«Վաշինգտոնում բավականին ակտիվ գործընթացներ են ընթանում. Կոնգրեսի տարբեր Պալատներում տարբեր նախագծեր, կոչեր  են շրջանառվել». Սուրեն Սարգսյան

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրի հետ կապված՝ ԱՄՆ կոնգրեսականները հաջորդ շաբաթ հատուկ բանաձև կներկայացնեն Ներկայացուցիչների պալատ։ Դրանից զատ, այս տեղեկությունը հայտնել էր ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը։

Նույն խնդրով Կոնգրեսը ևս ունի արդեն համապատասխան նախաձեռնություն։

168.am հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ վերջին շաբաթների ընթացքում բավականին ակտիվ իրավիճակ է նկատվում Միացյալ Նահանգներում, ինչը հայկական համայնքի ակտիվության,  լոբբիստների ակտիվ աշխատանքի արդյունքն է, և արդյունքն է նրա, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն այս պահին գտնվում են բավականին լարված վիճակում։

«Միացյալ Նահանգների Կոնգրեսի տարբեր Պալատներում տարբեր նախագծեր, կոչեր  են շրջանառվել, որին միանում են տարբեր կոնգրեսականներ ու սենատորներ, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պահանջելով աջակցություն ցուցաբերել Հայաստանին և ճնշումներ գործադրել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի համար։ Մի խոսքով՝ նախագծերը բավականին շատ են և  ունեն տարբեր իրավական ակտերի տեսք, ինչպես արդեն նշեցի, դրանք թե՛ ուղերձներ են, թե՛ բանաձևեր, այսինքն՝ Վաշինգտոնում բավականին ակտիվ գործընթացներ են ընթանում»,- նշեց Սուրեն Սարգսյանը։

Ըստ նրա, այս ամենը վկայում է այն մասին, որ առաջին հերթին հայկական համայնքն է ակտիվ աշխատում, և Թուրքիան բավականին լարված հարաբերություններ ունի Վաշինգտոնի հետ՝ պայմանավորված ներքին ու արտաքին քաղաքականությամբ, ինչն էլ ակնհայտ է, որ Վաշինգտոնն աննկատ չի թողնում։

«Վաշինգտոնը տարբեր ձևերով փորձում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, այս ամենը, կարծում եմ, պետք է դիտարկել նաև ապրիլքսանչորսյան Բայդենի ուղերձից առաջ ձևավորվող միջավայրին։ Գալիս եմ այն եզրահանգմանը, որ ԱՄՆ որևէ վարչակազմ այնքան մոտ չի եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, որքան այսօր Բայդենի վարչակազմն է»,- շեշտեց Սուրեն Սարգսյանը։

Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների համատեքստում, Հայաստանի կողմից տարվող քայլերին՝ հօգուտ հայկական շահի, Սուրեն Սարգսյանն ասաց, որ հայկական կողմից նման քայլեր չի տեսնում, բացի հակառակ քայլերից։

«Այդ հակառակ քայլերի վառ ապացույցներից մեկն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի փոփոխությունն է, նոր ոչ պրոֆեսիոնալ դեսպանի նշանակմամբ, կարծում եմ՝ սա ամենաբացասականն բանն էր, որը կարելի էր այս փուլում ակնկալել։ Ամեն դեպքում որոշումը կայացրել են, առաջիկա ամիսների ընթացքում դեսպանը կփոխվի։ Այսինքն՝ Հայաստանի նկատմամբ ակտիվ քայլեր չեմ տեսնում, ինչ տեղի է ունենում, իրականացվում է տեղի հայ համայնքի, մեր կազմակերպությունների, որոշ դեպքերում էլ՝ դեսպանի անձնական նախաձեռնությամբ»,- ընդգծեց միջազգայնագետը։

Նա նաև շեշտեց, որ ԱՄՆ-ում Բայդենի վարչակազմի հետ հայկական համայնքը արդյունավետ կապեր է ամրապնդում։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս