COVID-19-ն ունի ազդեցություն հոգեկան առողջության վրա, բայց COVID-ն ինքնասպանության չի հանգեցնում. բժիշկ-թերապևտ

Ապրիլ ամսին COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններում գրանցվեց երկու դժբախտ պատահար՝ երկու պացիենտ հիվանդասենյակների պատուհանից ցած էին նետվել:

Առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին: Առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ 72-ամյա տղամարդը պատուհանից ցած էր նետվել այն բանից հետո, երբ ստացիոնար բուժում ստանալուց հրաժարվել էր բժշկական օգնությունից: Երկրորդ դեպքը գրանցվել էր ապրիլի 30-ին: Ըստ հայտարարության՝ 77-ամյա տղամարդը պատուհանից ցած էր նետվել՝ 13 օր բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո:

Այս դեպքերից հետո սկսեց շրջանառվել տեղեկություն, թե գլխուղեղի վրա COVID-19-ի ազդեցությունն ապացուցված է, ու վերոհիշյալ դեպքերը կարող են լինել հենց COVID-19-ի հետևանքը:

Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե կորոնավիրուսը հոգեկան առողջության վրա ունի ազդեցություն, բայց այն ինքնասպանության չի հանգեցնում:

«Այո, COVID-19-ը ունի ազդեցություն հոգեկան առողջության վրա՝ տագնապի և գերզգայուն դառնալու տեսանկյունից: Հոգեհուզական աշխարհը դառնում է զգայուն: Բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք ունենք լուրջ հոգեկան խանգարում՝ հոգեկան առողջության հետ կապված:

Ես ուզում եմ կոպիտ համեմատություն անել: Ոչ մի որդեկորույս մայր ինքնասպան չեղավ: Ես կարծում եմ, որ որդի կորցնելու վիշտն ավելի ծանր վիշտ է, և այդ վշտի հաղթահարումն ավելի բարդ է լինում, քան հիվանդության տագնապը: Ես չեմ կարծում, որ պատուհանից նետվելը հենց հոգեկան առողջության վրա COVID-ի ազդեցության պատճառն է: Ո՛չ»,- մեզ հետ զրույցում ասաց բժիշկ-թերապևտը:

Լամարա Մանուկյանի կարծիքով՝ պատուհանից ցած նետվելու դեպքերը կարող են կապված լինել շատ տարբեր հանգամանքների հետ:

«Եթե մենք ուսումնասիրենք հիվանդանոցների վիճակը, մենք շա՜տ թերություններ կտեսնենք՝ սկսած, այո, ուշադրությունից, որ մարդը կարող է ժամերով ջուր ուզել: Ոչ մեկին չեմ մեղադրում: Ուղղակի լարվածության, ծանրաբեռնվածության պատճառով դա կարող է հասանելի չլինել: Ցանկացած հիվանդ մարդ՝ COVID ունի, թե ոչ, դառնում է խոցելի: Կարող է իր պահանջը վայրկենական չիրականացվի կամ սպառիչ պատասխան չստանա, և…

COVID-ով հիվանդի ոչ մի հարազատ ոչ մի խորը տեղեկություն չունի իր հիվանդի առողջության մասին: Ոչ մի հիվանդանոցում չեն տալիս այդ տեղեկությունը հարազատներին: Եվ, բնականաբար, հարազատն ինչ մեղադրանք ասես՝ կարող է հնչեցնել, թեկուզև թյուր, որովհետև չունի տեղեկություն: Մի բան այնպես չեղավ, կսկսի մեղադրել: Բայց արդյո՞ք դա այդպես էր: Միգուցե հակառակը՝ շատ լավ և հոգատար վերաբերմունք է ցուցաբերվել, ուղղակի հիվանդության ընթացքն է անկանխատեսելի եղել: Բայց երբ տեղեկություն չունի, ոնց ասես՝ կարող է մեկնաբանել: Իսկ երբ մարդու հետ սկսում ես խոսել, անգամ, երբ ներկայացնում ես մահը, դա էլ հանգիստ ընդունելի է լինում:

Մարդը չի կարող պատուհանը բացի ու նետվի: Չի՛ կարող: Պետք է հասնի դրան: Դա գագաթնակետին պետք է հասնի: Դա վերջին կաթիլն է: Ես այդպես եմ կարծում»,- ասաց Լամարա Մանուկյանը:

Բժիշկ-թերապևտը, ով աշխատանքի բերումով իրականացնում է COVID-ով հիվանդների բուժումը, 168.am-ի հետ զրույցում կարևորեց բժշկի ու հիվանդի շփումը, բժշկի կողմից հիվանդության հնարավոր ընթացքի, զարգացումների մասին հիվանդին տեղեկացնելը:

«COVID-ի ընթացքում ես հիվանդին բացատրում եմ հիվանդությունը, բացատրում եմ մեր քայլերը, համաձայնություն եմ ստանում մեր քայլերի և ելքերի մասին: Ամեն ինչի մասին մենք խոսում ենք և մենք միասին սկսում ենք անցնել այդ ճանապարհը: Հիվանդը պիտի տեղյակ լինի, որ ճանապարհին կարող է լինել բարդացում, շնչահեղձություն: Ա՜յ, երբ սրանց մասին տեղյակ է լինում, ինքը շատ հեշտ այդ ճանապարհը գալիս է քեզ հետ: Առավել ևս COVID-ի ժամանակ, որը շատ անկանխատեսելի է և այնքան անակնկալներ է մատուցում, անգամ ամենափորձառու բժշկին: Դրա համար պետք է նախօրոք ամեն ինչի մասին հիվանդի հետ խոսել, տեղեկացնել, որ՝ այո՛, կարող է ընթացքում լինել թոքաբորբի աճ, կարող է թթվածնային քաղցն ավելանա, կարող է լինել պահ, որ կարող ենք անցնել թթվածնի սարքի, կամ ավելի հասնել ինչ-որ ավելի բարդ պրոցեսի, բայց հավատացնել, որ ելքը կլինի լավ: Անկախ նրանից, թե ինչ ելք կլինի, եթե հիվանդը հոգեպես տրամադրված է, դա բուժման շատ կարևոր մասն է:

Եթե հիվանդն անտեղյակ է, և, օրինակ, տեսնում է՝ կողքինները մահացան և այլն, ու անտարբեր վերաբերմունք կա բժշկի կողմից, գուցե բժիշկը գիտի, որ ինքը մահանում է, ու վերջին մի քանի ժամերն անգամ առանձնակի ուշադրություն չի դարձնում, դրանք ազդում են կողքի մարդկանց վրա: Բժիշկն արդեն գիտի 100%-ով, որ պացիենտը մահանում է, բայց կողքի հիվանդը չի հասկանում դա, չէ՞: Այն, ինչ ես պատմում եմ, ականատեսների խոսքերից եմ պատմում:

Իհարկե, նախապես պետք է հիվանդների հոգեկան առողջությանը գնահատական տալ, միգուցե նա արդեն ունե՞ր ինչ-որ խնդիրներ՝ կապված հոգեկան առողջության հետ:

Բայց ամեն դեպքում՝ COVID-ն այնքան չի հասցնում, որ մարդը գնա, ցած նետվի: Ուզում եմ ասել, որ COVID-ն ինքնասպանության չի հանգեցնում: Այո՛, COVID-ը կարող է մարդուն դարձնել գերզգայուն, հոգեհուզական, շատ նուրբ, լացկան, տագնապային, բայց որ հասնի նրան, որ մարդը նետի իրեն պատուհանից, համաձայն չեմ, որ COVID-ն է»,- ասաց բժիշկ-թերապևտը:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հիվանդների հետ ճիշտ հոգեբանական աշխատանք պետք է տարվի, ու բժիշկները պետք է փորձեն մշտապես հասանելի լինել հիվանդների համար, խոսեն անգամ հիվանդությունը թեթև տանող հիվանդների հետ, որովհետև չգիտենք՝ թեթև հիվանդը կվատանա՞, թե՞ չէ․ «Ոչ ոք ոչ մի երաշխիք չունի»:

«Արդյո՞ք հիվանդանոցի բժիշկները հասանելի են պառկած հիվանդների համար: Ո՛չ: Օրեր են եղել, որ մարդկանց մոտ, բացի բուժքրոջից, բժիշկ չի մտել: Բոլոր բժիշկները շատ մեծ աշխատանք կատարեցին, բայց հիվանդի հետ շփում պետք է լինի, հիվանդը պետք է ամեն օր բժշկի երեսը տեսնի, կապ չունի, որ բժիշկն այդ օրը նոր բան չունի ավելացնելու: Բայց պետք է շփվի, տեսնի․ բժշկի աչքերի մեջ նայելը հույս է»,- նշեց Լամարա Մանուկյանը:

Մյուս հանգամանքը, որի վրա, ըստ բժիշկ-թերապևտի, պետք է ուշադրություն դարձնել, ստացիոնար բուժում ստացող հիվանդների մոտ հարազատ թողնելն է, նրանց հարազատի խնամքի տրամադրումը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ կան նաև հարազատի խնամքի պակասի հետևանքով արձանագրված մահվան դեպքեր, երբ մահը վրա է հասել հոգեկան սթրեսից:

«Այսպես թե այնպես, հարազատները վարակված են: Դա առաջ էինք մենք ասում՝ տանը հնարավոր է պաշտպանվել: 100%-ոց վարակելիություն է: Եթե մի քանի ժամ շփվել է COVID-ով հիվանդի հետ, ուղղակի անախտանիշ կամ թեթև ընթացք է լինում:

Հարազատը պիտի պացիենտի կողքը լինի: Դա շատ մեծ դեր է կատարում: Հիվանդը պետք է տեսնի հարազատ դեմք: Եթե ընտանիքում բոլորը COVID վարակվել են, ինչի՞ չի կարելի, որ կինը, որը թեթև է տանում, կողքը լինի, կամ աղջիկը, որ անախտանիշ է տանում, որովհետև դա շատ մեծ տարբերություն է տալիս: Երբեք մարդը չի հասնի հոգեկան անհավասարակշիռ վիճակի, եթե կողքը կա հարազատ»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ անգամ 5 րոպե կողքին գտնվող հարազատի հետ խոսակցությունը կարող է դրական մեծ ազդեցություն ունենալ:

 

Տեսանյութեր

Լրահոս