«Հիացեք ձեր որոշումով, այն տեսնում եք ոչ միայն դուք, այլ շատ-շատ մարդիք, ովքեր ամեն օր մտածում են օգնել մեր երկրին, բայց տեսնում են ձեզ ու ձեր գործողությունները»

Նարեկ Սարգսյանի փաստաբան Արթուր Պիվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկրի ոչ բարով ղեկավարներ շնորհավորում եմ, երկար դեգերումներից հետո Հայաստանում գտաք ձեր սրտի դատարանը, դրա անունն է Վճռաբեկ դատարան: Ցնծության մեջ եք հավանաբար, հասել եք ձեր երազանքին, Վճռաբեկ դատարանի որոշմամբ կալանավորվել է երկրի «ամենավտանգավոր անձը», ով ավելի վտանգավոր է քան երկիրը կործանածներիցդ յուրաքանչուրը:

Այժմ անդրադառնամ Նարեկ Սարգսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից երեկ կայացված դատական ակտին:

Մասնավորապես, դատական ակտում նշվել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ հետևություն է արել գտնելով, որ գրավը ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը կզսպի, քանի որ նա իրավացիորեն կարող է քննությունից թաքնվել, գործով անցնող անձանց վրա ազդել և նոր հանցանք գործել: Նշվում է նաև, որ Ն. Սարգսյանի կողմից պատերազմի ընթացքում «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին մեծ չափի դրամական աջակցություն տալու հանգամանքը, խափանման միջոցի հարցը լուծելիս որևէ նշանակություն ունենալ չէր կարող: Դատական ակտի մնացած հատվածին չեմ անդրադառնա, դրան լրիվ ծավալով կարող են բոլորը ծանոթանալ:

Հիմա գլխավորը, Վճռաբեկ դատարանի որոշման և առկա իրողության մասին.

1. Ն. Սարգսյանն ազատության մեջ է մոտ 5 ամիս, ազատության մեջ գտնվելով, վերջինս մշտապես, պարտաճանաչ կերպով ներկայացել է բոլոր դատական նիստերին, ազատության մեջ լինելով դատարանում ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և հանդես է եկել դատաքննության արագացված կարգ կիրառելու միջնորդությամբ, այս ընթացքում քաջ հասկանալով, որ հենց այնպես վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի տեղակալի բողոքը վարույթ չի ընդունել և ինչ է լինելու դրա արդյունքում, սպասել է այդ որոշմանը:

Այս իրողությունում գոյություն չունի Վճռաբեկ դատարանի այն մտահոգությունները, թե որևէ մեկի վրա անձը կազդի, կթաքնվի քննությունից կամ նոր հանցանք կկատարի: Բայց դե Վճռաբեկ դատարանի կողմից հո չէր արձանագրվի, թե անկախ ամեն ինչից անձը այս 5 ամսում օրինակ ազատության մեջ գտնվելով ինչ վարքագիծ է դրսևորել: Վստահ եմ սակայն, որ այս հանգամանքները առնվազն որոշում կայացնելիս քննության առարկա է դարձվել:

2. Ինչպես է ձևախեղվել հասարակությունը, այդ թվում՝ զարմանալիորեն նաև շատ գիտակից մարդիկ, ում համար բարեգործություն կատարելը այս 3 տարվա ընթացքում դարձավ մարդու անձը չբնութագրող հանգամանք, այն էլ նման հիմնադրամի միջոցով լուրջ հարցեր լուծելու համար օգնության տրամադրումը: Ձևավորվել է հասարակություն, ում համար բարեգործություն անող անձը չարիք դարձավ:

Հիացեք ձեր որոշումով, այն տեսնում եք ոչ միայն դուք, այլ շատ-շատ մարդիք, ովքեր ամեն օր մտածում են օգնել մեր երկրին, բայց տեսնում են ձեզ ու ձեր գործողությունները: Հիացեք ձեր երկիրը կազմաքանդող ձեր գործունեությամբ:

Իրականությունը ներկայացնելուց հետո, թե, որ դատարանն է ճշմարտացի ակտ կայացրել և արդար, դատողություն ունեցող մարդու համար երկար մտածել չի ստացվի:

Փառք ու պատիվ բոլոր այն դատավորներին, ովքեր այս ծանրագույն պայմաններում հիրավի հավատարիմ են իրենց կոչմանը և տված երդմանը:

Հարգելի գործընկերներ, մասնավորապես լրագրողներ, առողջական խնդիրներով պայմանավորված չեմ կարող Ձեզ առանձին-առանձին պատասխանել, հայցում եմ Ձեր ներողամտությունը»:

Տեսանյութեր

Լրահոս