Բաժիններ՝

Ղեկավարներն ասում են՝ աշխատավարձ ստացել են, աշխատողները, թե՝ չենք ստացել. Ի՞նչ է կատարվում Թիվ 2 բուժմիավորումում

Թիվ 2 բուժմիավորման ստացիոնար և պոլիկլինիկական ծառայության բժիշկներն ավելի քան մեկ ամիս սպասում են  աշխատավարձին: Դեռևս ապրիլի 8-ին աշխատակիցներն ահազանգել էին, որ չեն ստացել փետրվար ամսվա աշխատավարձը:

Ապրիլի 9-ին կապ էինք հաստատել բուժմիավորման տնօրեն Տիգրան Խաչատրյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ո՞րն է բժիշկների՝ աշխատավարձ չստանալու պատճառը։ Այն ժամանակ նա վստահեցրել էր, թե  արդեն ստացել են աշխատավարձ: Իսկ ուշացումը եղել է օբյեկտիվ պատճառներով:

Մի քանի օր անց բժիշկները զանգահարեցին խմբագրություն և տեղեկացրեցին, որ ստացել են միայն փետրվար ամսվա աշխատավարձը, ոչ թե այս ընթացքում չստացածը, ամբողջը:

Կրկին զրուցեցինք բուժմիավորման տնօրենի հետ, հիմա էլ  խնդիրն այսպես պատճառաբանեց. «Կես  տարուց ավելի՝ հիվանդանոցը չի աշխատել, պլանային հիվանդ չի ընդունել, այդ ամեն ինչը հաշվի չեն առնո՞ւմ: Մարտի աշխատավարձը պետք է տայի ապրիլի 19-ին, բայց մի մասինը տվել եմ, մի մասինը՝ ուշացնում եմ, ու ոնց էլ լինի՝ մինչև մայիսի 1-ը, մաքսիմում՝ մայիսի 5-ը բոլորինը կփակենք, հետո արդեն կփակենք ապրիլ ամսվանը: Ես Ձեզ անցած անգամ էլ ասացի, որ 1 ամիս 20 օր ուշացումով ենք գնում: Այո, գրաֆիկից դուրս ենք:

Հասկանալի է, մարդիկ իրենց աշխատավարձն են պահանջում, բայց իրենք չեն էլ հասկանում, որ ես ոչ մեկի չեմ կրճատել, այն դեպքում, որ կողքի հիվանդանոցում 20 տոկոսով կրճատել են աշխատողներին, աշխատավարձն էլ կրճատել են, ժամերն են քչացրել…»:

Եկավ մայիսի 1-ը, հետո՝ 5-ը, հետո՝ 10-ը… բուժաշխատողները կրկին տեղեկացրեցին՝ խոստացած աշխատավարձը դեռ չեն ստացել:

Նրանք հայտնեցին, որ կլինիկայում մտահոգված են, կարծում են՝  մարտ ամսվա աշխատավարձն այդպես էլ չեն ստանալու:

Դավիթ Մաթևոսյանը, որը  ղեկավարում է պոլիկլինիկական ծառայությունը, մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մարտ ամսվա աշխատավարձը վճարում են:

«Պոլիկլինիկայում որոշ մասը ստացել է, որոշներն ել ստանում են: Խոսքը մարտ ամսվա մասին է»,- ասաց նա:

Սակայն, մեր տեղեկություններով, թիվ 2 բուժմիավորման ստացիոնար և պոլիկլինիկական ծառայության բժիշկները  դեռևս աշխատավարձ չեն ստացել:

Հարցին անդրադարձել էր նաև  Առողջապահության նախարարությունը: Մեր հարցմանն ի պատասխան՝  տեղեկացրել էին, որ ոչ մի պարտք-պահանջ նախարարությունը պոլիկլինիկայի հետ չունի:

Փոխանցել էին, որ այն մասնավոր հիմնարկ է, իրենց ենթակայության ներքո չէ, սակայն ունի պետական պատվերի պայմանագիր, ու ինչքան կատարողական ունեն պետպատվերով՝ տվել են, պոլիկլինիկայի գումարն էլ՝ հետը, սահմանված կարգով:

Շեշտել էին, որ Առողջապահության նախարարության և տվյալ կազմակերպության միջև կնքված պետական պատվերի շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրի դրույթների համաձայն՝ գումարը փոխանցվել է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս