի. բացահայտեք ձեր կոչումը, սեփական աշխարհայացք ձևավորեք, կառավարեք ձեր ժամանակը, փնտրեք ձեր աշխատանքի գերագույն իմաստը, նպատակներ դնելու հարցում ծանրակշիռ եղեք, դարձեք ձեր կյանքի գործադիր տնօրենը… Կյանքի նպատակը նպատակային կյանքն է…
Կանադացի գրող Ռոբին Շարմայի «Առաջնորդ՝ առանց պաշտոնի» միջազգային բեսթսելերը հինգերորդ տեղում է: Շարման մոտիվացիայի, առաջնորդության և ինքնազարգացման ամենահայտնի մասնագետներից է: Այս գիրքը հրատարակվել է աշխարհի տարբեր լեզուներով, վաճառվել միլիոնավոր օրինակներով: Եթե ինչ-որ մեկն ուզում է հաջողության հասնել, ապա պետք է կարդա այս գիրքը. այն յուրաքանչյուրին կսովորեցնի ճիշտ գործել, օրը նպատակային դարձնել…
Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» գիրքը վեցերորդ տեղում է: Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի հանցավորության հիմնաքարային առաջին գնահատականը՝ թուրք պատմաբանից: Թուրք պատմաբան Թաներ Աքչամը ծավալուն ուսումնասիրություններից հետո ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան և այլ աղբյուրների առատությամբ աչքի ընկնող աշխատություն, որը նաև թուրքական իշխանություններին ուղղված մեղադրանք է։ Աքչամն առաջին գիտնականն է, որը հավաքել է թուրքական ռազմական և դատական փաստաթղթերում, ականատեսների նամակներում և վկայություններում ցրված կարևորագույն ապացույցները։ Նա հետևել է Ցեղասպանությանը նախորդած իրադարձություններին և ցույց տվել, թե ինչպես են Ցեղասպանությունը համակարգված կերպով կազմակերպել Օսմանյան կառավարությունը, իշխող քաղաքական ուժը և բանակը։
Լիլիթ Շաքարյանի «Բրենդի կառավարումը» յոթերորդ տեղում է: Գրքում ներկայացվում են բրենդ հայեցակարգի առանցքային յուրահատկությունները, ծագման պատմական նախադրյալներն ու զարգացման ընթացքը, բրենդի դիրքավորումը և բրենդ-ինքնության կառուցման առանձնահատկությունները, ինչպես նաև բրենդի ճարտարապետության կառուցման տեխնոլոգիաներն ու բրենդի կառավարման ուղիները:
Չարլզ Դահիգի «Սովորության ուժը» ութերորդ տեղում է: Ի՞նչ ընդհանրություն կարող են ունենալ ծխելը թողած երիտասարդ կինը, Procter & Gamble ընկերության մարկետոլոգները, ամերիկյան ամենախոշոր ընկերության գործադիր տնօրենը։ Նրանք բոլորը հաջողության են հասել՝ փոխելով իրենց սովորությունները: Չարլզ Դահիգը մեզ տանում է գիտական ցնցող բացահայտումների միջով, որոնք բացատրում են, թե մեր սովորություններն ինչպես են գոյատեւում ու ինչպես են փոխվում: Մենք պարզում ենք, թե ինչու են որոշ մարդիկ եւ ընկերություններ դժվարանում փոփոխություն սկսելիս, թեպետ տարիներով ձգտում են դրան, մինչդեռ մյուսներն այդ փոփոխությունը կարծես անում են մեկ օրում: Մենք այցելում ենք լաբորատորիաներ, որտեղ նյարդաբաններն ուսումնասիրում են սովորությունների մեխանիկան եւ ուղեղի աշխատանքը: Մենք բացահայտում ենք, թե ճիշտ սովորությունները որքան կարեւոր են եղել, օրինակ, օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելպսի, Starbucks-ի գործադիր տնօրենի եւ Մարտին Լյութեր Քինգի հաջողությունների շղթայում:
Իններորդ հորիզոնականում է Ռոբերտ Քոչարյանի «Կյանքը և ազատությունը» գիրքը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահն իր գրքում անդրադարձ է կատարում հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաբարդ էջերին: Գրքում տեղ են գտել մինչ օրս չհրապարակված տեղեկություններ և նախկինում գաղտնագրված փաստաթղթեր, ինչպեսև պատմական լուսանկարներ Ռոբերտ Քոչարյանի արխիվից:
Տասներորդ հորիզոնականում է Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը»։ Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, և ի՞նչ է սպասում մեզ: Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70 000 տարի առաջ: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, և ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք: