Քոչարյանը Անդրանիկը կորցրել է հոտառությունը

Ինչպես և կանխատեսելի էր՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ծավալուն հարցազրույցն իշխանական ներկայացուցիչների համար բավականին ցավոտ հետևանք ունեցավ։ Իշխանության տարբեր դեմքեր փորձեցին այս կամ այն չափով հակադարձել կամ ուղղակի խոսել «գալոչկայի» համար։

Հատկանշական է այն, որ ներկայացված «քննադատությունն» ու հակադարձումը հիմնականում ոչ մի էական միտք ու բովանդակություն չեն պարունակում․ դա ուղղակի արվում է, որպեսզի իրենց քաղաքական շեֆերին զեկուցեն, թե՝ թեմայի հետ կապված «բան ենք խոսել»։

Նախօրեին իշխանությանը սպասարկող լրատվականներից մեկով ծավալուն հարցազրույց էր ներկայացրել իմքայլական Անդրանիկ Քոչարյանը՝ փորձելով իբր տարբեր թեզերով ու պնդումներով հակադարձել Սերժ Սարգսյանին։ Երբ կարդում ես Քոչարյան Անդրանիկի մտքերը, նախագահ Սարգսյանին ուղղված վիրավորական խոսքերից ու «աբիժնիկ» պահվածքից զատ, ոչ մի բովանդակային ու մասնագիտական քննադատություն չես գտնում, սա խոսում է այն մասին, որ գործ ունենք հերթական դատարկախոսության հետ։

Խոսելով Անդրանիկ Քոչարյանի մասին՝ չենք կարող չխոսել նրա դառն անցյալի ու անհասկանալի կարիերայի մասին։ Երբ 1988թ․ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, 1993-ին նա նշանակվեց ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ, շատերն են հիշում, թե ինչ ճակատագրի արժանացան խոշորամասշտաբ վագոններով Հայաստան եկած բեռներն ու մի քանի հազար տոննայի հասնող շինանյութերը։ Ինչպես նաև, երկրաշարժից անմիջապես հետո, Գյումրիի շինարարական կազմակերպությունները ստացել էին նաև արտասահմանյան՝ ճապոնական (KATO), գերմանական (LIBSHER) մակնիշի ավտոկռունկներ, էքսկավատորներ, բուլդոզերներ և տարատեսակ այլ տեխնիկաներ։ Քոչարյան Անդրանիկն այդ ողջ տեխնիկան նախ հավաքել է մեկ կառույցի մեջ, որից հետո բոլորը դուրս է տարել հանրապետության տարածքից։ Շիրակում Քոչարյան Անդրանիկ ասելով՝ ամեն ինչ ասված էր։

Իր քաղաքական գործունեության շրջանում միակ կարևոր ձեռքբերումը, որ երբևէ նա ունեցել է, այն է, որ ժամանակին եղել է Վազգեն Սարգսյանի օգնականը։ Տեղեկությունները շատ են, թե նա պատերազմի օրերին ինչպես է «կառավարել» վառելիքի մատակարարումը։ Ըստ այդմ՝ այդ չարաշահումներն այնքան լուրջ ծավալների էին հասել, որ պատերազմի ամենակարևոր և ճակատագրական պահին դիզվառելիքն ընդհատումներով էր հասնում սահման, և դա Քոչարյան Անդրանիկի կարևոր նվաճումներից էր։

Նրա հաջորդ «ժայթքումը» տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ողբերգությունից րոպեներ անց, երբ Վահան Շիրխանյանի հետ փորձում էր վայրկյան առաջ ռազմական հեղափոխություն իրականացնել։

Կարևոր է առանձնացնել այն, որ Ա․ Քոչարյանի մոտ որոշակի հոգեբանական բարդույթ կա, և նա կարծես թե մի յուրահատուկ ինքնահաստատման խնդիր ունի․ հավանաբար հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ իր գրեթե բոլոր հարցազրույցներում ու ասուլիսներում նա անընդհատ շեշտում է այն, որ ինքը «կանգնած է եղել բանակի ստեղծման ակունքներում», սակայն զարմանալին այն է, որ միայն այս ապիկար իշխանությունը փորձեց օգտվել բանակի այդ «ռահվիրայի» գիտելիքներից։ Նա պարբերաբար փորձում է դեմքի լուրջ արտահայտությամբ բանակի հետ կապված ինչ-ինչ խորքային «վերլուծություններով» ու անհասկանալի դատողություններով հանդես գալ, կամ, ասենք, գնահատական տալ որևէ իրադարձության հետ կապված, սակայն այդ ամենը դասական դատարկամտություն է, և այն հանգամանքը, որ հաճախ ոլորտի իրական պրոֆեսիոնալներն անվտանգության փաստը հաշվի առնելով՝ չեն հակադարձում նրան, իշխանության «բանակագետին» թվում է, թե ինքը լուրջ մասնագետ է, այնինչ հիմա բոլորս ենք տեսնում, թե ներկայումս ինչ պատկեր ունենք բանակում (շարքային ծնողից մինչև անվտանգության ոլորտի փորձագետ շատ լավ գիտեն, թե ինչ վիճակ է տիրում այսօր հայկական բանակում, ուղղակի ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ դրա մասին չեն բարձրաձայնում)։

Անդրանիկ Քոչարյանի մյուս քաջագործություններից է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հայտնի պատմությունը։ Երբ Քոչարյանը նշանակվեց այդ հանձնաժողովի նախագահ, նա ուրախությունից ցայտնոտի մեջ էր, իր խոսքում անընդհատ շեշտում էր, թե՝ «սպասեք և ձեր բոլոր հարցերի պատասխանը կստանաք»։ Այս հանձնաժողովի եզրակացությանը սպասում էին հանրության լայն շրջանակներ, սակայն մինչ օրս այն չի հրապարակվել։ Ի դեպ՝ նշենք, որ տեղի ունեցածն ակնհայտ օրենքի խախտում է, քանզի արդեն պատրաստ զեկույցը պետք է հրապարակել սահմանված իրավական կարգին համապատասխան, ինչը փաստացի չի կատարվել, և Քոչարյանի կողմից այդպես էլ որևէ պարզաբանում չի ներկայացվել։

Այս ամենին հավելենք այն հայտնի միտքը, որ բոլորովին վերջերս հնչեցվեց Քոչարյանի կողմից, այն է՝ «Ադրբեջանի հետ պետք է դիվանագիտական հարաբերություն հաստատել»։ Կհամաձայնեք, որ սա ակնհայտ հակաազգային ու հակահայկական հերթական նախագիծն է, որն իրականացվում է օրվա իշխանությունների կողմից։

Ամփոփելով՝ նշենք, թե հատկապես ինչի համար էր հուզվել պարոն Քոչարյան Անդրանիկը։ Ինչպես հիշում ենք, Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում խոսել էր ՊՆ-ին շրջանցելով տարբեր գործարքներ իրականացնելու փաստի մասին, մասնավորապես, նա առանձնացրել էր 600 դոլարով զրահաբաճկոն գնելու դեպքը։ Ըստ օդում ճախրող լուրերի՝ պատերազմի օրերին այդ գործարքները համակարգել են իշխանության տարբեր ներկայացուցիչներ, որոնց թվում՝ նաև Անդրանիկ Քոչարյանը։ Տվյալ անձինք նախաձեռնում են պատերազմի կարիքների համար գնումների գործընթացներ, որն անում են «Հայաստան» հիմնադրամից ստացված գումարներով, շրջանցելով ՊՆ-ն։ Բացի զրահաբաճկոնների ուռճացված գնումներից, կա ևս մի պատմություն, որ 11 միլիոն դոլար գումարի գնում են իբր կազմակերպում, կանխիկացնում են այդ գումարը, և մինչ այսօր հայտնի չէ դրանց ճակատագիրը։

Արթուր Գասպարյան

Տեսանյութեր

Լրահոս