Մարտի 1-ի հարցը վերադարձել է երկարաժամկետ օրակարգ

168.am-ը ԱԺ  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ էր պայմանավորված ՀԱԿ-ի՝ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը մեկ տարով հետաձգելը, և արդյո՞ք դա նշանակում էր՝ համաձայնություն ՀՀԿ-ի հետ:

«Խնդիրը հետևյալն էր: Նախ՝ մի տարով չի հետաձգվել: Կանոնակարգում այդ դրույթը կոչվում է՝ մինչև մի տարով: Դա կարող է լինել մեկ օր, մի քանի ժամ, երկու շաբաթ, և այլն: Երկրորդը՝ ես չեմ հասկանում ՀՀԿ-ի հետ համաձայնության գալը. երբ մենք առաջարկում ենք, որ որևէ օրենքի նախագիծ ընդունվի կամ որոշում կայացվի, մենք ենթադրում ենք, որ ՀՀԿ-ն էլ դրան կողմ կքվեարկի: Կամ, օրինակ, կան օրենքի նախագծեր, որոնց հեղինակը ՀՀԿ-ի կառավարությունն է, և մենք այս նախագծերին կողմ ենք քվեարկել:

Հաջորդը՝ մենք խնդիր ունեինք, որ հանձնաժողով ստեղծվի, և, երբ ՀՀԿ-ն առաջարկում է, որ համաձայն է այդ հանձնաժողովի ստեղծմանը, և մենք չհամաձայնվենք այդ հանձնաժողովի ստեղծմանը, դա կնշանակի, որ իրենց հիմք ենք տալիս ասելու, որ մենք ոչ թե ուզում ենք Մարտի 1-ի հետ կապված կոնկրետ խնդիրներ լուծել, ինչպես իրենցից շատերն են ասում, այլ ուզում ենք հարցը շահարկել: Բայց այստեղ շատ կարևոր մի նրբություն կա, որ ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը:

Ըստ էության, նախորդ գումարման Ազգային ժողովում Հանրապետականի ներկայացուցիչների կողմից մի քանի անգամ հայտարարվել էր, որ Մարտի 1-ի էջը փակված է: Մենք եկել ենք խորհրդարան և կարող ենք արձանագրել, որ Մարտի 1-ի էջը փակված չէ: Եվ այսպիսի որոշմամբ մենք առնվազն ապահովել ենք մի բան, որ Մարտի 1-ի հարցը վերադարձել է երկարաժամկետ օրակարգ: Այսինքն՝ դա մի հարց չէ, որ հիմա պետք է կքննարկենք, ու կավարտվի-կփակվի-կգնա»:

Կարդացեք նաև

Իսկ հարցին, թե՝ ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ-ՀԱԿ բանակցությունները, երբ ԲՀԿ նախագահի անունը նշվում է Մարտի 1-ի մեղավորների ցուցակում, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Բոլոր լրագրողներն անընդհատ նույն հարցն ինձ տալիս են, և բոլոր լրագրողներին ասում եմ, որ այդ հարցին ամենայն մանրամասնությամբ բազմիցս պատասխանել եմ: Ավելացնելու որևէ նոր բան չունեմ»:

Իսկ դիտարկմանը, թե ինչո՞վ էր պայմանավորված այն հանգամանքը, որ երեկ ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը հակամենաշնորհային փաթեթը ներկայացնելիս՝ մատնանշեց մենաշնորհ ունեցող անձանց, որոնց շարքում չկար Գագիկ Ծառուկյանի անունը, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Ինչքան հիշում եմ, անուններ կոնկրետ չեն հնչել այդ զեկույցում: Որևէ կոնկրետ անուն չի հնչել: Խոսքը վերաբերել է ոլորտներին, և բոլոր մենաշնորհային ոլորտները հիշատակվել են»:

Իսկ հարցին՝ եթե Գ. Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունը, ապա ինչպե՞ս եք պատկերացնում ԲՀԿ-ՀԱԿ բանակցությունները, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց, որ «եթե»-ներով հարցերին չի պատասխանում, ,և երբ կլինեն կոնկրետ իրադարձություններ, ապա դրանց կհետևեն կոնկրետ հայտարարություններ:

 

Տեսանյութեր

Լրահոս