«Անձի մշտական բնակության վայրը ֆիզիկապես չունենք՝ թշնամու կողմից օկուպացված է, ինչպե՞ս կարող էր մշտական բնակության վայր ունենալ». Վահան Բադասյանի փաստաբան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հունվարի 29-ին բավարարել էր ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ Արցախի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Դատարանի որոշումից հետո Վահան Բադասյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն ասել էր, որ դատարանը, քննիչը ու դատախազը մտահոգություն ունեն, որ Վ. Բադասյանը կարող է թաքնվել նախաքննական մարմնից, և վերջիններս ռիսկ են տեսնում, որ Բադասյանը մշտական բնակության վայր չունի։
Նշենք, որ Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
168.am-ի հետ զրույցում Արայիկ Պապիկյանն ասաց, որ համոզված էր, որ Վահան Բադասյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումը չէր կարող ընտրվել։
«Այս համոզմունքն օբյեկտիվ էր, նույնիսկ մինչև դատարանի կողմից միջնորդության քննությունը, դրա հիմքերը կար։ Նախ, առաջինը՝ նրան առաջադրված մեղադրանքը ճիշտ չէր, բացի այդ, կալանավորման հիմքեր չկար։ Դատարանի որոշումը բողոքարկելու ենք և սա բողոքարկելու ենք ոչ թե՝ որպես պաշտպանական կողմ, այլ բողոքարկում ենք, որովհետև չի համապատասխանում արդարադատության չափանիշերին, հետևաբար՝ խախտում է պարոն Բադասյանի իրավունքները։
Որպես կալանավորման հիմք՝ վկայակոչվեց այն, որ Վահան Բադասյանը չունի մշտական բնակության վայր և կարող է դրա հիմքով թաքնվել վարույթ իրականացնող մարմնից։ Ե՛վ գրավոր, և՛ բանավոր մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք։ Նախ, առաջինը՝ պիտի հասկանանք, թե ում մասին է խոսքը․ Վահան Բադասյանը դատարանում հայտարարեց, որ շահագրգռված է, որպեսզի օբյեկտիվ քննություն տեղի ունենա և ճշմարտությունը բացահայտվի, հետևաբար՝ ինչո՞ւ պետք է խուսափի քննությունից»,- նշեց Արայիկ Պապիկյանը։
Ինչ վերաբերում է մշտական բնակության վարին, ապա, ըստ փաստաբանի՝ այդ ամենը շատ անհեթեթ է հնչում։
«Անձի մշտական բնակության վայրը ֆիզիկապես չունենք, որովհետև թշնամու կողմից օկուպացված է, ինչպե՞ս կարող էր նա մշտական բնակության վայր ունենալ։ Երևանում նրա ժամանակավոր բնակության հասցեն հայտնի է, որը չի թաքցրել։ Մեղմ ասած, արդարադատությունը և դատական ակտն այդպես հիմնավորելը պարզապես ծանր հարված է արդարադատությանը»,- եզրափակեց Արայիկ Պապիկյանը։