«Ոնց որ խրամատներ լինեն, ընկնում ես՝ ինտերնետ կապն էլ է կորում»․ քաղաքապետարանից խոստանում են 10 օրվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր փոսերը «վերացնել»

Բազմաթիվ վարորդներ ահազանգում են, որ մայրաքաղաքում տևական ժամանակ ճանապարհներն «անմխիթար» վիճակում են, և իրենց ավտոմեքենաները շարքից դուրս են գալիս։ Շատերը դժգոհում են, որ մեքենայի համար տարեկան հարկեր են վճարում և դրա դիմաց պահանջում են պատշաճ ասֆալտապատում։

168.am-ի նկարահանող խումբը Երևանի մի քանի փողոցում ֆիքսել է ճանապարհի երթևեկելի հատվածում առկա խորը փոսեր, որոնք ոչ միայն ավտոմեքենաներն են շարքից հանում, այլև վթարային իրավիճակներ են ստեղծում։

Տաքսու վարարոդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ Երևանի գրեթե բոլոր հատվածներում նման խնդիրներ կան այսօր․

«Երևի բոլոր տաքսիստներն էլ կբողոքեն այս ամենի համար, փոսերը ոնց որ խրամատներ լինեն։ Քշում ես, մի ամսվա մեջ արդեն 3 անգամ ստաբիլիզատորի ստոյկեքը ջարդվել ա, ձեն ա հանում, հաճախորդը նստում, ասում է՝ էս ի՞նչ ձեն է, չի պատկերացնում, որ 2 օր առաջ ենք փոխել, ոնց որ խրամատներ լինեն։ Երեկ անցնում էի Սլավյանսկիի հետևով, երևի 9 հատ փոս հաշվեցի, խրամատներ են։ Փոս ես ընկնում՝ կապերը խզվում են, ինտերնետ կապն էլ է կորում»։

Մեկ ուրիշ քաղաքացի էլ, որ արդեն 40 տարվա վարորդ է, ևս բողոքեց ճանապարհի երթևեկելի հատվածում առկա փոսերից, սակայն շտապեց դժգոհությունը հայտնել մեկ այլ խնդրի՝ ճանապարհային նշանների բացակայության վերաբերյալ․

«Մի շաբաթ առաջ Իսակովի պողոտայով գնալուց՝ «Պոբեդա» մոստից սկսած մինչև եսիմ որտեղ արագաչափի նշան չկա։ 70 թե 80 արագությամբ ամերիկյան դեսպանատան դիմացով գնալուց արագաչափն ինձ նկարել է, դա ճի՞շտ է։ Պետք է գրած լինի, չէ՞, կամ գետնին կամ ստոլբի վրա, ոչ մի հատ նշան չկա։ Ես ո՞նց կողմնորոշվեմ, որ միշտ այնտեղով գնացել ենք 80-90 արագությամբ, հիմա 60 է, կամ խամ շոֆեր եմ, գյուղից եկել եմ, այդտեղով գնում եմ, ես ի՞նչ իմանամ՝ տելեվիզորը հայտարարե՞լ է, թե՞ չի հայտարարել։ Սովորական այն ժամանակվա արագությունով եմ գնացել, ինձ նկարել է, ոչ էլ տանելու եմ մուծեմ»։

Մեկ այլ վարորդից էլ հետաքրքրվեցինք, թե քաղաքում մեքենա վարելիս ո՞րն է ամենալուրջ խնդիրը, որն առաջնահերթ պետք է վերացվի։ Պատասխանը կրկին ճանապարհներին առկա փոսերն են․

«Առաջինը երևի ճանապարհները վերանորոգվեն, որովհետև ահավոր փոսեր են, մեքենա վարել չի լինում, ամբողջ քաղաքը, որտեղ բարձրանում ես, նույն վիճակն է, և մի քիչ էլ կարգավորել տրանսպորտի վիճակը, շարժը, ոստիկանները սկսեին ինչ-որ ձև աշխատել։ Այս փողոցը չէ, ուրիշ փողոց վերցնենք, որ պետք է աջ մտնես՝ մինչև հոծ գծի վերջ պարկինգ է արած, դու պետք է անցնես ու, ուզած թե չուզած՝ խախտում ես անում»։

Վարորդներ էլ եղան, որ չցանկացան տեսախցիկի առջև խոսել, սակայն տեղեկացրին, որ քաղաքում կոնկրետ տեղեր կան, որ, եթե նախկինում մեքենաների կայանման դեպքում չէին նկարում, այսօր արդեն նկարում են, ընդ որում, հատկանշական է, որ ոչ բոլոր մեքենաների համար է ակտ գալիս, երևի հատուկ ընտրում են թանկարժեք մեքենաները։

Քաղաքային իշխանությունն արդյոք չի՞ նկատում այս խնդիրները, դժվար է հավատալ։ Ի դեպ՝ մեր նկարահանման պահին այդ նույն փոսերի կողքով անցավ նաև Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը։

Վարորդներին մտահոգող առաջին հարցը հետևյալն էր՝ արդյոք իրենք փոխհատուցում կստանա՞ն քաղաքային իշխանությունների անգործության հետևանքով սեփական մեքենաները երկաթե ջարդոնի վերածելու համար։

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե քաղաքապետարանը ե՞րբ է պատրաստվում իրականացնել փոսալցման աշխատանքները, և արդյո՞ք քարտեզագրել են, թե մայրաքաղաքում քանի նման փոսեր կան։ Նա նախ ներկայացրեց Երևան քաղաքի ասֆալտապատ մակերեսի ծավալը՝ 26.000.000 քառակուսի, իսկ ահա մայրաքաղաքի ասֆալտի բյուջեն՝ ընդամենը 530.000 քառակուսի, այսինքն՝ 1.5 տոկոսը։

«Մրցույթը հայտարարել ենք նախորդ տարի, որ կարողանայինք այս տարի այդ աշխատանքները շուտ սկսել, բայց մինչև գնման գործընթաց, մինչև բանկային երաշխիք․․․ Տեխհսկողության մրցույթի պայմանագրերը դեռ չի կնքվել, առանց տեխհսկողության հնարավոր չէ իրականացնել, իսկ բյուջեն հաստատվել է 10 օր առաջ՝ ավագանու որոշմամբ։ Եթե կայացած էլ լիներ այս ամենը, մենք իրավասու չենք անելու, քանի որ +10-ից ցածր ջերմաստիճանի դեպքում իրավունք չունես ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու։

Երեկ՝ մարտի 10-ից, սկսել ենք փոսանորոգում, 12 վարչական շրջանում էլ աշխատանքները սկսվել են, ամեն վարչական շրջան իր շինարարական ընկերությունը՝ առանձին-առանձին, ոչ թե ասֆալտապատում, այլ փոսանորոգում, մինչև 5 քառակուսի մակերեսով։ Այսինքն՝ փոսն իր շրջակայքով քանդվում է, կտրվում, փոշեզրկվում, նույն ասֆալտապատումն է, բայց ոչ մեծ մակերեսով։ Պետք է գոնե +10 և չոր եղանակ լինի, որ ասֆալտի կպչողականությունը կարողանանք ապահովել»,- ասաց քաղաքապետարանի պաշտոնյան։

Նա տեղեկացրեց, որ տեխհսկող ընկերությունը, վարչական շրջանը և քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչությունը միասին նախ հաշվառում են մայրաքաղաքի բոլոր փոսերը, քարտեզագրում, նոր միայն սկսում իրականացնել աշխատանքները․

«Մայրաքաղաքում այս պահին առկա է մոտ 35-40 փոս, և ամենաուշը 10 օրվա ընթացքում մայրաքաղաքի բոլորը փոսանորոգման աշխատանքները կավարտվեն»։

Դիտարկմանը, որ շատ վարորդներ մտահոգված են իրենց մեքենաների շարքից դուրս գալու հանգամանքով և փոխհատուցում են ակնկալում քաղաքապետարանից, Հարությունյանը պատասխանեց․

«Մենք փոխհատուցում չունենք, միայն դատական գործընթացով պետք է փոխհատուցումն իրականացվի։ Պետք է ընդամենը շատ ուշադիր քշել»։

Տեսանյութեր

Լրահոս