Բաժիններ՝

Ի՞նչ հավաքածուներ ունեն լրագրողները-2

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ժամանակին նամականիշներ է հավաքել: Այժմ այլևս հավաքածուն չի համալրում: Փոխարենը ընկերներից մեկին օգնում է համալրել հավաքածուն: Բ. Նավասարդյանի ընկերը աշխարհի տարբեր հյուրանոցների պլաստիկ-էլեկտրոնային բանալիներ է հավաքում:

Իսկ Երևանի մամուլի ակումբի  մոնիթորինգի խմբի ղեկավար,  տեղեկագրի խմբագիր Էլինա Պողոսբեկյանը բնական նյութերից պատրաստված՝ քարերից և փայտից փոքրիկ ձվեր է հավաքում: Մանկության տարիներին խաղալիք կոկորդիլոսներ, բացիկներ, նամականիշներ, մետաղադրամներ և լուցկու հետաքրքիր տուփեր է հավաքել: Էլինա Պողոսբեկյանը նաև պատկերազարդ մագնիսների մեծ հավաքածու ունի:

Բոլոր այն քաղաքներից, որտեղ լինում է և որոնք նա սիրում է՝ իր հետ բերում է: Կամ ընկերներն են բերում այն բոլոր քաղաքներից, որտեղ Էլինա Պողոսբեկյանը ցանկանում է երբևէ լինել: Էլինան ձվեր սկսել է պատահական հավաքել: Մի անգամ նա բնական քարից մի ձու է տեսել վաճառքում, վերցրել է ձեռքը և այլևս չի ցանկացել հրաժեշտ տալ փոքրիկ և շատ գեղեցիկ այդ ձվին:

 

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ասում է, որ շատ դրական էներգիա էր զգում քարից, այդ իսկ պատճառով գնել է այն: Հավաքածուն մեծ չէ, բայց դեռ շարունակում է հավաքել: Էլինան, մի լավ սովորություն էլ ունի. Որևէ երկրում կովի կամ առյուծի քանդակներ տեսնելիս՝ անպայման լուսանկարվում է:

«Ինտերնյուզ» հասարակական կազմակերպության տնօրեն Նունե Սարգսյանը փոքրիկ սափորներ է հավաքում:

«168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, բացի գրքերից, նկարներից, գլխարկներից և հնաոճ կանացի կրծքազարդերից, նաև կովերի քանդակների հավաքածու ունի: Դրանք, սակայն, սովորական կովեր չեն, այլ աշխարհահռչակ` «Cow parade» արվեստային նախագծի կովերի փոքրիկ քանդակներն են:

 

««Cow parade»-ը խոշոր նախագիծ է, որն առաջին անգամ իրականացվել է 1999թ.` շվեյցարացի մի քանդակագործի կողմից:  Առաջին անգամ կազմակերպվել է Ցյուրիխում, այնուհետև աշխարհի մի քանի տասնյակ խոշոր քաղաքներում` Նյու Յորքում, Մադրիդում, Մոսկվայում, Բոստոնում, Տոկիոյում, Լոնդոնում, Հռոմում, Պրահայում, Փարիզում, և այլն, երեք տասնյակից ավելի երկրներում: Դա խոշոր իրադարձություն է և բարեգործական նպատակներ է հետապնդում: Պատրաստվում են իրական չափերի կովերի պլաստիկ քանդակներ` ըստ պրոֆեսիոնալ և երիտասարդ նկարիչների, դիզայներների, ճարտարապետների էսքիզների:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իրական չափերի այդ կովերը և դրանց փոքրիկ քանդակները վաճառվում են, և  գումարներն ուղղվում են մանկատներին, երեխաների և ծերերի պաշտպանությանն ուղղված բարեգործական այլ ծրագրերի: Իրական չափերի այդ կովերը շատ թանկ են վաճառվում: Կազմակերպիչներն իրականացրել են տասնյակ-միլիոնավոր դոլարների բարեգործական ծրագրեր: Փառատոնը շրջում է աշխարհով մեկ: Պրոֆեսիոնալ կամ երիտասարդ նկարիչներն ու դիզայներներն իրենց էսքիզներն ուղարկում են փառատոնի կազմկոմիտեին, լավագույններն ընտրվում են, որոնց համար հեղինակներին հոնորար է վճարվում:

Միայն արգելվում են քաղաքական, կրոնական, պոռնոգրաֆիկ, ինչպես նաև ալկոհոլ և ծխախոտ, թմրանյութեր պրոպագանդող մոտիվներով էսքիզները: Շատ գեղեցիկ են, հնարավոր չէ անտարբեր լինել դրանց նկատմամբ: Արդեն քանի տարի է` հավաքում եմ, մոտ երեք տասնյակ նման կովեր ունեմ: Իհարկե, իմ կովերն իրական չափերի չեն… Այդ հսկա` 1մետր բարձրության և 60կգ քաշով կովերից ձեռք են բերել ԱՄՆ նախկին նախագահ Բուշ ավագը, Անգլիայի թագուհին, Էլթըն Ջոնը…

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մի քանի տարի առաջ փառատոնը կազմակերպվել էր Մոսկվայում, և իրական չափերի կովերի քանդակներ էին ձեռք բերել Լեոնիդ Պարֆյոնովը, Անդրեյ Մակարևիչը, Բորիս Գրեբենշչիկովը: Իմ կովիկների մեծ մասն ինքս եմ բերել տարբեր երկրներից, մի քանիսը` ընկերներս, քանի որ գիտեն հավաքածուիս մասին: Խնդիրը նրանում է, որ ոչ բոլոր երկրներում կամ քաղաքներում է հնարավոր այդ կովերից գտնել:

Կովը բարի կենդանի է, իսկ «Cow parade»-ի կովերը շատ գեղեցիկ են, լիքը հումոր կա այդ քանդակների մեջ: Մինչ օրս 3000-ից ավելի պատկերազարդ կովեր են ստեղծվել: Շատ ուրախ ու տրամադրություն ստեղծող քանդակներ են: Տղաս` Արամս էլ է շատ սիրում դրանց. շատ է  ոգևորվում կովերին տեսնելով` ձայներ է արձակում, ձեռքերն է թափահարում… Իհարկե, դեռ չեմ թողնում դրանցով խաղալ, որովհետև կարող է ջարդել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս