«Մենք չգիտեինք, թե հոկտեմբերին Շուշիի հետ կապված ինչ առաջարկ է եղել՝ չգիտեինք, որ ինչ-որ համաձայնագիր է ստորագրվելու». Արցախի ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի խոսքով՝ իր սերունդն Արցախի երեք պատերազմ է տեսել։
«Չէի ասի, որ 2016 թվականի ապրիլի 2-ին սկսած պատերազմը 4 օր է տևել, դրան թուրք գեներալներ էին մասնակցում, մենք հետևություններ պետք է անեինք։ Տեղեկություն ունեինք, որ բարձրաստիճան թուրք սպա է զոհվել Ակնայի ուղղությամբ։ Այսինքն՝ թուրքերն արդեն փորձում էին մտնել տարածաշրջան։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Մինսկի խումբը չկարողացավ լուծել այդ հակամարտությունը, պատերազմի միջոցով կլուծեն, և չէր բացառում, որ Թուրքիան և ահաբեկիչները մասնակցում էին այդ պատերազմին»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Թովմասյանը։
Ինչ վերաբերում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, որ Քարվաճառը հայկական չէ, Արթուր Թովմասյանը նկատեց՝ նախարար Հակոբ Արշակյանը լրագրողի էր ապտակել, հետո ներողություն խնդրեց, սակայն պատգամավորն ապտակեց 10 մլն հայի և ներողություն չի խնդրում։
«Դադիվանքը, որը գտնվում է Քարվաճառում՝ ադրբեջանակա՞ն է։ Նաև Շուշիի հայկականությունը հարցականի տակ դնելն էր ապտակ, եթե այդ մարդիկ Շուշիի մասին տեղեկություն չունեն, ինձ մոտ կան բազմաթիվ փաստեր, գրքեր, նաև ադրբեջանցի գիտնականների կողմից հաստատված, որ Շուշին հայկական է»,- հավելեց Արցախի ԱԺ նախագահը։
Նա նաև ընդգծեց, որ Շուշիի ընկելուց հետո Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի սիրտը չդիմացավ։
«Ես այն մարդկանցից եմ, որոնք մնացել են Ստեփանակերտում։ Նոյեմբերի 9-ին մոտ 2000 թուրքեր գտնվում էին Շուշի քաղաքում, մոտ 4000-ն էլ պետք է շարժվեին Ստեփանակերտ, այնտեղ մնացել էր մի քանի հարյուր մարդ։ Հիմա ես ինչի՞ մասին խոսեմ, որ զենքերը ցած են դրել ու եկել են Երևա՞ն, ես ասում եմ՝ մի քանի հարյուր մարդ էր մնացել։ Իսկ մինչ այդ մենք չգիտեինք, թե հոկտեմբերին ինչ առաջարկ է եղել, չգիտեինք, որ ինչ-որ համաձայնագիր է ստորագրվելու։ Արդեն եկել էր մի բան, որ Հայաստանը ոչ միայն Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը չէր, այլև Հայաստանի ժողովրդի։ Հիմա Արցախում լռություն է տիրում, կարող ես հարյուր անգամ պատերազմում պարտվել, կամ հաղթել, դա որևէ նշանակություն չունի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը։ Ադրբեջանի կազմում Արցախը հայաթափվելու է, սա պետք է շատ լավ հասկանան ՀՀ իշխանությունը, ընդդիմությունը և ժողովուրդը»,- շեշտեց նա։
Արցախի ԱԺ նախագահն ընդգծեց, որ բանակցություններում պետք է առաջ տանել այն միտքը, որ խաղաղ բանակցությունների միջոցով Հադրութն ու Շուշին պետք է ազատագրվեն։