Մեծ Պահքի խորհուրդը
Ըստ Հայ եկեղեցու սահմանած կարգի՝ տարվա մեջ նախատեսված է գրեթե 160 պահքի օր, որից 117-ը՝ ծիսական: Պահքի օրեր են շաբաթվա չորեքշաբթին և ուրբաթը (բացառությամբ Զատկից մինչև Համբարձում ընկած ժամանակահատվածի): Բուն Բարեկենդանի երկուշաբթիից մինչև Ավագ Շաբաթ տևում է Մեծ պահքը, որի ժամանակ խորհուրդ է տրվում հրաժարվել կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, ձու), քանզի բուսական կերակուրներ ուտելով` թուլացնում ենք մեր մարմնական ցանկությունները: Մարդը պետք է հիշի, որ ինքը մարմնավոր էակ լինելուց բացի, նաև հոգևոր էակ է և ավելի շատ մտածի հոգևոր սննդի մասին:
Հավատավոր մարդու համար պահոց շրջանը մարմնական զսպվածության, աշխարհիկ հաճույքներից հրաժարվելու և աղոթքի միջոցով Աստծուն մերձենալու, Նրա բարեհաճությանն արժանանալու և երբեմնի կորցրած Դրախտը վերագտնելու հնարավորություն է:
Բացի դրանից պահեցողությունը նպաստում է նաև մարդու հոգևոր աճին ու զորացմանը: Պահեցողության հոգևոր իմաստի ու կարևորության մասին սուրբ հայրերը շատ են խոսել: Հովհան Ոսկեբերանը մեկնաբանելով պահքի խորհուրդը՝ գրում է. «Ցանկանում եմ, որպեսզի դուք, մաքրելով ձեր հոգիները, հրաժեշտ տաք զվարճանքներին և ամեն տեսակի անժուժկալություններին՝ գրկաբաց ընդունելով բոլոր օրհնությունների մորը՝ ողջախոհությանը, և բոլոր առաքինությունների ուսուցչուհուն՝ պահքին, որպեսզի դուք էլ բավականություն և մեծ հաճույք ստանաք, և պահքն էլ ձեզ համապատասխան սպեղանու արժանացնի: Բժիշկները, երբ մտադրվում են դեղամիջոց տալ նրանց, ովքեր ցանկանում են մաքրվել նեխած ու փչացած հյութերից, պատվիրում են ձեռնպահ մնալ սովորական կերակուրից, որպեսզի այն արգելք չհանդիսանա դեղամիջոցի ներգործության համար: Առավել ևս, մենք, պատրաստվելով ընդունել այս հոգևոր դեղամիջոցը, այսինքն՝ այն օգտակարությունը, որ առաջանում է պահեցողությունից, պետք է ժուժկալությամբ մաքրենք մեր միտքը և թեթևացնենք մեր անձը, որպեսզի անժուժկալությամբ աղտոտված պահեցողությունը չդառնա մեզ համար անօգուտ ու անպտուղ: Պահքը հոգու սնունդ է: Եվ ինչպես մարմնավոր կերակուրը պարարտացնում է մարմինը, այնպես էլ պահքն ամրացնում է հոգին, հաղորդ է անում նրան թեթև թռիչքի, ընդունակ է դարձնում վեր բարձրանալու և երկնայինը խորհելու՝ բարձրացնելով վեր այս կյանքի հաճույքներից և քաղցրություններից: Քանի որ հարբեցողությունն ու որկրամոլությունը ծանրացնում են մեր միտքը և մարմինը՝ գերության մատնելով հոգին»:
Հիշեցնենք, որ այս տարի Մեծ Պահքի պահեցողությունը սկսվում է փետրվարի 15-ից:
qahana.am