Մի «ցրեք». ամաչելով ասեք, որ ոչ մի ադրբեջանցի դատապարտյալ արդեն չունեք ՔԿՀ-ներում, ո՞ւմ փոխանակեք…

Փետրվարի 2-ին 168.am-ը ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությանը (ՔԿԾ) հարցում էր ուղարկել, որին պատասխանելու համար Ծառայությունից մեկամսյա ժամկետ էին խնդրել:

ՔԿԾ-ից ցանկացել էինք տեղեկանալ՝

1. Քանի՞ օտարերկրյա քաղաքացի է դատապարտվել և պատիժը կրում ՀՀ-ում ապօրինի սահմանը հատելու համար:

2. Ադրբեջանի Հանրապետության քանի՞ քաղաքացի է գտնվում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի տվյալներով և հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ:

3. 44 օր տևած պատերազմի ընթացքում, հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ, քանի՞ ադրբեջանցի գերի կա ՀՀ քրեակատարողական հիմնարկներում և քանի՞ օտարերկրյա քաղաքացի, (վարձկան), ո՞ր քրեակատարողական հիմնարկներում են նրանք պահվում:

4. Շուշիի բերդից քանի՞ դատապարտված անձ է տեղափոխվել Հայաստան, ո՞ր հիմնարկներում են պահվում:

Հարցման նպատակն անուղղակիորեն Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր քաղաքացիների վերադարձի հեռանկարների հարցը պարզելն էր, քանի որ 168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ հունվարի կեսերին «Դեժավյու» տելեգրամ ալիքի տեղեկացմամբ` թվով 5 հայ ռազմագերիներին ադրբեջանցիները փոխանակել էին Անար Գիասի Մամեդովի հետ, ով իր պատիժը  2020 թվականի մարտի 14-ից կրում էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում 329-րդ հոդվածի 1-ին մասի՝ պետական սահմանի ապօրինի հատում հոդվածով:

Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է,  երբ Հայաստանում իրենց պատիժը կրող ադրբեջանցի քրեական հանցագործներին ՀՀ  իշխանությունները ազատ են արձակում անհայտ հիմքերի ու ընթացակարգերի առկայությամբ և ուղարկում Ադրբեջան` փոխարենը մի քանի հայ ռազմագերիներ ստանալով։

Ռազմագերիների վերադարձման առաջին փուլում մեր իշխանությունները Ադրբեջանին վերադարձրին պետական սահմանն ապօրինի հատած մի քանի անձի, այդ թվում՝ քարվաճառցի անչափահաս Սմբատ Ցականյանի սպանության մեջ մեղադրվող ու իրենց պատիժը Շուշիի բանտում կրող դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, ում նկատմամբ ավելի բարեգութ էին գտնվել, քան մեր հարյուրավոր զինվորների, և Շուշիից հապշտապ տեղափոխել էին Հայաստան։ Հենց «Արթիկ» ՔԿՀ-ից էլ նրանց ուղարկեցին Ադրբեջան։

Ի դեպ, «Արթիկ» ՔԿՀ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այս պահին այդ ՔԿՀ-ում որևէ ադրբեջանցի չկա: Մյուս քրեակատարողական հիմնարկներում ադրբեջանցի հանցագործների առկայության փաստն այս պահին ստուգվում է:

Եվ այսպես, շուրջ մեկ ամիս անց Քրեակատարողական ծառայությունից ստացված պատասխանում միայն մեր հարցման մեջ տեղ գտած առաջին հարցի պատասխանն էր առկա այն մասին, որ ՀՀ-ում ապօրինի պետական սահմանը հատելու համար դատապարտվել և իրենց պատիժն են կրում 3 օտարերկրացի քաղաքացիներ, 4-րդ հարցինը, այն էլ՝ մասնակի: Ի պատասխան մեր հարցի՝ պատասխանել էին, որ փետրվարի 24-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվում են Արցախի Հանրապետությունից տեղափոխված 11 դատապարտյալներ:

Եվ վերջ: Մնացած հարցադրումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը ՔԿԾ-ն համարել է ոչ նպատակահարմար:

Ուշադիր ընթերցողը կնկատի, որ Քրեակատարողական ծառայությանը 20 օրից ավելի ժամանակ է պետք եղել այնպիսի տեղեկատվություն տրամադրելու համար, որը, բնականաբար, առկա է ՔԿԾ գրանցամատյաններում, իսկ նշված ժամանակահատվածն այդ կառույցին պետք է եղել «ցրելու» համար ադրբեջանցիներին վերաբերող հատվածի թեման, բայց ավելի կրեատիվ բան չեն կարողացել մտածել, ըստ երևույթին, և ապավինել են հին ու բարի «տեղեկատվության տրամադրումը համարում ենք ոչ նպատակահարմար» ձևակերպմանը:

Միայն թե ՔԿԾ-ում հավանաբար չգիտեն, որ իրենք իրավունք չունեն ուղղակի, հենց այնպես, առանց հիմնավորման՝ որևէ տեղեկատվության տրամադրումը համարել ոչ նպատակահարմար, եթե այն պետական ու ծառայողական գաղտնիք չէ, կամ պաշտպանված չէ մեկ այլ, ոչ պակաս հիմնավոր առարկությամբ:

Ինչո՞ւ Քրեակատարողական ծառայությունը չի տրամադրում տեղեկություններ միայն ադրբեջանցի քրեական հանցագործ դատապարտյալների վերաբերյալ, ինչո՞վ ու ինչո՞ւ են մեր թշնամիները մեր իսկ երկրում այդչափ պաշտպանված, ինչո՞ւ մենք չենք կարող իմանալ՝ էլ քանի՞ հոգու կարող ենք փոխանակել գերության մեջ գտնվող մեր ազգակիցների հետ:

Պատասխանը պարզ է և աներկբա՝ կամ ՔԿԾ-ում նույնպես թևածում է քաղաքական իշխանությունների կողմից փայփայված ադրբեջանասիրության թեման, իսկ դրա պատասխանը ՔԿԾ ներկայիս ղեկավարները մի օր անպայման տալու են ՀՀ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում, կամ էլ, որն ամենահավանականն է, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ոչ մի ադրբեջանցի դատապարտյալ էլ չկա, ո՞ւմ փոխանակեն… Իսկ այդ մասին խոստովանելը, թերևս, ամոթ է…

Թեպետ մեծ հաշվով, երևի արդեն ակտուալ էլ չէ՝ կա՞ն ադրբեջանցի դատապարտյալներ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում, թե՞ ոչ, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռևս շուրջ մեկ շաբաթ առաջ է ասել, որ հայաստանցի ռազմագերիներին ինքը վերադարձրել է, և Ադրբեջանում են գտնվում միայն «ահաբեկիչները»: Իսկ թե ինչո՞ւ են մեր տղաները «ահաբեկիչներ» որակվում, գիտեն թերևս միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա «կառուցողական» գործընկեր Ալիևը:

Տեսանյութեր

Լրահոս