«Վերջին սուտն այն էր, որ հաղթելու ենք, բայց պարզվեց՝ Շուշին գրավված էր». Հոգեբան
«Հոգեբանության նոր ճյուղ կա՝ ստի հոգեբանությունը: Գերագույն սուտը սկսվեց «Հաղթելու ենք» բառակապակցությունից, երբ ազգն անընդհատ պահվում էր այն վիճակում, որ այդ սուտ կարգախոսը մտցնում էինք մեր մեջ, և այդ «հաղթելու ենք»-ի տակ մարդիկ առանց որևէ բանի գնում էին ռազմաճակատ, դրսից գումարներ էին ուղարկում, որովհետև կար հեռանկար, որ հաղթելու ենք»,- «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը։
«Մեզ ամեն օր տալիս էին բացարձակ սուտ տվյալներ, որը հետո պարզվեց: Ու դա սկսվեց հենց առաջին օրվանից: Մենք մինչև հիմա չգիտենք՝ առաջին երեք օրերի ընթացքում քանի՞ զինվոր է զոհել: Անընդհատ ասում էին, որ ամեն ինչ լավ է գնում: Վերջին սուտն այն էր, որ հաղթելու ենք, բայց պարզվեց՝ Շուշին գրավված էր»,- հավելեց հոգեբանը:
Հարցին՝ ի՞նչ գործիքակազմ է սուտը Նիկոլ Փաշինյանի համար, Իրինա Ծատուրյանը պատասխանեց. «Աչքակապություն, որպեսզի այն ծրագրերը, որոնք դեռ չեն իրականացվել՝ իրականանան: Ինձ մոտ այդ տպավորությունն է: 2018թ. ապրիլին այդքան մարդ ոտքի կանգնեց, որովհետև նախորդները խոշոր սխալներ արեցին, միշտ ունեցել ենք սոցիալական խնդիր, Արցախյան առաջին պատերազմից հետո խնդիրներն այդպես էլ չեն լուծվել, և ժողովուրդը հոգնել էր, արդեն չէր կարողանում լավ ապրել: Մեկ-մեկ մեր ազգի վրա զարմանում եմ նրա համար, որովհետև այնպիսի դառը պատմություններ ենք ունեցել, որ պետք է զգոն լինեինք: Եվ այն մեծ փոփոխությունը, որ արեցին 2018թ., շատ մարդիկ, տեսնելով, որ դա լավ բանի չբերեց, հիմա վախենում են էլի գնալ փոփոխության՝ մտածելով, որ ավելի վատ կլինի»:
Հոգեբանն ասաց՝ հիմա աշխատում է հադրութցիների հետ:
«Ասում են՝ Հադրութը հետ են վերադարձնելու: Այն սուտն այս ստով ուզում են հավասարակշռել: Իրենց են խաբում կամ իրենք իրենց են խաբում: Մնացել են այն մարդիկ, որոնք անձնագրով, մեկ շորով են փախել Հադրութից»,- նշեց Իրինա Ծատուրյանը՝ նկատելով, որ մեծ արտագաղթ է սպասվում:
Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին՝ հոգեբանն ասաց. «Համենայնդեպս, դարավոր քնից երևի ինչ-որ մարդիկ սկսեցին արթնանալ: Ես դրա հույսն ունեմ: Եթե առաջ բոլորն ասում էին, որ նա սա է արել, նա է արել, հիմա, այնուամենայնիվ, կասկած է մտնում, թե արդյո՞ք դա այդպես է եղել»: