Ամենահեշտ և արագ լուծվող մեթոդը խորհրդարանական երկու ֆրակցիաների մանդատները վայր դնելն է. Ստեփան Դանիելյան

Մինչ իշխանությունը մարտիմեկյան հավաքով տոնում է իր Պյուռոսյան հաղթանակը, մինչ հազարավոր քաղաքացիներ շարունակում են պահանջել Փաշինյանի ու նրա թիմի հրաժարականը, մինչ քաղաքական հորիզոնում տեղ-տեղ հայտնվում ու կորչում է ՀՀ նախագահի ուրվագիծը՝ հավանաբար այն պատճառով, որ «խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում նախագահի ինստիտուտն արտաքնապես խորհրդանշական կամ ձևական բնույթ ունի», երկրում առկա իրավիճակը հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներում շարունակում է որակվել ճգնաժամային:

Ու ճգնաժամի պատճառն ամենևին այն չէ, որ վարչապետի հրաժարականի պահանջին միացել է նաև ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը, այլ այն, որ, թեև հրաժարականի պահանջով հանդես են եկել հոգևոր ու պետական բազմաթիվ ինստիտուտներ, բազմահազար քաղաքացիներ, բայց իշխանական «Իմ քայլը» խմբակցության հավաստմամբ՝ հանրության շրջանակներում նման պահանջ չկա:

Եթե «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում հանրային տարբեր շերտերի ձայնը լսելի չէ, ապա օրենքի շրջանակում ի՞նչ այլ քայլեր պետք է արվեն՝ հասարակական տարբեր շրջանակների պահանջն իրագործելու համար.  ի՞նչ մեթոդներ կան Փաշինյանին պաշտոնից հեռացնելու համար՝ 168.amը հետաքրքրվեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանից: Նա ի պատասխան՝ նշեց.

«Ամենահեշտ և արագ լուծվող մեթոդը խորհրդարանական երկու ֆրակցիաների մանդատները վայր դնելն է, որովհետև ըստ Սահմանադրության, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի և ըստ Ընտրական օրենսգրքի՝ խորհրդարանում առնվազն 30 տոկոսը պետք է լինի ընդդիմություն, նաև ԱԺ նախագահի մեկ տեղակալը պարտադիր պետք է ընդդիմությունից լինի, և նման բազմաթիվ այլ պահանջներ կան:

Եթե խորհրդարանն ամբողջովին կազմված է լինում մեկ ֆրակցիայից, ապա այդ դեպքում խորհրդարանը չի կարող գործել: Չնայած Սահմանադրության մեջ նախատեսված չէ, թե այդ դեպքում ինչ է պետք անել, բայց դա առաջացնում է խորհրդարանական ճգնաժամ, որն արդեն պետք է ինչ-որ լուծում ստանա: Կարծում եմ՝ այս դեպքում հանրապետության նախագահը կարող է լուծում տալ՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը լուծում չի նախատեսում: Երկրորդը՝ այդ դեպքում առաջանում է կազուս, որովհետև մեկ ֆրակցիայից բաղկացած խորհրդարան աշխարհի ոչ մի երկրում չկա. նման բան չի կարող լինել: Եվ այստեղ առաջանում են մի շարք լուրջ խնդիրներ, և ոչ միայն՝ խորհրդարանական ճգնաժամ, այլ նաև քաղաքական ճգնաժամ է առաջանում, որի միակ լուծումն արտահերթ ընտրություններն են, և այդ արտահերթ ընտրությունները կլինի ընդդիմության օրակարգը, ու ոչ թե՝ իշխանության»:

Իսկ թե որքանո՞վ է իրատեսական խորհրդարանական ընդդիմության մանդատների վայր դնելու հեռանկարը, և արդյո՞ք այսօր խորհրդարանական ընդդիմությունն ունի նման վճռականություն՝ մեր հարցադրումներին քաղաքագետը չպատասխանեց՝ նկատելով. «Համենայն դեպս, դա չկատարելով՝ պատկերը տեսնում ենք, որ մենք ունենք ոչ թե իշխանություն և  ընդդիմություն, այլ ունենք իշխանություն և իշխանությանը սպասարկող խորհրդարանական ընդդիմություն. գոնե այս որոշակիությունը կմտնի, արդեն ամեն ինչ ավելի կհստակեցվի»:

Մեր խնդրանքով անդրադառնալով նաև ՀՀ նախագահի որդեգրած դիրքորոշմանը՝ Ստեփան Դանիելյանը նկատեց.

«Իմ տպավորությունն այնպիսին է, որ նախագահի որոշումների վրա ազդեցություն են ունենում հանրային տրամադրությունները, ճնշումները. որ կողմից ճնշումն ավելի ուժեղ կլինի, նախագահը նման որոշում էլ կկայացնի»:

Հստակեցմանը, թե կոնկրետ Գլխավոր շտաբի պետի հարցով կդիմի՞ Սահմանադրական դատարան, թե՞ կբավարարվի մինչ այս եղած մանվածապատ հայտարարություններով, քաղաքագետն արձագանքեց, որ այդ հարցին միայն կարող է պատասխանել ինքը՝ նախագահը, ապա հավելեց. «Ուղղակի ինձ մոտ այն տպավորությունն է, որ գոնե այս պահին նախագահն ինքն էլ չգիտի՝ ինչ է անելու, ինչպես է վարվելու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031