Ո՞ւմ նկատի ուներ ՀՀ նախագահը՝ հայտարարելով, թե «երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն»․ պարզաբանում են նախագահականից

ՀՀ նախագահի աշխատակազմը մայիսի 13-ին հայտարարություն էր տարածել, որում ներկայացրել էր ՀՀ նախագահի դիրքորոշումը Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․

«Սյունիքում ստեղծված իրավիճակը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գնահատում է չափազանց մտահոգիչ և կարևոր է համարում շուտափույթ հանգուցալուծումը: Հրատապ և անհետաձգելի է անհրաժեշտ բոլոր միջոցների ձեռնարկումը՝ անվերապահորեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացու շահերը և անվտանգությունը: Նախագահը և նախագահի աշխատակազմը մշտական կապի մեջ են պետական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատվություն է ստացվում նաև անմիջապես Սյունիքի մարզից: Նախագահի դիրքորոշումն է, որ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն, դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է և պետք է արժանանա հստակ ու կտրուկ հակազդեցության, ինչպես նաև միջազգային արձագանքի: Իրավիճակի հետագա սրման, տարածաշրջանի առանց այն էլ զգայուն իրադրության խաթարման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,- նշվում էր հայտարարության մեջ։

168.am-ը տեքստում առկա մի քանի մտքերի վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ նախագահից, ուստի երեկ գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ նախագահի աշխատակազմ։

Հետաքրքրվել էինք՝ «ո՞ւմ նկատի ունեք, երբ հայտարարում եք, թե «երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն», կարո՞ղ եք նշել՝ ո՞վ է սակարկում և մասնավորապես ո՞ւմ է ուղղված այդ խոսքը:

Նաև հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք այս դիրքորոշումը բանավոր կամ գրավոր կերպով Արմեն Սարգսյանը հայտնել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Քանի որ հայտարարության մեջ նշված էր, թե՝ «Նախագահը և նախագահի աշխատակազմը մշտական կապի մեջ են պետական համապատասխան մարմինների հետ», խնդրել էինք տեղեկացնել, թե ո՞ր մարմինների հետ են «մշտական կապի մեջ»։

Այսօր Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացանք մեր հարցերի պատասխանները, որոնք կրկին լիովին պարզաբանելի չեն։ Պատասխանում մասնավորապես ասված է․

««Երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն» նախադասությունը համընդհանուր ճշմարտության արձանագրում է, բխում է ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածից և ուղղված է բոլորին:

Հանրապետության նախագահի դիրքորոշումը ներկայացվել է պաշտոնական տեղեկատվությամբ, որին կարող է ծանոթանալ ցանկացած ոք:

Խոսքը վերաբերում է բոլոր այն կառույցներին, որոնք իրենց գործառույթներով և լիազորություններով պատասխանատու են սահմանային անվտանգության համար»։

 

Տեսանյութեր

Լրահոս