Ցավալին այն է, որ մենք պատասխան ենք տալիս ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման համար․ Գինու ազգային կենտրոնի նախագահ
Ապրիլի 5-7-ը ՀՀ պատվիրակությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի տարբեր հարցեր, այդ թվում՝ 2020թ․ դեկտեմբերին և 2021թ․ հունվարին ծագած, հայկական մի շարք գինիների անվանումների հետ կապված խնդիրները:
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ «Մսխալի, «Սապերավի» և «Ռկացիթելի» խաղողի սորտերի փոխադրման ընթացքում խնդիրների վերացման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում խաղողի Կախեթ տեսակի արտադրությանն ու Վրաստանում Կախեթի աշխարհագրական անվանմանը։ Այս խնդրի առնչությամբ կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Վրաստանի Կախեթի տեղանվան պահպանման և, միաժամանակ, Հայաստանում արտադրվող Կախեթ խաղողի սորտի գինիների անխոչընդոտ վաճառքի հնարավորությունը։
Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վրացիների հետ մեր ունեցած խնդիրներին՝ ասաց, որ դրանք երկու տեսակի են․ մեկն առնչվում է սորտերի հետ, մյուսը՝ քաղաքական է։
«Առաջին խնդիրը «Սապերավի» և «Ռկացիթելի» սորտերի հետ է կապված, որոնք վրացական են, սակայն կան շատ երկրներում, ու մարդիկ դրանք օգտագործում են։ Աճում են նաև Հայաստանում։ Այստեղ խնդիր չենք ունեցել, մինչև եկավ մի պահ, երբ 1-2 արտադրողներ որոշեցին օգտագործել դրանց վրացերեն տառադարձությունը, ու այդտեղ վրացական կողմից առաջացավ արդարացի դժգոհություն, ինչպես նաև ծագեցին խնդիրներ։
Իսկ խնդիրների երկրորդ խումբը կապված է «Մսխալի», «Կախեթ» անունների հետ։ Սրանք հայկական աբորիգեն սորտեր են, Վրաստանում չկան, այսինքն, իրավական տեսանկյունից որևէ խնդիր չկա դա օգտագործելու համար։ Եվ ամեն անգամ իրավիճակը հաշվի առնելով՝ հայերը թույլ են, թե ուժեղ, ռուսների հետ խնդիր ունեն, թե չունեն, Եվրոպայում խոսքի արժեքը մեծ է, թե փոքր ու դրանից ելնելով՝ վրացիները որոշում են, որ դա շատ լուրջ հարց է, պետք է քննարկվի, պետք է այս գինիների մուտքը դեպի շուկա թույլ չտալ։ Այստեղ իրենք սխալ են։ Ասում են, թե Կախեթի աշխարհագրական նշում ունենք գրանցված, մենք էլ ասում ենք՝ հայկական սորտ է, բայց քանի որ իրենց զենքերն ավելի ուժեղ են, անդամակցում են «Լիսաբոնի համաձայնագրին», դրա համար կարողանում են դա անցկացնել։
Իսկ քանի որ մենք այդ համաձայնագրի մաս չենք, ամենը կարգավորվում է առևտրի համաշխարհային օրենքով, որոնց շրջանականերում պետք է գնանք և պայքարենք մեր արդարության համար։ Հիմա չեն գնում, չեն պայքարում ու որոշեցին վրացիների հետ ընկերական հարթության վրա խնդիրը լուծել։ Բայց կարծում եմ՝ հարցը չլուծվեց։ «Մսխալու» համար ինչ-որ բաներ արեցին, պայմաններ դրեցին, բայց «Կախեթի» համար որևէ պայման չկա, ինչը աբսուրդ է։ Հեղհեղուկ իրավիճակ է, ու ցավալին այն է, որ մենք պատասխան ենք տալիս ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման համար»,- մանրամասնեց Ավագ Հարությունյանը։
Հարցին, ինչո՞ւ Հայաստանը նույնպես չի միացել «Լիսաբոնի համաձայնագրին», մեր զրուցակիցը պատասխանեց․
«Մենք երկար ժամանակ այդ համաձայնագրի անդամ չէինք, որովհետև պետք է հրաժարվեինք «կոնյակ», «շամպայն» բառերից։ Հրաժարվեցինք, բայց էլի չստորագրեցինք, ու մեր գնացքը գնաց։ Եթե 15-20 տարի առաջ ստորագրեինք՝ այլ պայմաններ կլինեին, բայց քանի որ որոշեցինք գնալ ԵԱՏՄ, պարզ դարձավ, որ ԵԱՏՄ նորմերը հակասում են այդ համաձայնագրին։ Գնացինք Եվրոպային հակադրվելու ճանապարհով և, արդյունքում, ոչինչ չստացանք։ Մեզ համար ԵԱՏՄ շուկան ապագա չէ, այն էժան ապրանքների շուկա է։ Այնտեղ թելադրողը ՌԴ-ն է, որը չի հետևում ԵԱՏՄ հիմնական պայմանագրերին ու միակողմանիորեն անընդհատ փոխում է խաղի կանոնները։
Օրինակ, ասում է, որ իր տարածքում գործում են իր օրենքները, չնայած ԵԱՏՄ պայմանագրով դրանք չպետք է գործեն, սակայն առևտրային ցանցերը հենվում են ռուսական օրենսդրության վրա, ոչ թե ԵԱՏՄ ակտերի։ ՌԴ-ն էլ հղում է կատարում ԵԱՏՄ հիմնադիր պայմանագրին, որտեղ գրված է, որ եթե ՌԴ-ն կարծում է, որ ազգային, շուկայի անվտանգությանը ինչ-որ բան է սպառնում, ուրեմն միակողմանիորեն դադարեցնում է հետևել ԵԱՏՄ նորմերին։
Ի սկզբանե դա մտցրել ու շարժվում է։ Դա վերաբերում է նաև մրգային գինիներին։ Մենք մտանք ԵԱՏՄ, որ Արցախը պահենք, կոնյակ անունը պահենք, սահմանների անձեռնմխելությունը լինի, որ տնտեսական ընդհանուր շուկա լինի, բայց ոչինչ չեղավ, կորցրեցինք ամեն ինչ»։
Գինու ազգային կենտրոնի նախագահը վստահեցրեց՝ հայկական գինին և կոնյակը համապատասխանում են եվրոպական չափանիշերին։
Հավելենք, որ «Կախեթը» հայկական վայրի խաղող է, որը հանդիպում է հայկական հնագույն Դվին մայրաքաղաքի ավերակների մերձակայքում (ամրոցի պեղումները՝ Դվին, 5-րդ դար մ.թ.ա.)։