«Մեղրիում միջանցք չպետք է լինի, պետք է լինի սովորական տարանցիկ ճանապարհ՝ երկու մաքսակետով». Հենրիկ Քոչինյան
ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ իր համար մի փոքր անհասկանալի է, թե կոնկրետ ո՞ր երկրներին է վերաբերում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տարածաշրջանի ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը:
«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը շրջափակված չէր և չի, եթե նրանք շեշտադրում են անում, որ Նախիջևանը ապաշրջափակեն, ապա 1993թ. վերջից Նախիջևանը շատ կայուն, բավականին լավ ավտոմայրուղով, Իրանի տարածքով կապվում էր Ադրբեջանին: Նրանց շրջափակված վիճակը խիստ պայմանական հասկացողություն է: Եթե հարցը վերաբերում է նրան, որ Նախիջևանով երկաթուղի չի աշխատել, ապա պետք է ադրբեջանցիներին հարցնել, թե ինչո՞ւ են Նախիջևանի տարածքում երկաթուղին քանդել, դուք կարող էիք Իրանի հետ երկաթուղային հաղորդակցություն ունենալ, ինչպես Խորհրդային Միության տարիներին, իրենք իրենց ձեռքով քանդել են, հիմա փորձում են վերականգնել, թող վերականգնեն, դա Հայաստանին վերաբերելու խնդիրը չէ: Եթե խնդիրը կապված է Թուրքիայի հետ, ապա ոչ թե Թուրքիան է շրջափակվել, այլ Թուրքիան է մեզ շրջափակել 1993թ. ապրիլի 1-ից, երբ Քարվաճառի ազատագրումից հետո թուրքերը հայտարարեցին, որ Գյումրի-Կարս ճանապարհը կփակենք, մինչև այդ տարածքը ետ չվերադարձվի Ադրբեջանին, հիմա այդ խնդիրը չկա, գրավել են Քարվաճառը, ինչո՞ւ Թուրքիան սահմանները չի բացում, երևի լուրջ քաղաքական խնդիրներ են, բացի տնտեսականից»,- ասաց Քոչինյանը:
Վերադառնալով մեր խնդրին, թե ի՞նչ կշահի Հայաստանն այս ապաշրջափակումից, նախկին նախարարն ասաց.
«Բեռների փոխադրումը դեպի արևելք և արևմուտք՝ Ադրբեջան և Թուրքիա, ես մոտ ապագայում չեմ տեսնում, դեպի հյուսիս և հարավ՝ Իրան և Ադրբեջանի տարածքով՝ դեպի Ռուսաստան, տեսնում եմ, որ այդպիսի հնարավորություն կարող է ստեղծվել, բայց մենք հաճախ մտածում ենք, որ եթե տեխնիկական խնդիրները լուծեցինք, ապա ամեն ինչ դրանով ավարտվեց, և կարելի է հանգիստ խղճով բեռներ ուղարկել, մարդկանց փոխադրում կազմակերպել, բայց մեծ խնդիրներ կան, որ պետք է ուշադրություն դարձնել, որոնցից առաջինն անվտանգության խնդիրն է, եթե այդ խնդիրները լուծում ենք, ապա անմիջապես հետևում է հարցը՝ ի՞նչ գնով: Ի վերջո, ցանկացած սեփականատեր, տվյալ դեպքում՝ դիցուք, Ադրբեջանի երկաթգծի սեփականատերը՝ պետություն թե մասնավոր, սակագներ են սահմանելու մեր բեռների համար, ի՞նչ սակագներ, դրանք կլինեն ուրիշների համար սահմանվածի սահմաններում, թե ավել, թե պակաս»:
Քոչինյանի խոսքով՝ պետք է նաև հաշվարկել, թե պատրա՞ստ է Հայաստանը տարածաշրջանի ապաշրջափակմանը, պատրա՞ստ են մեր ճանապարհներն այդ ծավալի բեռնափոխադրումների համար: Անդրադառնալով հայտարարության՝ Մեղրիով դեպի Նախիջևան Ադրբեջանի համար ճանապարհ ապահովելու կետին, Քոչինյանն ասաց.
«Ինձ մի բան ուրախացրեց վերջերս, մեր Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Մեղրիում հսկողություն իրականացնելու են մեր զինված ուժերը, մինչև այս հայտարարությունը մտածում էի, թե ո՞ւմ վերահսկողության տակ է լինելու: Շատ ուրախ կլինեմ, որ Վաղարշակ Հարությունյանի ասածն իրական լինի, եթե այդպես չի լինելու, ապա ում վերահսկողության տակ էլ լինի՝ ի վնաս մեզ է լինելու: Մեղրիում միջանցք չպետք է լինի, պետք է լինի սովորական տարանցիկ ճանապարհ՝ երկաթուղային, ավտոմոբիլային, ինչպես ուզում է՝ լինի, մի կետում՝ մաքսակետ, մյուս կետում մաքսակետ, բոլորը գալիս-գնում են, միջազգայնորեն ընդունված բոլոր չափորոշիչներով: Այստեղ մենք չենք կորցնի, կշահենք, աշխատող ճանապարհն իր շուրջն ակտիվություն է ստեղծում, իսկ եթե պետք է միջանցք լինի, ապա միջանցքը կունենա նաև տեր, եթե տերը մենք չենք, ուրեմն ռիսկերը կմեծանան»,- ասաց նա: