ՄԻԵԴ-ը քննարկում է Ադրբեջանի խախտումները ԵԽ նախարարների կոմիտե տեղափոխելու հարցը

Ադրբեջանի կառավարությունը կոպտորեն խախտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից գերիների հարցով միջանկյալ միջոցների պայմանների կատարումը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունն անընդհատ բարձրաձայնում է այդ խախտումների մասին՝ Ադրբեջանի նկատմամբ ճշնումներն ավելացնելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Այս փուլում դատարանն արդեն քննարկում է հարցը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե տեղափոխելու հնարավորությունը. այն տանում է դեպի քաղաքական մարմին՝ նաև հիմք ընդունելով հանգամանքը, որ Ադրբեջանը շատ վատ է համագործակցում կամ առհասարակ չի համագործակցում դատարանի հետ և չի տրամադրում տեղեկատվություն: Եթե Ադրբեջանը գերիների վերաբերյալ ինչ-որ բան ուղարկում է, ապա ուղարկում է բավականին կցկտուր, ոչ ամբողջական, առանց մանրամասնությունների: Այդ պատճառով մենք էլ ենք անընդհատ պնդում, որպեսզի դատարանը հարցը տեղափոխի նախարարների կոմիտեի օրակարգ, որովհետև, կարծում ենք` ժամանակն է, որ գերիների հարցը այդ հարթակում քննարկվի»,- ընդգծեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ այդ հարթակում Ադրբեջանի նկատմամբ ճշնումներն էլ ավելին կլինեն:

Հարցին, թե ինչու է Ադրբեջանը փորձում գերիներին ներկայացնել որպես ահաբեկիչ, նրանք փորձում են ձգձգել գործընթացը, թե այլ մտադրություններ կան, Կիրակոսյանը պատասխանեց, որ դա Ադրբեջանի մարտավարությունն է` գերիներին ներկայացնելով որպես ահաբեկիչ փորձում են «արդարացնել» իրավական գործընթացի ձգձգումը: Ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի` նման քայլերով Ադրբեջանը փորձում է նաև միջազգային հանրությանը ներկայանալ «զոհի» կարգավիճակով, ինչն աբսուրդ է համարում:

«Դա աբսուրդին հասնող փորձ է, իրավական առումով որևէ քննադատության չդիմացող: Նման բան բացարձակապես չկա և ակնհայտ է, որ իրենք փորձում են նմանատիպ վարքագծով կասկածներն իրենցից վանել, որովհետև իրենք են ամբողջ պատերազմի ընթացքում օգտագործել վարձկաններ, ծայրահեղ ահաբեկչական խմբավորումներ և այլն, հիմա իրենք խոսում են ահաբեկիչների մասին: Կարծում եմ` տակտիկա է ուշադրությունը շեղելու համար, որը չի ստացվի»,- եզրափակեց Կիրակոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս