Աստված, պատասխանելով մեր աղոթքներին, աղաչանքներին ու խնդրանքներին, հաճախ շնորհում է մեզ այն, ինչ խնդրել էինք…
Աստված, պատասխանելով մեր աղոթքներին, աղաչանքներին ու խնդրանքներին, հաճախ շնորհում է մեզ այն, ինչ խնդրել էինք: Նա բուժում է մեր ցավերը, ամոքում վերքերը և շնորհում մեզ բարիքներ: Երբ մարդ գտնվում է վատ վիճակում ու այլևս չի կարողանում փոխել դրությունը, ապավինում է Աստծուն՝ ասելով, թե «հույսս միայն Աստծո վրա եմ դրել»: Այսպես է ասվում, քանի որ ամենքն էլ գիտակցում են, որ իրենց մեղավորությունը ամենաշատը գիտի Աստված, սակայն ամենամեծ սիրով էլ միայն Աստված է սիրում: Աստված չի մեղադրում, չի պատժում, չի հարցում «ինչո՞ւ»:
Նա գիտի բոլոր հարցերի պատասխանները, և եթե անգամ ստանում ենք որևէ «ինչո՞ւ» հարց Աստծուց, դա միայն նրա համար է, որպեսզի ինքներս հասկանանք պատասխանը և գործենք՝ ըստ դրա:
Աստված իր կատարածի մասին մշտապես լռում է և մեզ էլ է պատվիրում, որ լռենք: Հիշենք աստվածաշնչյան հետևյալ դրվագը. «Նրա մոտ եկավ մի բորոտ. նա ծնկի եկած աղաչում էր և ասում. «Տե՛ր, եթե կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»: Իսկ Հիսուս գթալով՝ ձեռքը երկարեց, դիպավ նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»: Եվ երբ նրան այս ասաց, բորոտությունը նրանից իսկույն գնաց, և նա մաքրվեց: Եվ Հիսուս իսկույն դուրս հանեց նրան և խստիվ պատվիրեց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի բան չասես»» (Մարկ. 1:40-44):
Այս դրվագում Քրիստոս իր օրինակով մեզ ուսուցանում է, որ կարիք չկա խոսել անգամ այն հրաշքների մասին, որ Աստծուց են: Եվ մենք էլ, թեև, այո՛, հրաշքներ գործել, բժշկել չենք կարողանա, սակայն մեր կատարած բարեգործությունը պիտի կարողանանք և ցանկանանք ծածուկ պահել: Այդպիսով մենք խոնարհություն ենք ձեռք բերում, ինչը կարևոր հատկանիշ է քրիստոնյայի համար:
Քրիստոս որքան էլ որ խոնարհաբար լռում էր, ծառայում ամենքին և խստորեն պատվիրում լռել կատարվածի մասին, միևնույն է, պատահածը հայտնի էր դառնում ամենքին: Քրիստոս չէր փնտրում երկրային փառք, այդ պատճառով էլ արժանացավ երկնայինի: Նա, լինելով խոնարհության կատարյալ օրինակ, մեզ էլ ուսուցանում է խոնարհ լինել: Ուստի՝ չփնտրենք երկրային փառք՝ փորձելով ի ցույց դնել մեր կատարածը, այլ հասկանանք, որ մեր գործերի վարձքը պիտի երկնքում ստանանք: Մեր միակ մտորումը այս հարցում թող լինի հետևյալը. «Եթե Աստված լռում է և պատվիրում է լռել իր գործերի մասին, ինչո՞ւ եմ ես բարձրաձայնում իմ կատարածը»: Եվ որպես պատասխան թող մեզ ուղեկից ունենանք Աստծո լռությունը և Քրիստոսի այն խոսքը, թե «զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի բան չասես»: