Ի՞նչ է թաքցնում Քրեակատարողական ծառայությունը
Շուրջ 2 շաբաթ առաջ «Դեժավյու» տելեգրամ ալիքի տեղեկացմամբ` թվով 5 հայ ռազմագերիներին ադրբեջանցիները փոխանակել էին Անար Գիասի Մամեդովի հետ, ով իր պատիժը 2020 թվականի մարտի 14-ից կրում էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում 329-րդ հոդվածի 1-ին մասի՝ պետական սահմանի ապօրինի հատում հոդվածով:
Սա արդեն երկրորդ դեպքն էր, երբ Հայաստանի Հանրապետությունում իրենց պատիժը կրող ադրբեջանցի քրեական հանցագործներին ՀՀ իշխանությունները ազատ են արձակում անհայտ հիմքերի ու ընթացակարգերի առկայությամբ և ուղարկում Ադրբեջան` փոխարենը մի քանի հայ ռազմագերիներ ստանալով։
Ընդգծենք` խոսքը դատարանի օրինական վճիռն ուժի մեջ մտնելու պարագայում իրենց պատիժը ՀՀ-ում կրող քրեական հանցագործների մասին է։
Ռազմագերիների վերադարձման առաջին փուլում մեր իշխանությունները Ադրբեջանին վերադարձրին պետական սահմանը ապօրինի հատած մի քանի անձի, այդ թվում՝ քարվաճառցի անչափահաս Սմբատ Ցականյանի սպանության մեջ մեղադրվող ու իրենց պատիժը Շուշիի բանտում կրող դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, ում նկատմամբ ավելի բարեգութ էին գտնվել, քան մեր հարյուրավոր զինվորների, և Շուշիից հապշտապ տեղափոխել էին Հայաստան։ Հենց «Արթիկ» ՔԿՀ-ից էլ նրանց ուղարկեցին Ադրբեջան։
Չգործեց, սակայն, և չի գործում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը, և այս պահին մենք դեռ թվով 235 ռազմագերի ունենք Ադրբեջանում` ըստ ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի տվյալների, որը, ի դեպ, մինչ օրս հերքված չէ։
Բոլորս ենք հիշում, թե տարիներ ի վեր Ադրբեջանն ինչ դիվանագիտական ու այլ ռեսուրսներ էր ծախսում նրանց վերադարձնելու համար, սակայն այդ հարցը երբևէ քննարկման առարկա չի դարձել։ Եվ միայն այժմ իր օրոք Հայաստան վերադարձված ռազմագերիների քանակով հպարտացող Նիկոլ Փաշինյանը, ով, իհարկե, «մոռացել է», որ հենց իր օրոք են ամենաշատը ռազմագերիներ հայտնվել Ադրբեջանում, հենց ամենասկզբում հանձնեց իր զինանոցի «Իսկանդերներին»` փոխարենը չստանալով գրեթե ոչինչ։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ռազմագերիներ հետ ստանալու` իշխանությունների միակ ռեսուրսը Հայաստանում իրենց պատիժը կրող քրեական հանցագործ ադրբեջանցի դատապարտյալներն են մնացել, 168.am-ը գրավոր հարցում ուղարկեց Քրեակատարողական ծառայություն (ՔԿԾ)՝ ցանկանալով ստանալ, կարծում ենք, հանրության մի զգալի հատվածին հուզող հարցերի պատասխանները՝
1. Քանի՞ օտարերկրյա քաղաքացի է դատապարտվել և պատիժը կրում ՀՀ-ում ապօրինի սահմանը հատելու համար:
2. Ադրբեջանի Հանրապետության քանի՞ քաղաքացի է գտնվում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի տվյալներով և հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ:
3. 44 օր տևած պատերազմի ընթացքում հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քանի՞ ադրբեջանցի գերի կա ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, և քանի՞ օտարերկրյա քաղաքացի (վարձկան), ո՞ր քրեակատարողական հիմնարկներում են նրանք պահվում:
4. Շուշիի բերդից քանի՞ դատապարտված անձ է տեղափոխվել Հայաստան, ո՞ր հիմնարկներում են պահվում:
Պաշտոնական հարցումից հետո, 5-օրյա ժամկետում ստացանք պատասխան, որ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կողմից չի իրականացվում առանձնացված հաշվառում, անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և մեր հարցման պատասխանը ՔԿԾ-ն կկարողանա տալ 30 օրվա ընթացքում:
Հիմա հարց՝ մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ երկրում Ազգային անվտանգության ծառայություն գոյություն չունի, և սահմանախախտներն այնքան շատ են, որ 5 օրվա ընթացքում Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը, եթե, իհարկե, նման վիճակագրություն չկա, չի կարողացել մի քանի քրեակատարողական հիմնարկներից ճշտել դրանց թիվը, ու մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ ՔԿԾ-ն 30-օրյա ժամկետ է խնդրել դրա համար: Եվ եթե այդքա՜ն շատ է դատապարտված սահմանախախտների թիվը, ուրեմն դեռ որքանն էլ չեն բռնվել ու, ինչպես ասում են՝ վխտում են ՀՀ-ում:
Իսկ կարո՞ղ ենք ակնկալել, որ այնքան շատ է ադրբեջանցի քրեական հանցագործների ու մեր ՔԿՀ-ներում պահվող գերիների ու վարձկանների թիվը, որ նրանց միջոցով կարող ենք հետ բերել մեր բոլոր 235 գերիներին, թե՞ ամաչում եք ասել, ցուցում ունեք չասել, որ կամ առհասարակ չկան, կամ այնքան քիչ են, որ դրանով գերիների հարազատներին խաբել չի լինի ևս անորոշ ժամանակով:
Իսկ ի՞նչ վերլուծություն պիտի կատարեն Շուշիից տեղափոխված դատապարտյալների վերաբերյալ, թե՞ տեղափոխելիս չգիտեին՝ քանի հոգի են տեղափոխում:
Իսկ գուցե պատասխանները լավ էլ գիտեն, բայց արհեստական խոչընդոտնե՞ր են ստեղծում լրատվամիջոցի համար, ինչը կարծես թե Քրեակատարողական ծառայությունում սովորական աշխատանքային ձեռագիր է:
Ցանկալի կլինի իմանալ նաև Արդարադատության նախարարության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ: Արդյո՞ք այնտեղ էլ են կարծում, որ մեր՝ ՔԿԾ-ին տված հարցերին պատասխանելու համար 30-օրյա ժամկետ է հարկավոր, թե՞ խրախուսում են ԶԼՄ-ի հետ աշխատելու այս կերպը:
Ամեն դեպքում մենք կսպասենք 30-օրյա ժամկետում մեր հարցերի պատասխաններին՝ հընթացս ի մի բերելով մեր տեղեկությունները: