Համալրվել են ՊԵԿ թափուր աշխատատեղերը
Պետական եկամուտների կոմիտեն համակարգը բանիմաց և բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով պարբերաբար մրցույթներ է հայտարարում Երևանի և տարածքային հարկային տեսչություններում:
Նոր հարկային ծառայողներ ընտրելիս կոմիտեն առաջնորդվում է 3 հիմնական չափանիշներով` մասնագիտական բարձր պատրաստվածություն, համակարգչային հմտություններ և վերլուծական կարողությունների առկայություն: Համակարգը բարձրակարգ կադրերով համալրելու գործընթացի շրջանակում վերջերս ՊԵԿ-ն աննախադեպ մրցույթ էր հայտարարել` միանգամից 71 թափուր աշխատատեղերի համար, հիմնականում տնտեսագիտական, հաշվապահական և իրավաբանական մասնագիտություններով:
ՊԵԿ-ում այսօր ամփոփել են մրցույթի արդյունքները և հաղթողներին շնորհավորել աշխատանքային առաջին օրվա կապակցությամբ: Այսպես, 586 մասնակիցներից հաղթող են ճանաչվել 66-ը, ովքեր նշանակվելու են հարկային ծառայության համապատասխան պաշտոններում: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը վստահեցրել է, որ մրցույթի արդյունքում ընտրվել են լավագույնները. «Կոմիտեի նախագահի անունից շնորհավորելով բոլորիդ` առանձնահատուկ պետք է նշեմ, որ մենք մշտապես կարևորում ենք որակյալ կադրերի խնդիրը, հետևաբար մասնագիտական հմտություն ցուցաբերած աշխատակիցներին նոր վերելքներ են սպասվում»:
Պետական եկամուտների կոմիտեի նոր աշխատակիցներն այսօրվանից աշխատանքի են անցնում Երևանի հարկային և մարզերի տարածքային հարկային տեսչություններում` ընթացիկ հսկողության, տեղեկատվության և վերլուծության, ինչպես նաև իրավաբանական և հարկադիր գանձումների բաժիններում: Ի դեպ, համալրվող աշխատատեղերի զգալի մասը բաժին է ընկել մարզերին:
ՊԵԿ հասարակայնության հետ կապերի վարչություն