Թաիլանդում զբոսաշրջիկներին առաջարկում են կարանտինն անցկացնել զբոսանավի վրա
Թաիլանդ այցելող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան երկշաբաթյա պարտադիր կարանտինն անցկացնել զբոսանավի վրա: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացրել է «Nikkei Asia»-ն:
Հանգստացողները, որոնք պարտադիր պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, պետք է կրեն հատուկ «խելացի» թևնոցներ: Նրանք ցույց են տալիս առողջական վիճակը, մարմնի ջերմաստիճանը, արյան ճնշումը, ինչպես նաև հայտնում են այն կրողի գտնվելու վայրը: GPS համակարգը հնարավորություն է տալիս մարդու գտնվելու վայրը պարզել նաև ծովում՝ ափից 10 կմ հեռավորության վրա:
Այս ճանապարհով Թաիլանդի իշխանությունները փորձում են շահագրգռել զբոսաշրջիկներին՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում իրենց երկիր այցելելու նպատակով: