Ինչո՞ւ են դպրոցներում սեռակրթությունը դասավանդում ֆիզկուլտուրայի ուսուցիչները

«Այսօր հակասական ինֆորմացիայի հոսք կա: Ցանկացած մարդ կարող է ինտերնետում ինֆորմացիա տեղադրել, իսկ դեռահասը թացը չորից տարբերել չի կարողանա: Արդյունքում ստացվում է, որ դպրոցի, ընտանիքի լռության արդյունքում՝ փողոցը կամ ինտերնետն են ստանձնում դեռահասին ինֆորմացնելու դերը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Նրա խոսքով՝ մենք ցանկանում ենք լինել սեռակրթված, բայց միևնույն ժամանակ՝ չենք գտնում դրա բանալիները:

Ըստ սեքսապաթոլոգի` այսօր դպրոցներում սեռակրթությունը ներառված է առողջ ապրելակերպ դասընթացի շրջանակներում, որն էլ վարում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները. «Թե ի՞նչ են նրանք հրամցնում երեխաներին, ես դժվարանում եմ ասել: Շատ դեպքերում հիմնավորում են, որ մասնագետները քիչ են, բայց դա կարելի է լուծել՝ վերապատրաստումներ անելով»:

Վրեժ Շահրամանյանը նշեց, որ դեռահասները գտնվում են անցումային փուլում թե՛ հոգեբանական, թե՛ սեռական առումով, այդ իսկ պատճառով նրանք ծնողների ուշադիր վերաբերմունքի, հոգատարության կարիքն ունեն: Մարդու ներաշխարհը փոխվում է, նա սկսում է աշխարհին այլ կերպ նայել. «Դեռահասության շրջանում առաջացած խնդիրները կապված են ավելի շատ ծնողների հետ, չհասկացվելու, նրանց հետ առաջացող կոնֆլիկտների հետ: Բացի այդ` դեռահասներն այդ տարիքում, մասնավորապես՝ մինչև 16 տարեկան հասակը, դառնում են ԶԼՄ-ների գերին՝ կապված չափազանց սեռականացված թեմաների հետ: Նրանք հաճախ ինֆորմացիայի բացը փորձում են լրացնել ԶԼՄ-ների և ինտերնետի միջոցով, ինչի արդյունքում՝ ինֆորմացիայի հեղեղանման կույտը հանգեցնում է ներքին կոնֆլիկտների: Դեռահասը չի կարողանում մարսել ինֆորմացիայի կույտը»: Արդյունքում, ըստ սեքսապաթոլոգի, դեռահասների մոտ առաջանում է ոչ միայն դեպրեսիա, այլև ագրեսիայի որոշ դրսևորումներ:

Ըստ հոգեբան Սիրանուշ Անդրեասյանի` դեռահասների շրջանում դեպրեսիվ իրավիճակներ առաջանում են տարբեր պատճառներով՝ նրանք իրենց նոր կերպարի մեջ ընդունելու խնդիր են ունենում: «Որոշ դեպքերում դեռահասները փորձում են իրենց նույնացնել ինչ-որ կերպարների հետ, և չնմանվելով` նրանց մոտ առաջանում են դեպրեսիվ իրավիճակներ: Այս տարիքում նրանք կարող են կա՛մ շատ վառ արտահայտված սեռականություն դրսևորել, կա՛մ հակառակը` սեռականության դրսևորումներ ընդհանրապես չլինեն: Երկուսն էլ խոսում են այն մասին, որ դեռահասն ինքն իրեն չի կարողանում ընկալել այնպիսին, ինչպիսին կա, խոսում է այն մասին, որ դեպրեսիվ վիճակ կա»:

Տեսանյութեր

Լրահոս